«Բարձրագոչ հայտարարություններ են արվում, թե նախկինում անձեռնմխելի համարված այսինչ այսինչյանին մեղադրանք է առաջադրվել, բայց ո՞ւր է ընթացքը, ո՞ւր է արդյունքը». Նինա Կարապետյանց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան, փաստաբանական գործունեություն իրականացնող Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, այսօր ԲԴԽ-ն մերժեց արդարադատության նախարարի միջնորդությունը, և դատավորներից մեկի նկատմամբ կարգապահական վարույթ չկիրառվեց: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս որոշումը:

– Այս պահին, անկեղծ ասած, կդժվարանամ գնահատական տալ, որովհետև ամբողջական որոշման տեքստին ծանոթ չեմ, իսկ գնահատական տալու համար պետք է ծանոթանալ որոշման հիմնավորումներին, պատճառաբանություններին և այլն:

Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, ես կարող եմ ասել, որ այս գործընթացը ինձ համար այդքան էլ հասկանալի չէ:

– Նկատի ունեք՝ դատավորների նկատմամբ ԲԴԽ-ի միջոցով վարույթներ հարուցելու գործընթա՞ցը:

– Այո՛, բոլոր դատավորների հետ կապված այս գործընթացը ինձ համար անհասկանալի է: Հատկապես տարօրինակ է այն, որ առանձին հարցերում խտրական մոտեցում է ցուցաբերվում՝ մի դատավորի նկատմամբ հարուցել, մյուսի նկատմամբ՝ ոչ: Բայց, կրկնում եմ՝ քանի դեռ չկան ԲԴԽ-ի որոշման հիմնավորումները, շատ դժվար է գնահատական տալը:

– Դատավորները օրերս հայտարարությամբ են հանդես եկել, քննադատում էին արդարադատության նախարարի վարքագիծը դատավորների նկատմամբ: Ի՞նչ կասեք այդ մասին, գուցե այսպես միջնորդություններ ներկայացնելով նախարարն իր վեթինգն է իրականացնում դատավորների նկատմամբ:

– Իրականում այդ հայտարարությունը տարածած դատավորների մեջ կան այնպիսիք, որոնց որոշումները Եվրոպական դատարանը համարել է ոչ իրավաչափ և իրավունքի խախտում արձանագրել: Հետևաբար այդ դեպքում այդ կոնկրետ դատավորները խիստ շահագրգիռ կողմ են: Բայց այն, որ գործընթացը որևէ կերպ վեթինգ կոչել չի կարելի, դա հաստատ է: Դա փոքրիկ, դետալային, իրավիճակին հարմարեցված լուծում է:

Այս գործընթացը պետք է շատ ավելի լայն, խորքային ու բովանդակային լիներ, և հեղափոխությունը դրա հնարավորությունը տալիս էր, բայց, ցավոք, իշխանությունները ժամանակին ոչինչ չարեցին այդ ամբողջական անցումային արդարադատության գործընթացն իրականացնելու համար:

Արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որտեղ մարդիկ և, հատկապես՝ դատավորներ, որոնք պետք է պատասխանատվության ենթարկված լինեին իրենց որոշումների համար, հիմա իրենց իրավունք են վերապահում բողոքի ակցիաներ կազմակերպել, հայտարարություններ տարածել:

Նորմալ է, եթե մի կողմը չի օգտագործում գոլ խփելու հնարավորությունը, ապա մյուս կողմն է այն օգտագործում: Իշխանությունները ոչինչ չարեցին, հիմա մյուս կողմն է օգտվում այդ բացթողումներից:

Ուղղակի ցավալին այն է, որ այդ ամենի հետևանքով մեր պետությունն ու պետականությունն են տուժում, մեր ինստիտուտները չեն կայանում, մենք ենք ժամանակ կորցնում: Այնպես չէ, որ մենք էլ պետք է նստենք ու որպես մի սուպերմարտաֆիլմ կողքից դիտենք: Այդպես չէ, իրականում դա ազդելու է մեր երկրի զարգացման վրա, ինչը մեզ շատ է մտահոգում: Իրականում երկուսն էլ մեղավոր են՝ և՛ իշխանությունները, և՛ դատավորները:

– Արդարադատության նախարարը այդ պաշտոնում նշանակվելիս մի քանի հայտարարություններ արեց հին ու կաշառակեր դատավորներից ազատվելու մասին, ինչին հաջորդեցին դատավորների նկատմամբ միջնորդությունների այդ հոսքը: Ի՞նչ եք կարծում, գուցե դա՞ է նախարարի պատկերացրած վեթինգը:

– Իրականում, Կարեն Անդրեասյանը շատ վատ ժամանակաշրջանում պաշտոնը ստանձնեց: Վատ այն իմաստով, որ փոփոխություններ անելու ժամանակաշրջանը այլևս կորսված էր: Այսինքն՝ ամեն ինչ ունի իր ճիշտ ժամանակը: Իրական անցումային արդարադատություն իրականացնելու ժամանակահատվածը հեղափոխությունից անմիջապես հետո էր, ու դա լինելու էր հեղափոխության տրամաբանական շարունակությունը:

Այս նախարարը գուցե շատ լավ մտադրություններ, ազնիվ մղումներ ունի, բայց օբյեկտիվորեն հնարավորություններ չունի անելու: Բացի այդ, այս իշխանությունները այդ համակարգը փոխելու ցանկություն այլևս չունեն: Դա արդեն իմ համոզմունքն է: Ավելին, ոչ միայն դատական համակարգը, այլ նաև դատախազական. ոչինչ չի արվում նաև այս համակարգը մաքրելու համար:

Այսօր էլ դատախազությունը հայտարարեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ինչ-որ գործեր ուղարկվել են դատարան, կան մեղադրյալներ, բայց ոչ մի հարց չի տրվում, թե ուր էին, ինչով էին զբաղված կամ ինչ արժեր այդ կոռուպցիան չտեսնելը: Քանի դեռ այդ հարցերը չեն տրվել, ու այդ մարդիկ շարունակում են պաշտոնավարել, դու ոչինչ չես ստանա:

Բարձրագոչ հայտարարություններ են արվում, թե նախկինում անձեռնմխելի համարված այսինչ այսինչյանին մեղադրանք է առաջադրվել, բայց ո՞ւր է ընթացքը, ո՞ւր է արդյունքը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am