Վերլուծաբանները չեն բացառում, որ Մոսկվան նոր միգրացիոն ճգնաժամ հրահրի Բելառուսի օրինակով.«Ամերիկայի ձայն»

Եվրամիությունը ասում է, որ անցյալ տարի իր սահմաններում բախվել է «աննախադեպ մարտահրավերների»՝ ի դեմս Եվրոպայի հարավային ափեր ժամանող ապաստան հայցողների կտրուկ աճի և միլիոնավոր ուկրաինացիների, ովքեր, փախչում են Եվրոպա Ռուսաստանի ներխուժումից: Մտավախություն կա, որ Մոսկվան ծրագրում է նոր միգրացիոն ճգնաժամ ստեղծել ԵՄ սահմաններին:Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

2022 թվականին Եվրամիության արտաքին սահմաններին արձանագրվել է 330 հազար սահմանի հատում, որը նախորդ տարվա համեմատ կտրուկ աճել է 64 տոկոսով, հաղորդում է Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության Frontex գործակալությունը: Այդ թիվը, սակայն, չի ներառում միլիոնավոր ուկրաինացի փախստականներին:

Սիրիացիները, աֆղանները և թունիսցիները միասին կազմում էին անկանոն ներգաղթի գրեթե կեսը: Մեծ թվով ներգաղթյալներ են եղել նաև Եգիպտոսից, Բանգլադեշից և Նիգերիայից։

«Անվտանգության հետ կապված իրավիճակը և տնտեսական խնդիրներն այդ երկրների և տարածաշրջանների մեծ մասում էլ ավելի են վատթարացել անցյալ տարվա ընթացքում»,- պնդում է Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնից Մարտին Հոֆմանը։

Անկանոն ժամանումների մեծ մասը բաժին է ընկել Արևմտյան Բալկանյան և Կենտրոնական միջերկրածովյան երթուղիներին դեպի Իտալիա:

Իտալիայի կառավարությունն այս ամիս ընդունեց ապաստանի մասին մի շարք նոր օրենքներ, որոնք ըստ մարդասիրական կազմակերպությունների, որոնց թվում են «Բժիշկներն առանց սահմանների», դժվարացնում են ներգաղթյալների փրկության գործընթացը ծովում և նրանց ափ դուրս բերելը:

Հունաստանը նույնպես ճնշում է գործադրում ներգաղթյալներ փրկող կազմակերպություններին: Քաղաքական վերաբերմունքը ներգաղթյալների հանդեպ փոխվել է Ուկրաինայի պատերազմի հետ մեկտեղ, ասում է վերլուծաբան Կամինո Մորտերա-Մարտինեզը։

«Այս պահին Եվրոպայում ընդհանուր դիսկուրսը նման է հետևյալին. «Լավ, մենք գործ ունենք փախստականների զանգվածային ճգնաժամի հետ մեր հարևանությամբ: Ինչու՞ պետք է մեր ուսերին վերցնենք բոլոր հակամարտությունները աշխարհի այլ մասերից»,- Եվրոպական բարեփոխումների կենտրոնից Կամինո Մորտերա-Մարտինեզը:

13 միլիոն ուկրաինացի փախստականներ մուտք են գործել Եվրամիություն Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր: Մոտ տասը միլիոն հատումներ են գրանցվել նաև Եվրոպայից դեպի Ուկրաինա:

«Մենք տեսնում ենք, որ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները Ռուսաստանի ռազմավարության մաս են կազմում, և մինչ այժմ դրանք արտահոսքի ավելացման չեն հանգեցրել։ Կա ուկրաինական հասարակության և տնտեսության ուշագրավ տոկունություն։ Բայց կան, իհարկե, պոտենցիալ անկման կետեր, որտեղ իրավիճակը դառնում է անտանելի ավելի մեծ բնակչության համար, և այդ ժամանակ մենք կարող ենք տեսնել աճ»,- ասում է Մարտին Հոֆմանը Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնից:

Ըստ Հոֆմանի՝ ուկրաինացի փախստականները սկսում են ավելի ինտեգրվել Եվրոպայի աշխատաշուկային:

«Առաջին տարին [ապաստան հայցողների համար] տարրական կողմնորոշման տարի էր՝ սեփական կյանքի հիմունքները ինչ-որ կերպ կարգավորելով, ներառյալ կացարանի խնդիր, երեխաների դպրոց, առողջապահություն և այլ հարցեր: Այսպիսով, իրական մուտքն աշխատաշուկա սովորաբար սկսվում է միայն երկրորդ և երրորդ տարուց»,-նշում է Հոֆմանը:

Մինչդեռ ԵՄ-ը Բելառուսին մեղադրում է 2021 թվականից ի վեր «պետական կազմակերպված միգրացիա» իրականացնելու մեջ, որտեղ միգրանտներին խրախուսում են խախտել Լեհաստանի հետ սահմանը: ԵՄ-ը զգուշանում է Ռուսաստանի կողմից նույն մարտավարությունից:

«Կրեմլն ավելացրել է թռիչքների թիվը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի որոշ երկրների և Կալինինգրադի միջև, հավանաբար՝ մեկ այլ ճգնաժամ ստեղծելու մտադրությամբ»,- կարծում է Կարմինո Մորտերա-Մարտինեզը:

Հաջորդ ամիս տեղի կունենա հատուկ գագաթնաժողով, որի նպատակն է համաձայնեցնել միգրացիայի վերաբերյալ ԵՄ ընդհանուր քաղաքականությունը։ Դիտորդներն ասում են, որ անդամ պետությունների միջև երկարատև տարաձայնությունները նշանակում են, որ այս հարցում չկա առաջընթաց: