«Իշխանությունները «Մարտի 1»-ի բացահայտման խնդիր չեն էլ ունեցել, իրենք ունեցել են պոպուլիստական խնդիր, և այս շոուն էլ տապալվեց». Վարդան Հարությունյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

– Պարո՛ն Հարությունյան, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի նկատմամբ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Սրանով, ըստ էության, «Մարտի 1»-ի գործը փակուղի՞ է մտնում։

– Սահմանադրական դատարանի վճռից հետո, իհարկե, պետք է այս գործընթացը հաջորդեր, ուրիշ բան ակնկալել հնարավոր չէր։ «Մարտի 1»-ի գործը քրեական հանցագործություն է, որը տեղի է ունեցել 2008 թվականին։

«Մարտի 1»-ի գործը բուն «Մարտի 1»-ը չէ միայն, 10 սպանությունները չեն։ Դա 2007 թվականի աշնանից սկսած, երբ նախագահի ընտրությունների նախընտրական արշավն սկսվեց, մինչև 2008 թվականի մարտը, ապա մարտի մեկից հետո ձգված քաղաքական դատավարություններն էին, ներառյալ մեր այսօրվա օրը։ Դա է «Մարտի 1»-ի գործը։

Ըստ էության, մենք այսօր ապրում ենք հետմարտիմեկյան շրջանում։ Մարտի 1-ն է ձևավորվել ու ձևակերպել մեր այս իրականությունը։ Եթե չլիներ մարտի 1-ը, չէր լինի այս Հայաստանը, չէր լինի այսպիսի Հայաստան։

Մենք կապրեինք բոլորովին այլ Հայաստանում, և նույնիսկ, կարող եմ պնդել, մենք կապրեինք բոլորովին այլ տարածաշրջանում, որովհետև իշխանության կգար ժողովրդի կողմից հավանության արժանացած ուժը, որը, շատ հավանական է, և՛ հարևանների, և՛ սեփական ժողովրդի հետ կձևակերպեր բոլորովին այլ երկխոսություն։

Հիմա այդ հանցագործությունը, որը տեղի է ունեցել, բացահայտելու համար պետք էր բոլորովին այլ մեխանիզմ։ Այդ մասին ես հաճախ եմ խոսել այս 2-3 տարիների ընթացքում։

Բայց հայաստանյան ներկա իշխանությունները գնացին բոլորովին այլ ճանապարհով։ Նրանք որևէ բարեփոխում չիրականացրեցին քրեադատական, դատական, արդարադատության համակարգում ընդհանրապես։

Նրանք փորձեցին մարտի մեկի կազմակերպիչների ձեռքերով և ուժերով «բացահայտել» «Մարտի 1»-ը։ Երբ հետադարձ հայացք ենք նետում, սկսում ենք հասկանալ, որ իշխանություններն այդ խնդիրը չեն էլ ունեցել։

Իրենք ունեցել են պոպուլիստական խնդիր՝ ժողովրդի համար ականջահաճո կամ աչք շոյող շոուներ կազմակեպելու։ Եվ ինչպես բոլոր շոուները, այնպես էլ այս շոուն տապալվեց։

Շատ է նշվում, որ դատական համակարգի ու իրավապահ համակարգի աշխատանքի հետևանքն է սա։ Այսինքն՝ այդ ոլորտներում բարեփոխումներ չիրականացնելը հանգեցրեց դրան։ Միայն դա՞ է, թե՞ իրականում քաղաքական կամք չկար։

– Ես, համադրելով վերջին ամիսների, գուցե նաև՝ վերջին մեկ տարվա զարգացումները, կարող եմ պնդել, որ իշխանություններն ընդհանրապես բարեփոխումների կամ փոփոխությունների ծրագիր չեն ունեցել։

Նրանք ամեն ինչ արել են հանուն ականջահաճո արտահայտությունների և հանուն իրենց թատրոնի, ծափահարություններ կորզելու։

Նրանք, իհարկե, կորզել են այդ ծափահարությունները մինչև վերջերս, հիմա արդեն նրանք այդ ծափահարությունները չեն կարող ստանալ։

– Հետևաբար, «Մարտի 1»-ի գործը փակվո՞ւմ է։

– Հետևաբար, այսօր «Մարտի 1»-ի գործը փակվում է, չկա։ Եթե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք «Մարտի 1»-ի գործը աղավաղել էին, խճճել, կոծկել, փորձել էին նույնիսկ կեղծել փաստերը, թաքցրել ու ոչնչացրել էին ապացույցները, ապա այսօրվա գործողությունների հետևանքով «Մարտի 1»-ն է՛լ ավելի մեծ փակուղի մտավ։

Սա չի նշանակում, որ այն երբևէ չի բացահայտվի։ Շատ հնարավոր է, որ լինի իրավիճակ, որ բացահայտվի։ Բայց հիմա արդեն այնքան խոր փակուղում է, որ այդ մասին շատ վաղ է խոսել։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am