Խանութի ուղղությամբ կրակոցներ արձակած անձին ու հրացանը Ստեփանավանի ոստիկանները հայտնաբերել են. Տեսանյութ

Նոյեմբերի 30-ին, ժամը 3-ի սահմաններում, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արծվաբերդ թաղամասում կրակել են մթերային խանութի ուղղությամբ, ինչի հետևանքով ապակիները կոտրվել են:
Օպերատիվ խումբը մեկնեց նշված հասցե: Կրակոցների հետևանքով վնասվել էր նաև խանութի սրահը: Դեպքի վայրի զննությունը ցույց էր տալիս, որ որսորդական հրացանից էին կրակել, իսկ թե ով, ինչ հանգամանքներում՝ դեռ հարկավոր էր պարզել:

Բացահայտման ուղղությամբ անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկվեցին: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզ դարձավ, որ հանցավոր արարքը կատարել է Ստեփանավան քաղաքի Նանսենի փողոցի 31-ամյա մի բնակիչ: Նույն օրը, ժամը 6-ի սահմաններում, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ստեփանավանի բաժին:

Նա խոստովանել է, որ գիշերը ալկոհոլային խմիչքի ազդեցության տակ իր «ԻԺ» տեսակի որսորդական ողորկափող հրացանով 5-6 անգամ կրակել է խանութի ուղղությամբ և դիտավորությամբ վնասել գույքը:
Որսորդական հրացանը վերցվել է: Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է, տեղեկացնում է ոստիկանությունը։