Պուտինն ու հայ ժողովրդի կամքը

Պուտինն ու հայ ժողովրդի կամքը
Պուտինն ու հայ ժողովրդի կամքը

Սոչիում կեսօրից հետո մեկնարկել է Սերժ Սարգսյանի ու Ալիեւի հանդիպումը՝ Պուտինի հովանու ներքո, որի մեկնարկին ՌԴ նախագահի մուտքի խոսքը բավական հետաքրքրական շեշտադրումներ է պարունակել: Հանդիպման բուն բովանդակությունը հավանաբար երկար ժամանակ կմնա հասարակության համար փակ, թեեւ իհարկե չեն բացառվում որոշակի արտահոսքերը, գուցե նաեւ շատ դեպքերում հանրությանը շեղելու նպատակով: Եռակողմ հանդիպման բուն բովանդակությունը հավանաբար ավելի պարզորոշ կերեւա ժամանակի ընթացքում, դրան հաջորդող այս կամ այն գործողությունների տեսքով:

Բայց, Պուտինի մուտքի խոսքը բավական ուշագրավ շեշտադրումներ է պարունակում եւ տալիս հնարավորություն պատկերացնելու կամ կռահելու, թե հիմնականում ինչ շեշտադրումներ են ՌԴ նախաձեռնության հիմքում:

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ողջունելի է հակամարտությունը կարգավորելու հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների պատրաստակամությունը: Դա հետաքրքրական հայտարարություն է, քանի որ Ռուսաստանի առաջնորդները սովորաբար շատ քիչ են հղում անում ժողովուրդների ցանկությանը կամ կարծիքին: Արդյո՞ք Պուտինն այդ հղումով փորձել է ընդգծել եւ ժողովուրդներից առանձնացնել Սարգսյանին ու Ալիեւին, ակնարկելով նրանց ոչ լեգիտիմությունը, եւ հետեւաբար նաեւ դրանով հանդերձ խոցելիությունը:

Պուտինը խոսել է նաեւ համբերության անհրաժեշտության մասին: Ո՞վ պետք է համբերի: Երեւի Ալիեւը: Ակնհայտ է, որ սահմանին մահաբեր շանտաժի ադրբեջանական փորձը, որին զարմանալիորեն ինֆորմացիոն ուղղակի եւ անուղղակի մեծ աջակցություն ցուցաբերեց ռուսական պաշտոնական քարոզչությունն ու այսպես ասած մերձպաշտոնական փորձագիտական հանրությունը, բախվեց հայկական զինուժի պատին: Պուտինն Ալիեւին ըստ ամենայնի ակնարկում է, որ պետք չէ առաջին «անհաջողությունից» գլուխը կորցնել եւ պետք է համբերել:

Բանն այն է, որ Ռուսաստանի համար սահմանում թեկուզ առժամանակյա կայունությունն ու զոհերի բացակայությունը անհրաժեշտ է, քանի որ հակառակ դեպքում կստացվի, որ Պուտինի եռակողմ հանդիպումը տապալվել է եւ Ռուսաստանը չի կարողացել ազդել: Այդ պատճառով, Պուտինի համար կարեւոր է, որ գոնե ժամանակավորապես հաստատվի հարաբերական կայունություն, մինչեւ եռակողմ ֆորմատի հաջորդ հանդիպումը, երբ հարկ կլինի հանդիպումից առաջ անկայունությամբ շանտաժել որեւէ կողմի:

Իսկ հաջորդ հանդիպման ծրագրեր Ռուսաստանն ակնհայտորեն ունի, քանի որ Պուտինի մեկ այլ հայտարարություն ուղղակիորեն վկայել է, որ նա ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը շրջանցելու եւ այսպես ասած զուգահեռ ֆորմատ ձեւավորելու ցանկություն:

Պուտինն ասել է՝ ընդ որում առանց Մինսկի խմբի անուն տալու, որ կան հակամարտության կարգավորման միջազգային ձեւաչափեր եւ իրենք հարգանքով են վերաբերում դրանց ու կշարունակեն գործընկերների հետ աշխատել, բայց կարեւոր է երկկողմ շփումը, հաշվի առնելով առկա հարուստ պատմությունը: Նախ, հակամարտության կարգավորման միջազգային մեկ ձեւաչափ կա եւ դա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է:

Որեւէ այլ միջազգային ձեւաչափ Արցախի հակամարտության կարգավորման համար գոյություն չունի: Պուտինը չի կարող այդ մասին չիմանալ, հետեւաբար նա իր հայտարարությամբ վերաբերմունք է հայտնում Մինսկի խմբի համանախագահության հանդեպ եւ ցույց տալիս, որ մտադիր է սկսել առանձին գործընթաց:

Այլ կերպ ասած, Ռուսաստանի երկրորդ անգամ է դուրս գալիս Մինսկի խմբի դեմ: Առաջին անգամ դա եղավ Մեդվեդեւի նախագահության ժամանակ եւ ավարտվեց անհաջողությամբ, թեեւ քիչ էր մնում ավարտվեր Հայաստանի ու Արցախի համար մեծ կորուստներով: Այժմ փորձում է Պուտինը եւ Հայաստանի ու Արցախի համար կորուստների վտանգը արդեն իսկ նկատելիորեն ուրվագծվում է ռուսական մերձպաշտոնական փորձագիտական հանրության ներկայացրած սցենարներում:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շահեկանությունը Հայաստանի համար պաշտոնական Երեւանը բազմաթիվ անգամներ է ընդգծել, ի տարբերություն Ադրբեջանի, որը մշտապես ձգտել է հակամարտության կարգավորումը հանել Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափից: Կարդալ ավելին