ԼՂ-ում ԿԽՄԿ աշխատանքի հիմնական առանցքը զոհված զինվորների մարմինների որոնումն է․ Ասլանով

Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատանքի հիմնական առանցքը զոհված զինվորների մարմինների որոնումն է, որոնք այնուհետ հանձնվում են նրանց ընտանիքներին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ԿԽՄԿ տարածաշրջանային պատվիրակության ղեկավար Իխտիյար Ասլանովը:

«Ստեղծված իրավիճակից ելնելով՝ քննարկվում են նաև այլ հումանիտար հարցեր, ինչպես, օրինակ, էսկալացիայի ընթացքում ավերված ենթակառուցվածքների, առանձնատներ և այլ կառույցների վերականգնումը»,- հավելել է նա:

Ասլանովը նաև հայտնել է, որ կազմակերպությունը հումանիտար հարցերով սերտորեն համագործակցում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետ:

«Տարածաշրջան ռուսական խաղաղապահ ուժերի ժամանումից ի վեր մենք աշխատում ենք նրանց հետ, և մեր համագործակցությունը շատ սերտ է: Իմ գործընկերները շատ հաճախ հանդիպում են խաղաղապահ ուժերի հրամանատարության և դաշտերում գտնվող զինվորների ու սպաների հետ»,- հայտնել է նա։

Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղի սահմանամերձ տարածքներ մուտք գործելու թույլտվություն է ստացել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմից:

«Մեզ համար կարևոր հարցերից մեկը հասանելիությունն է անվտանգության տեսանկյունից։ Գիտեք՝ իրավիճակը տարբեր կերպ է զարգանում, հատկապես՝ Ադրբեջանի ու Հայաստանի միջազգային սահմանի երկայնքով։ Եվ մեզ համար կարևորագույն հարցերից մեկը մեր գործընկերների անվտանգությունն է, որոնք կարող են այնտեղ աշխատել։ Մենք մուտք ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի կողմից»,- ասել է նա։

Աղբյուր՝ Factor.am