Վերակառուցված այգի, բազմաֆունկցիոնալ կենտրոն.Երևանում 10 մլն դոլար արժեքով ներդրումային ծրագիր կլինի

Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 49/9 հասցեում կյանքի կկոչվի նոր նախագիծ, որը ենթադրում է տեղի պուրակի վերակառուցում, կանաչ տարածքի վերականգնում, բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցում: Այժմ իրականացվում են քանդման աշխատանքներ, ապամոնտաժվել է մոտ 30 կրպակ: Նախագծի գլխավոր ճարտարապետը ճարտարապետության թեկնածու, միջազգային մրցանակների դափնեկիր Տելեմակ Անանյանն է։ 

Նախագծի շրջանակում, արդեն վաղուց անտեսված պուրակն ամբողջությամբ նոր տեսք է ունենալու: Նախագծի գլխավոր ճարտարապետի խոսքով, նախ խնամելու են, էտելու են, նոր տեսքի են բերելու գոյություն ունեցող ծառերը: 

«Այդտեղ կան բավական շատ բաց հողակտորներ, որոնք պետք է լրացվեն: Նախատեսվում է շուրջ 5 հազար տարատեսակ բույսերի, բուսատեսակների, ծառերի, թփերի տնկում: Կլինեն բազմապիսի ծաղիկներ, վարդեր, մագլցող վարդեր և այլն: Այդ տարածքում կառուցվելու է շատրվան, ամֆիթատրոն: Այն կտրմադրվի համերգային, թատերական երիտասարդ խմբերին, որոնք հանդես կգան այգու այցելուների համար»,- «Արմենպրես»ի հետ զրույցում ասաց Տելեմակ Անանյանը:

Նախագծի հաջորդ կարևոր հատվածը բազմաֆունկցիոնալ կենտրոնի կառուցումն է: Այդ հատվածում գտնվող ներկայիս «Արաբկիր» հանրախանութը և հարակից մանրածախ և ազատ, չօգտագործվող կիսակառույցները նախագծվել և կառուցվել են 2002 թվականին։ Կառույցը մեկ հարկանի է, Կոմիտասի պողոտայի կողմից ունի մոտ 5 մետր բարձրություն, իսկ հակառակ կողմից՝ ռելիեֆի բնական թեքության հաշվին, կառույցը գրեթե ամբողջովին թաղված է հողի տակ։ Շինությունը հյուսիսային մասում ունի նկուղային հարկ։ Նախատեսվում է գոյություն ունեցող կիսակառույցը վերցնել մեկ ամբողջական վեղարի տակ։ Մեկ ծածկի տակ համախմբվելու են բազմաֆունկցիոնալ կենտրոնի բոլոր տիպի սպասարկման հատվածները՝ ապահովելով ժամանակակից միջազգային ստանդարտներին համապատասխան միջավայր, հարմար ժամանցի, սննդի, ցուցահանդեսների, առևտրի, երիտասարդների և երեխաների զարգացման և զվարճանքի համար։

«Բազմաֆունկցիոնալ կենտրոնի հիմնական շեշտադրումը դրված է գաստրոնոմիայի վրա՝ խոհանոց, ուտեստներ, ճաշատեսակներ: Կներկայցվեն թե հայկական, թե աշխարհի տարբեր երկրների սիրված խոհանոցները, կլինեն արագ պատրաստվող սննդատեսակներ: Ակնկալում ենք ներկայացնել Հայաստանում առկա ալկոհոլային խմիչքներ արտադրողներին: Մենք գիտենք, որ 200-ից ավելի գինի արտադրող ունենք, չհաշված տնական գինիները, դրանից բացի, գարեջրերը, օղիները և այլն: Արտադրողներին կտրամադրվեն համապատասխան տաղավարներ, որտեղ նրանք կկարողանան թե ցուցադրել սեփական արտադրանքը, թե համտեսի հնարավորություն ստեղծել, թե իրականացնել մանրածախ, մեծածախ վաճառք: Այսինքն՝ խմիչքների ու ուտեստների մշտական ցուցահանդես է լինելու: Կենտրոնը կլինի հետաքրքիր թե տեղացիների, թե զբոսաշրջիկների համար»,-ասաց Տելեմակ Անանյանը: