ՀԱԿ-ի չորս հանրահավաք մեկ օրում. ընդդիմությունը ակտիվացնում է բողոքի ակցիաները

ՀԱԿ-ի չորս հանրահավաք մեկ օրում. ընդդիմությունը ակտիվացնում է բողոքի ակցիաները
ՀԱԿ-ի չորս հանրահավաք մեկ օրում. ընդդիմությունը ակտիվացնում է բողոքի ակցիաները

Ընդդիմադիր ՀԱԿ-ը ուրբաթ ` դեկտեմբերի 3-ին,  Հայաստանի չորս քաղաքներում` Երեւանում, Մարալիկում, Հրազդանում եւ Իջեւանում, բողոքի ցույցեր է անցկացրել` պահանջելով ազատ արձակել հետընտրական զարգացումների արդյունքում անազատության մեջ հայտնված իրենց համախոհներին:
Ցույցերը տեղի են ունեցել Երեւանում, ինչպես նաեւ անազատության մեջ գտնվող ընդդիմադիրների ծննդավայրերում. Մարալիկում` ի պաշտպանություն ծնունդով մարալիկցի Հարություն Ուռուտյանի, Հրազդանում` ի պաշտպանություն ծնունդով հրազդանցի Սասուն Միքայելյանի եւ Արամ Բարեղամյանի, եւ Իջեւանում` ի պաշտպանություն ծնունդով իջեւանցի Նիկոլ Փաշինյանի:
Մարալիկի եւ Հրազդանի ցույցերն անցել են առանց միջադեպերի, մինչդեռ Իջեւանում` ոստիկանները արգելել են ցուցարարներին մուտք գործել Շատրվանների հրապարակ, որտեղ նախատեսված է եղել անց կացնել ցույցը:

Մարալիկի ցույցի ժամանակ տեղի է ունեցել նաեւ երթ, հրազդանցիներն էլ ասել են, թե պայքարելու են մինչեւ վերջ`մինչեւ ազատ արձակեն ոչ միայն Սասուն Միքայելյանին եւ Արամ Բարեղամյանին, այլեւ իրենց մյուս համախոհներին:

Ոստիկանների հետ տեղի ունեցած հրմշտոցի ժամանակ ոստիկանները կարճ ժամանակով բերման են ենթարկել ծնունդով իջեւանցի` ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի թոռանը` ընդդիմադիր ակտիվիստ Հրանտ Թամրազյանին: Թամրազյանն ասաց «Մեդիալաբին», որ իրեն մեղադրել են ոստիկաններին հրելու մեջ մինչդեռ նման բան չի եղել:

«Ես չեմ հրել, իրենք` ոստիկաններն են հրել»,- «Մեդիալաբին» պատմեց Հրանտ Թամրազյանը:

Ընդդիմադիր Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, ՀՀ Գլխավոր դաստախազի նախկին տեղակալ Գագիկ Ջանգիրյանն էլ իր ելույթում հայտարարել է, թե «քաղբանտարկյալների ազատ արձակմամբ» իրենց պայքարը ոչ թե ավարտվելու է, այլ` նոր է սկսվելու:

© Medialab.am