Ամեն դեպքում՝ «կզում» ենք

Ամեն դեպքում՝ «կզում» ենք
Ամեն դեպքում՝ «կզում» ենք

Ես չգիտեմ՝ որևէ պատերազմում, որևէ դերբիում եղե՞լ է արդյոք այդքան անզիջում պայքար, ինչպիսի պայքար կա երևանյան երթուղայիններում՝ մեկ քառակուսի սմ կանգնելու տարածքի համար:

Վերտառության մեջ առկա՝ «կզում» ենք եզրը կարելի էր փոխարինել ավելի պատշաճ՝ «կռանալ» եզրով: Սակայն տիեզերքը բառակենտրոն է: Յուրաքանչյուր իրավիճակ ունի իր բնութագիրը: Երբևէ փորձե՞լ եք պատկերացնել, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե մոտենաք պատահական անցորդի ու խնդրեք նրան կռանալ: Մի՛ պատկերացրեք:

Մենք հաճախ ենք սիրում խոսել մեր՝ հին ազգ լինելու մասին: Հաճախ կարող ենք լսել ճառեր հնամենի մշակույթի ու քաղաքակրթության մասին: Հաճախ կարող ենք հանդիպել ծաղրի այլոց՝ մեզանից առավել զարգացածների նկատմամբ: Ամեն երրորդից կարող ենք լսել՝ «ես կզող չեմ»: Բայց արի ու տես, որ կզում ենք ինքնակամ, պարտադրված ու այլընտրանք չունենալու պատճառով: Խնդիրը սոցիալական է, խնդիրը մշակութային է, խնդիրը ընկալումների դաշտում է: Ու այստեղ է, որ առաջանում է հպարտի ու «կզողի» հակասությունը:

Երթուղայինները դարձել են մեր կենսաձևի անբաժան մասը: Դրանք մեր հոգեվիճակի արտացոլումն են ու հասարակական հակասական արժեքների յուրատեսակ խտացումը:

Երթուղայինները՝ իրենց կենցաղով, անխնամ ու ղեկին ծխող վարորդներով, գիտակցությանդ հետ բռնության ծեսի մեջ մտնող երաժշտությամբ, խոսույթով ու կոնֆլիկտներով, հիշեցնում են արևելյան բորբոս շուկա: Այդ միջավայրը շատ հեռու է զարգացած ազգ լինելու մեր թյուր պատկերացումներից:

Տարատեսակ նոր հոտերով միջուկային զենքերի ստեղծումը այդ նույն երթուղայիններում խոսում է մեր աշխատավոր լինելու, իրավամբ՝ քարից քրտինքով հաց քամելու մասին: Սակայն կարիք չկա այդ քրտինքն ի ցույց դնել և պարտադրել այլոց: Բայց, չէ՛… անհրաժեշտ է: Պետք է բոլորն իմանան, որ մենք քրտնաթույր աշխատավորներ ենք:

Երթուղայիններում երևում է մեր հարմարվողականությունը: Նկատե՞լ եք, երբ երկու մարդու համար նախատեսված հատվածում նստում են երեք մարդ, արդեն հետո, տեղ ազատվելու դեպքում անգամ, նրանք շատ դժվարությամբ են բաժանվում այդ նեղվածքից կամ ընդհանրապես չեն բաժանվում: Կասեք՝ սովորական է: Իսկ ես կասեմ՝ բնավորություն է:

Երթուղայինը ցույց է տալիս ազգիս մի մասի սեռաքաղցությունը: Սա նույնպես «քուչի ճշտի» ու ավանդութայինի ընկալման, արտացոլումների դաշտի հակասության կծիկ է: Դա արտահայտվում է հատկապես այն պահերին, երբ երկու սեռաքաղց պարմանի կամ երիտասարդ անողոք պայքար են մղում իքս աչոնիկի կիսացցուն հետույքին դույզն-ինչ մոտ գտնվելու կամ ավելի հպվելու համար: Բայց րոպեներ անց այդ նույն սեռաքաղցը, Սև շենքի մոտ կամ Ռոմանոյի բուֆետում, «լավ քվոր ճշտի համար բազառ ա բռնելու»: Ու էլի բնութագրող հակասություններ: Հակասություններ, որոնք գեղեցկացնում են տիեզերքը, սակայն սույն դեպքում աղճատում են մեր վարքագիծը:

Ու միևնույն է, սա կարդալուց հետո առավոտ կարթնանանք, կենաց ու մահու պայքար կմղենք մեր մեկ սմ կանգնելու տեղի համար, կաճապարենք աշխատավայր՝ մսխած լինելով օրվա էներգիան ու օրվա հպարտության չափաբաժինը, բայց մերժելու ու պահանջատեր լինելու էներգիա չենք ունենա, զահլա չենք դնի, քանի որ սովորել ենք «յոլա» գնալու մշակույթին: «Յոլան» մեր մեջ է ու արմատացած:

Մի սոցիալական բողոք:

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am