ՌԴ-ն՝ Արցախի հարցով ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ գաղտնի բանակցությունների մասին

Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բարձրաստիճան ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից առաջ «գաղտնի» հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Ադրբեջանի 9-ամսյա շրջափակումը դադարեցնելու և տարածաշրջան հումանիտար օգնություն հասցնելու հարցերը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է POLITICO-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ինչպես նաև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ընթացքում հաստատել են, որ նման հանդիպում կայացել է։

Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում։ Ըստ POLITICO-ի աղբյուրի՝ դա ուղղված է եղել այն ջանքերին, որոնք պետք է գործադրվեին՝ ստիպելու Ադրբեջանին վերջ դնել Լեռնային Ղարաբաղի 9-ամսյա շրջափակմանը և թույլ տալ Հայաստանից հումանիտար օգնության մուտքը։

Ըստ հրապարակման՝ ԱՄՆ-ն ներկայացրել է Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն, Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը։

ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է հանդիպման մասին մեկնաբանություն տալ՝ ասելով․

«Մենք չենք մեկնաբանում դիվանագիտական մասնավոր քննարկումները»։Իսկ թեմային ծանոթ ԱՄՆ պաշտոնյան հայտնել է, որ քննարկումները տեղի են ունեցել՝ հիմնվելով այն բանի վրա, որ Ռուսաստանը դեռ ազդեցություն ունի տարածաշրջանում։

Դմիտրի Պեսկովը POLITICO-ի հրապարակմանն անդրադառնալիս նշել է, որ հոդվածում կային անճշտություններ, սակայն հաստատել է, որ «Ղարաբաղի հարցով որոշակի շփումներ եղել են»։

Մարիա Զախարովան նույնպես հաստատել է այս հանդիպումը։ Նա հայտնել է, որ ԵՄ-ն և ԱՄՆ-ն հանդիպում անցկացնելու համար դիմել են Ռուսաստանին՝ խնդրելով նման հանդիպում անցկացնել։ Ըստ Զախարովայի՝ կողմերը տեսակետներ են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ։