ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին աշխատանքային այցով Սիսիանում էր

Ապրիլի 19-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանին և դեսպանատան աշխատակիցների: Այդ մասին տեղեկացնում են Սիսիանի համայնքապետարանից:

Զրույցի ընթացքում տիկին դեսպանը հետաքրքրվել է հետպատերազմյան ժամանակաշրջանում համայնքում տիրող իրավիճակով, ներկայացրեց ԱՄՆ կողմից պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների աջակցմանն ուղղված աշխատանքները, և թե որքան ջանքեր են ներդրվում զոհվածների մասունքների ճանաչման և նույնականացման գործընթացում:

Դեսպանը հետաքրքրվել է նաև Սիսիանում բնակություն հաստատած արցախցիների շրջանում տիրող տրամադրությամբ, արդյո՞ք նրանք պատրաստվում են մնալ Սիսիանում, թե վերադառնալու նպատակ ունեն: Համայնքի ղեկավարը ցավով է նշել, որ պատերազմն իր ողջ դաժանությամբ լիովին փոխել է Սիսիանի առօրյան, գրեթե ութ տասնյակ զոհ, մեկ տասնյակ անհետ կորած, վիրավորներ և միևնույն ժամանակ սահմանների անվտանգության խնդիր:

Դեսպանի այն հարցին, թե փոխվել են արդյոք համայնքի զարգացման գերակա ճյուղերը, որոնք էին տուրիզմը և գյուղատնտեսությունը, համայնքի ղեկավարը պատասխանել է, որ սահմանների անվտանգության խնդիրը ստվերում է զարգացման բոլոր ծրագրերը, եթե չկա անվտանգություն, եթե անորոշ են և անպատասխան Սյունիքին վերաբերող բազմաթիվ հարցեր, ապա ստորադասվում են բոլոր ծրագրերն ու գերակա է դառնում միայն անվտանգության խնդիրը:

Իսկ ինչ վերաբերում է Սիսիանում բնակություն հաստատած արցախցիներին, ապա նրանք երազում են իրենց հայրենիք վերադառնալու մասին, սակայն, ցավոք, իրենց տներն այլևս թշնամու վերահսկողության գոտում են, իսկ այստեղ համայնքը փորձում է հնարավորինս թեթևացնել նրանց բեռը: Համայնքի ղեկավարի խոսքով այս ամենից բացի համայնքապետարան իր ուշադրությունը սևեռել է զոհված հերոսների ընտանիքներին, խնդիրներ, որոնք այս պահին առավել քան գերակա են:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեյվիդ Հոֆմանը ներկայացրել է իրենց կողմից մշակված ծրագրերը, որոնց մեծ մասն ուղղված կլինեն պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին ժամանակակից աշխատաշուկային համապատասխան գիտելիքներով ապահովելուն: Ծրագրեր են մշակվել գյուղերի, տուրիզմի զարգացման, ինչպես նաև սոցիալական աշխատողների կարողությունների զարգացման, կատարելագործման համար:

Համայնքի ղեկավարը բարձր գնահատելով ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագրերը և համայնքի հետ սերտ համագործակցությունը՝ հույս է հայտնել, որ նախատեսվող ծրագրերում կներառվի նաև Սիսիանի համայնքը: Հանդիպման ավարտին Արթուր Սարգսյանը հուշանվեր հանձնեց Լին Թրեյսիին՝ կտավ՝ Ուխտասարի պատկերով:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը այցելել են նաև Սիսիանի «Մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ: Հանդիպման նպատակը «Մասնակցային բյուջետավորում» ծրագրով կատարված գործողությունների և արդյունքների քննարկումն էր: