Նախկինները վա՞տ էին թալանում

Մհեր Արշակյան

Երեկ հայտնի դարձավ հնարավոր կոռուպցիոն մի աննախադեպ ծավալի հանցագործության մասին՝ Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ: Մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին: Ու սկսվել է: 

Մարդը ճիշտ է հասկացել իշխանության բնույթը: Ու ոչ ոք նրան չի ասել՝ ընկեր, երբ ասում էինք «Ապագա կա», էդ նկատի չունեինք: 

Մխիթար Մաթևոսյանը սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից քերել է իր փայը: Ընդ որում՝ քերելուց առաջ արդեն էս մարդու հանդեպ քրեական գործ է հարուցվել 2019-ին առանձնապես խոշոր չափերի հափշտակում կատարելու համար: 

Համայնքի ղեկավար առաջադրվելուց հետո մեր իրավապահներն այդ գործը ջրել են ու նույնիսկ վնասի վերականգնում չեն պարտադրել: Երկու տարի քննել են ու որոշել, որ հանցակազմ չկա: 

Այսինքն՝ հեղափոխական իշխանությունը հարուցել է էդ քրեական գործը, հեղափոխական իշխանությունն էլ ջրել է: 

Ինչո՞ւ: 

Որովհետև ո՞ւմ վրա պիտի հենվի փող աշխատելու համար: Բնականաբար՝ թալանչիների ու կոռումպացվածների վրա: 

ՔՊ-ականներն ինչո՞վ են պակաս հանրապետականներից ու մյուս նախկիններից: Վաղը ի՞նչ է պարզվելու: Վախենում եք մի հիմնավորում չգտնե՞ն, թե ինչու է Մխիթար Մաթևոսյանն այդպես վարվել: Ասելու են՝ Վայքում նա ուներ ասֆալտ քաշող ընկերություն, նրան ենք տվել: Իսկ մրցույթ անցկացնելու մասին, բնականաբար, ՔՊ-ում ոչինչ չեն լսել: 

Գիտե՞ք կոռուպցիան, հատկապես անպատիժ կոռուպցիան ինչով է հետաքրքիր: Կարդում ես ու մտածում՝ եթե կարելի է թալանել, մենք ինչո՞վ դա ավելի վատ կանենք: Այսինքն՝ չես մտածում, որ դա դատապարտելի է, որ Հայաստանը էդպես շատ հեռու չի գնա, որ էդպես կարելի է նույնիսկ իրար կոկորդ կրծել: 

Չէ: 

Մտածում ես՝ մենք վա՞տ կթալանեինք: Հլը գնացեք նախկին իշխանություններին հարցրեք: Բայց սա էլ հեչ: Իրենց իշխանությունն է, ինչ ուզում անում են: Ձեն հանող չկա: Դուք՝ ՔՊ-ականներդ, հիմա՞ էլ եք պնդում, որ ժողովուրդն է իշխանության տերը: 

Այսօր կամ վաղը Աղվան Հովսեփյանը հայտնվելու է ազատության մեջ: Մարդը 100 միլիոն դրամի գրավ է տալիս, որ բանտից դուրս գա: Բայց վա՞տ էր թալանել: 

Մխիթար Մաթևոսյանից ինչո՞վ է վատ Աղվան Հովսեփյանը, որ գնաց ու նստեց: 

Թե՞ այն ժամանակ թալանում էին ընտրյալները, հիմա որոշել եք, որ պետք է թալանեն շարքայինները: 

Ո՛չ: Այդպես չէ: 

Գաղտնիքը բոլորովին ուրիշ տեղ է: Գաղտնիքն այն է, որ ՔՊ-ի համար այսօր թալանելը առանձնապես լուրջ մարտահրավեր չէ Հայաստանի համար, պետք լինի՝ կբռնենք, պետք լինի՝ կկիսվենք: Որովհետև մի ամբողջ Ղարաբաղ ենք կորցնում, Հայաստանի անկախությունն է հարցականի տակ: Ի՞նչ է կոռուպցիան գրեթե անկախություն չունեցող երկրի համար: 

Միայն իրենց անկախության համար պայքարողների համար է կոռուպցիան նույն բանը, ինչ, ասենք, սեփական հողի վրա գրոհող թշնամին: Ժամանակին Հայաստանի անկախության մասին հենց այսպես էին մտածում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, որ կորցրեցինք անվտանգության ամբողջ դիմադրողականությունն ու կորցրեցինք Ղարաբաղը, ու հերթը կարծես թե Հայաստանինն է: 

ՔՊ-ում ավելի վատ են վարվում: Նրանք են կարողանում կանգնեցնել Հայաստանի անկախության կորուստը ու որոշել են թուլանալ, այսինքն՝ մսխել մինչև վերջ: Երևի գիտեն, թե ուր պիտի փախչեն, հենց Հայաստանը մեռնի: 

Մհեր Արշակյան

MediaLab.am