«ՌԴ-ն փոխում է միգրանտների մասին օրենսդրությունը. «միգրանտ» և «հանցագործ» բառերի միջև հավասարության նշան է դրված». Տաթևիկ Բեժանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության աշխատանքային միգրացիայի ծրագրի փորձագետ Տաթևիկ Բեժանյանը

– Տիկի՛ն Բեժանյան, արդեն մեկ շաբաթ է՝ ՌԴ-ում ուժի մեջ են մտել միգրանտների համար նոր կարգավորումները։ Նրանք, որոնք չեն օրինականացրել երկրում գտնվելը, ենթակա են արտաքսման: Այս մեկ շաբաթվա ընթացքում քանի՞ հոգու են արտաքսել, ի՞նչ վիճակագրություն ունենք։

– Ընդամենը մի քանի օր է անցել, և ասել, որ հստակ պատկեր ունենք, սխալ կլինի։ Այնքանով, որքանով հետևում եմ, նկատեցի, որ օդանավակայաններում շատ խստացրել են նոր որոշմամբ պահանջվող չափորոշիչների ստուգումները։ Երկու օր առաջ տեսա, որ 300 ղրղըզ քաղաքացու անձնագրերը վերցրել էին, մեկ օրից ավելի պահել էին օդանավակայանում և չէին ասում պատճառը։

Նրանց մեջ կային ծերեր, երեխաներ, և այդ մարդկանց ո՛չ թույլ էին տալիս մուտք գործել ՌԴ, ո՛չ էլ հետ էին ուղարկում։ Խոսքը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի մասին է։ Այսպիսի օրինակներ կան, բայց ես կարծում եմ, որ մենք այս ամսվա վերջին որոշակի պատկեր կունենանք, երբ ամբողջ ծավալով որոշումը կյանքի կկոչվի։

– Ունե՞ք տվյալներ՝ մոտավորապես քանի՞ քաղաքացու մասին է խոսքը, որ ՌԴ-ում հաստատվել և աշխատում է անօրինական։

– ՀՀ քաղաքացիների մասով նշվում էր 61000, բայց միշտ ասել եմ, որ այս թիվը շատ ավելին է, քան այն, ինչ նշվում է ՌԴ իշխանությունների, առնվազն ներքին գործերի նախարարության կողմից, և հիմա ասել, թե նրանցից որքանը հասցրեցին մինչև սեպտեմբերի 30-ն օրինականացնել իրենց գտնվելը, որպեսզի չընկնեն արտաքսումների ալիքի տակ, դժվար է ասել։ Կարծում եմ՝ որոշակի ժամանակ, առնվազն 1-2 ամիս պետք է այդ գնահատումների համար։

-Կոռուպցիոն գործարքների հնարավորությունը չե՞ք բացառո՞ւմ, ի՞նչ եք կարծում, շատե՞րը կդիմեն գումարով հարցեր լուծելու տարբերակին։

– Վստահ եմ՝ կդիմեն։ Մյուս կողմից էլ՝ վստահ եմ, որ դրանով կարող են ընդամենը հետաձգել արտաքսումը, բայց ոչ կասեցնել կամ դադարեցնել, կամ փոխել այդ որոշումը։ Ինչո՞ւ, որովհետև բազայում է գրանցված, աշխատողը կարող է վերցնել գումարը, որոշակի ժամանակ աչք փակել, բայց պետք է հաշվի առնել, որ ուղղակի կդառնան «ոսկե ձկնիկ» այդ աշխատողի համար, որը կգա, պարբերաբար այդ գումարը կտանի այնքան ժամանակ, որքան կկարողանա ձգել ժամանակը, բայց, միևնույն է, այդ որոշումը փոխել չեն կարող։

Կարծում եմ՝ դրանք կլինեն, բայց ասել, որ դրանով պայմանավորված արտաքսումներ չեն լինի, բացառվում է։ Անպայման կլինեն, քանի որ իրենք էլ պետք է թվեր ցույց տան և չեն կարող փող վերցնել բոլորից և որևէ մեկին չարտաքսել։

– Կար տարբերակ՝ գնալ Բելառուս, էնտեղից վերադառնալ Հայաստան: Այդ մարդկանց կոչ էր արվում՝ եթե Բելառուսով են մտել Ռուսաստան, նույն ճանապարհով դուրս գալ:

– Այո՛, այն անձինք, որոնք Բելառուսից են մտել Ռուսաստան, և անձնագրում երկիր մտնելու կնիք չունեն, ճիշտ կլինի, որ Բելառուսով վերադառնան կամ գնան Բելառուս, այնտեղից նորից վերադառնան Ռուսաստան, եթե ուզում են: Պարզապես, իրենք Ռուսաստանով սահման չհատեն, որովհետև այդ դեպքում նրանց նկատմամբ քրեական հոդված է կիրառվում, ոչ թե վարչական:

– Այս խստացումները որքանո՞վ են կարևոր նաև մեր երկրի համար՝ հաշվի առնելով, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք և որոշակի իրավունքներից ենք օգտվում:

– Բանն այն է, որ այն օրենսդրական փաթեթը, որը հիմա ՌԴ միգրացիոն հարցերով զբաղվող գերատեսչությունը ներկայացրել է Պետդումա, որն ընթացքի մեջ է և չի բացառվում, որ 2022 թվականին ուժի մեջ մտնի, այդտեղ արդեն ԵԱՏՄ քաղաքացիները այլևս որևէ առավելություն չեն ունենալու:

Ես չգիտեմ՝ ինչով են ՌԴ իշխանությունները բացատրելու, թե ԵԱՏՄ պայմանագրում նշված կետերը ինչու չեն կիրառվելու, որովհետև այդ փոփոխության արդյունքում պարզապես բոլորը հավասար են լինելու, 90-180 օր ՌԴ տարածքում մնալու իրավիճակը փոխվելու է, դառնալու է այնպես, որ անձը մեկ տարվա ընթացքում առանց հաշվառման գումարային առումով իրավունք ունի մնալ ընդամենը 30 օր:

Այսինքն՝ նույնիսկ 3-4 անգամ գործուղում գնացող մարդը հետայսու ստիպված է լինելու միգրացիոն հաշվառման կանգնել՝ հանձնելով մատնահետք, հանելու ID քարտ, որը հսկվելու է, սահմանափակված է լինելու տարածաշրջանով, որտեղ ինքը միգրացիոն հաշվառման է կանգնած, 7 օրից ավելի իրավունք չունենա բացակայելու:

Այսինքն՝ խստացումների մի մեծ ծավալ է, և այդ դեպքում այլևս կապ չունի, թե դու որ երկրի քաղաքացի ես: Դա վերաբերելու է բոլոր օտարերկրացիներին անխտիր և քաղաքացիություն չունեցող անձանց:

– Սա աննախադե՞պ քայլ է Ռուսաստանի կողմից:

– Նախկինում երբեք չի եղել այսպիսի բան: Իրենց կարծիքով՝ իրենք հեշտացնում են միգրացիոն օրենսդրությունը, բայց իրականում ծայրահեղ ծանրացնում են օտարերկրացիների մուտք գործելը, գտնվելը, ավելին ասեմ՝ օրինական գտնվելը, որովհետև այս պարագայում գրեթե անհնար կլինի, եթե որևէ մեկը որոշի տարվա կտրվածքով 30 օրից ավելի մնալ ՌԴ-ում, օրինական գտնվել:

– Այդ փաթեթում ամենակարևորը ո՞ր կետն է, որ ավելացվել է: Այստեղ ի՞նչն է բարդությունը, որ քաղաքացիները չեն կարողանում օրինականացնել իրենց այնտեղ գտնվելը:

– Արդեն Ռուսաստանի Դաշնության համար «միգրանտ» և «հանցագործ» բառերի միջև հավասարության նշան է դրված: Նրանք ուզում են տոտալ վերահսկողություն սահմանել ընդհանրապես բոլոր միգրանտների, օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց նկատմամբ, որոնք 30 օրից ավելի պատրաստվում են ՌԴ-ում գտնվել:

Մանե Հարությունյան

MediaLab.am