Լեւոն Հայրապետյան. սպանություն մեր անունից

Լեւոն Հայրապետյան. սպանություն մեր անունից
Լեւոն Հայրապետյան. սպանություն մեր անունից

Ես չգիտեմ, թե անբուժելի հիվանդությամբ տառապողին բանտում պահելու իմաստը ո´րն է: Պետությունը չի կարող վրիժառու լինել, քանի որ նա վրիժառու է իր քաղաքացու անունից, որն ատում է սպանությունը, և որի անունից գուցե դու հրաժարվում ես քրեական օրենսգրքում ներառել մահապատժի հոդվածը: Պետության գործիքը պատասխանատվությունն է, որը մահ չի ենթադրում:

Քստմնելի է քաղցկեղով տառապողին ազատ չարձակելը: Քաղցկեղը գուցե ստույգ մահ է ազատության մեջ, բայց բանտում դա մահապատիժ է: Հայաստանն արդեն ունի Սողոմոն Քոչարյանին և Հաց բերողին սպանելու փորձը (Սողոմոնի դեպքում մահից 5 օր առաջ ազատ արձակելը պետության անմարդկային բնույթը չի սրբագրում): Այս պատմության հրեշավորությունն այն է, որ իշխանությունը պաշտոնապես ներկայանում է մարդասպան: Ռուսական արդարադատությունը սպանեց քաղցկեղով հիվանդ մարդուն: Այդպես չի կարելի, ընկերնե´ր: Եթե մարդը ոչինչ չի նշանակում, բանտով չեք զգեստավորի նրա «ոչնչությունը»:

Լևոն Հայրապետյանի և Հաց բերողի մահը մեզ՝ ազատության մեջ գտնվողներիս է զրկում դիմադրողականությունից, երկուսն էլ դեռևս դատապարտված չէին, և երեխայություն է ասել, թե Արթուրը մահացավ ազատության մեջ: Ազատության մեջ մեռնելու համար մարդուն պետք է վերադարձնել ապրելու գործիքները՝ անմեղությունը կամ խնամքը: Երկուսի դեպքում էլ այս ամենը չարվեց:

Երկուսն էլ զրկված էին ապրելու գործիքներից: Իսկ ի՞նչ է ապրելու գործիքը: Դա սեփական մահվան վրա ունեցած իշխանությունն է, որի հետ պետությունը գործ չունի: Այլապես գոնե կունենար մահապատժի մասին հոդված: Պետությունը պետք է հեռու մնա հանցագործության մեջ մեղադրվողի հետևողական մահից: Այլապես նա պարտավոր է իր քրեակատարողական հիմնարկներում ունենալ ինքնասպանության խցիկներ՝ այնքան հանցագործներ կան, որոնք այդպես էլ չեն հաղթահարում սեփական հանցանքի ծանրությունը:

Ես չեմ վիճարկում Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը: Ինձ ընդհանրապես անհասկանալի է թվում «մարդու մեղք» արտահայտությունը ՝ սպանողի մեղքը, գողացողի մեղքը, բռնացողի մեղքը: Բայց ես չեմ վիճարկում մեղքին իմաստ հաղորդելու պետության դրական իրավունքը: Հենց այդ պատճառով էլ պետությունը ես չեմ: Ես չեմ հասկանում մեղքը, բայց դա չի նշանակում, որ ես ապահովագրված եմ դրանից:

Ավելին, գուցե իմ չհասկանալն ինձ ավելի մեղավոր է դարձնում: Բայց եթե պետությունը հետևողական մահվան գործիք է, մեր՝ ԵԱՏՄ գոնե երկու երկրի քաղաքացիների բանը բուրդ է: Հատկապես Հայաստանի խայտառակ առողջապահության համակարգի պայմաններում: Գերմանական արդարադատությունը Հոլոքոստի իրականացման մեջ մեղադրվող այնքան ծերերի առողջական պատճառներով թողեց ազատության մեջ, նրանք պարզապես անազատության բան չէին: Գերմանական արդարադատությունը հրաժարվում էր նմանվել դահիճներին, որոնք, ի դեպ, ծերերին, մանուկներին և կանանց սպանում էին գերման ժողովրդի անունից:

Մարդը արժեք է, ընկերնե´ր: Թեպետ այդ արժեքը միակ արարածն է բնության մեջ, որ ի վիճակի է սպանել: Իսկ սպանում են գիտակցությամբ: Եթե ամբողջ ժողովուրդն էլ ներգրավվի մեկ այլ ժողովրդի սպանության մեջ, կարելի կլիներ մխիթարվել, եթե սպանող ժողովրդի պետությունը մասնակցություն չունենար դրանում:

Իսկ այսպես, Հաց բերողին ու Լևոն Հայրապետյանին սպանող պետությունն ասում է՝ մինչ դու՝ Գրեբենշչիկովդ, երգ ես գրում մարդու գոյության ջանքերի մասին, մինչ դու՝ Պասկևիչյանդ, ստիխ ես երկնում ինքն իրեն չճանաչող մարդու մասին, ես քո անունից մարդ եմ սպանում: Եվ, ի վերջո, ես իշխանություն եմ ընտրում ոչ թե մարդ սպանելու համար, այլ պատասխանատվության ենթարկելու: Քո ոչ լեգիտիմության մասին է հենց Հաց բերողի և Լևոն Հայրապետյանի մահը:

Մհեր Արշակյան

MediaLab.am