Մեզ թույլ չեն տա փակել «Ղարաբաղյան էպոխան»

Վահրամ Թոքմաջյան

Շատերին թվում էր, թե հայաստանյան հասարակության զգալի մասը հաղթահարել է պատերազմի հետեւանքները եւ անցել իր բնականոն կյանքին։ Բայց այստեղ կա մեկ նրբություն՝ «Ղարաբաղի հարցը դեռ Երեւանի կենտրոնում չի պայթել»։ Աղետալի պատերազմի հետեւանքների մի զգալի փունջ նոր-նոր է ի հայտ գալիս։

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում է, որ բոլորը բոլորի հետ հարցեր ունենան։ Մարդկանց պատել է բնական մեղավորության զգացողությունը՝ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով։ Մի մասը փոշմանել է, որ ժամանակին մերժել է ռացիոնալ ելքերը, մյուս մասն է՛լ ավելի է մոլորվել պատրանքների մեջ, երրորդ հատվածը դեռ հավատում է, որ հնարավոր է ինչ-որ բան փոխել, չորրորդ մասն անզորությունից պարզապես հայհոյում է, մյուսները՝ սնունդ են հավաքում, հաջորդները՝ միտինգ կազմակերպում, վերջինները՝ կոչեր հնչեցնում, ու այս խառնարանում գիտակցության մեջ շաղվում են Բոսխի սարսափազդու պատկերները։

Իսկ ինչո՞ւ են ճիշտ բոլոր այդ մարդիկ։ Ազնիվ մարդկանց խնդիրը զուտ զգայական դաշտում է։ Հայրենակիցների նկատմամբ կարեկցանքի դաշտում։ 

Արցախում մնացել են մարդիկ, որոնց 99 տոկոսն այլեւս չի կարող ասոցացվել «Ղարաբաղյան կլանի» հետ։ «Ղարաբաղյան կլան» կոչվածը շատ վաղուց վայելում է 30 տարվա ծծածը Երեւանում, լոսերում, մոսկվաներում եւ ամենուր։ Վայելում է ի հեճուկս անկարողունակ ու ստախոս իշխանության եւ այդ իշխանության քթի տակ կամ քթի հետ՝ հայաստանյան օրթախների հետ համերաշխ։

Արցախում մնացել են մի քանի տեսակի մարդիկ։ Մարդիկ, որոնք նվիրված են իրենց հողին, մարդիկ, որոնք գնալու տեղ չունեն, մարդիկ, որոնք պատրաստ են նահատակ լինել, եւ քիչ մաս, բայց մարդիկ, որոնք պատրաստ են ապրել Ադրբեջանում (վերջինն ասում է Արցախի արդեն ԱԺ նախկին նախագահը)։ Եւ ահա, հայաստանյան հասարակության ազնիվ մղումներով խմբերի գործողություններն ուղղված են այդ մարդկանց։ Նրանց զգալի մասը պարզապես չգիտի՝ ինչ անել եւ ինչ-որ բան անում է նաեւ յուր խղճի հանգստության համար։

Այլ են քաղաքական հացկատակների, պսեւդոինտելեկտուալների, տարբեր փուլերում իշխանություն ունեցածների եւ ունեցողների, իրենց հուզառատ մայրեր ու հայրեր երեւակայող հանրային դեմքերի զգալի մասի միտումները։ Նրանք շարունակում են մտածել իրենց գրպանի, հետույքի, քաղաքական թիկունքի, կարիերայի մասին։ Ինչպես մի հայտնի խմբի համար է Ցեղասպանության ճանաչումը տասնամյակներ շարունակ բիզնես դիտարկվում, նույնն է նաեւ սրանց համար՝ Արցախում ստեղծված վիճակը։ 

Եւ նորից մեղադրել պետք չէ, պարզապես հասարակությունն է մեղք, որովհետեւ լսելով սրանց՝ նոր պատրանքների գիրկն են ընկնում, ու հետո վայրէջքն էլ ավելի ցավոտ է լինելու։ Ավելի ցավոտ, քան եղել է։ 

Սրանց նույնպես կարելի է հասկանալ։ Բայց այդ ընկալելը նողկալի է։ Սրանք ունակ չեն երբեւէ ներողություն խնդրել մի ողջ հասարակությանը բթացնելու ու իրականությունից կտրելու համար, որովհետեւ հերթական աղետի դեպքում շարունակելու են իրենց տաքուկ դիվաններից անգլիալեզու լսարանի համար ստատուսներ գրել կամ հեռուստատաղավարներում համառ կենդանու ինտելեկտից էլ ցածր փայլատակումներով հասարակությանը տանել նոր ողբերգության։ 

Վերջում, բնականաբար, կհոխորտան միջազգային կառույցների հասցեին, կմեղադրեն «քցող ռուսներին» եւ «պիղծ Արեւմուտքին», այդպես էլ չհասկանալով, որ չի կարող մի ողջ հավաքական հանրույթ 2000 տարի անընդհատ սխալվել ու կորցնել, սխալվել ու կորցնել։

Հայոց քաղաքական միտքը, Խրիմյան Հայրիկից մինչ այսօր, փոքրիկ բացառությամբ (90-ականներ), մեկ էական փոփոխություն է կրել. Խրիմյանի լացի լեզվին եկել է փոխարինելու ռուբինյանների վարժ ու կիսավարժ անգլերենը։ Տեքստը նույնն է՝ փրկեք տառապյալ ազգիս։ 

Սերժ Սարգսյանի նամակ-փրկության խնդրանք-աղաղակը մեր հավաքական անզորության մասին էր, անկախ, թե ինչպես ենք վերաբերվում Սարգսյանի անձին։ 

Ղարաբաղում ապրող հայերին փրկել է պետք։ Փրկելու միակ ելքն այնտեղ ապրող մարդկանց էվակուացիան է Հայաստան։ Բայց մեզ դա էլ թույլ չեն տա։ Թույլ չի տա Ալիեւը, որը պետական շահերից զատ, նաեւ անձնական վրեժ է լուծում։ Իսկ անձնական մոտիվը պատմության մեծագույն՝ թե՛ բարի, թե՛ չար շարժիչ ուժն է։ Թույլ չի տա ռուսը։ Թույլ չի տա, քանի որ դա կվերացնի իր գոյության հիմքերը՝ թեկուզ խաղաղապահ կոչվող շոուի տեսքով։ Եւ ընդհանրապես, մեզ թույլ չեն տա փակել «Ղարաբաղյան էպոխան», որքան էլ դա ուզենք թե չուզենք։

Սիրելի՛ ընթերցող, գիտեմ, որ այս տեքստի վերջաբանը բավականին դաժան է, բայց դա է իրականությունը։ «Ղարաբաղյան էպոխան» ինչ-որ պահի պետք է փակվի։ 

Անշուշտ կստեղծվեն Շուշի, Հադրութ հայրենակցական միություններ, հերթական անգամ բանաստեղծություններով ու երգերով կթքենք եվրոպական պիղծ չինովնիկների դեմքերին, Ուտրեխտում ապրող ռուսական ակցենտով մի հայուհի միտինգ կանի Ստրասբուրգում՝ արժեւորելով իր ազգայինը եւ կարեւորված մարդու տեսքով կգնա յուր գործերին, հայասիրական շրջանակները դրամահավաքներ կանցկացնեն, իսկ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ջանասիրաբար կսգա հայրենիքի հերթական հատվածի կորուստը։ 

Ու կշարունակվի այն, ինչ շարունակաբար տեղի է ունենում գրեթե 2000 տարի։ 

Բայց այդպես էլ քաջություն չենք ունենա «Ինչո՞ւ» կարեւորագույն հարցը տալու եւ քիմքին ոչ հաճո պատասխաններ գտնելու։ Չենք ունենա, որովհետեւ իշխանությունը տգետ է, ընդդիմությունը՝ զազրախոս, իսկ բանականությունը՝ բռնաբարված։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am