Դժգույն ու դժբախտ Թամանյանը

Մհեր Արշակյան

Բարբարոսներին սպասել պետք չէ, նրանք մեր մեջ են: Նրանք ամբողջ թափով անցել են գործի: Իսկ մենք կարծում էինք, թե ազատվել ենք նրանցից: Այն, ինչ այս օրերին անում են Հանրապետության հրապարակի թամանյանական հուշարձանների հետ, մի բացատրություն կարող է ունենալ՝ դժգույն ու դժբախտ քարեր են, ի՞նչ մի աղմուկ եք բարձրացրել:

Իրականում մեր ցնցումն այն մտքից է, թե «թուրքը» կարող է լինել միայն թուրք: Այն, ինչ կատարվում է Թամանյանի կառուցած շենքերի հետ, մի բան է միայն ասում՝ մեզնից դուրս ոչ մի «թուրք» էլ չկա: Այս իշխանությունը «տոռմուզներ» չունի, ապականում է առանց նույնիսկ հակագնահատական հնչեցնելու:

Հիմա մենք պիտի ենթադրենք, որ էդ շենքերը դժգույն ու դժբախտ էին և էնքան ապականված, որ ավելի փչացնել չի լինի ծակելով ու ավերելով, ու դեռ գոհ պիտի լինենք, որ մարդիկ դրանց ժամանակավոր հմայք են տալիս Ամանորի լույսերով: Կրթության ու գիտության նախարար Դումանյանն ասում է, թե «այս ամենը ժամանակավոր երևույթ է… իսկ քաղաքապետարանը պարտավորված է, և վստահ եմ, որ կանի, կվերականգնի։ Կլինի ճաք, կլինի անցք, քաղաքապետարանը կվերականգնի»։

Դեռ էսպիսի ուղեղով քնելը մի կերպ կհասկանամ, բայց ո՞նց կարելի է էսպիսի ուղեղով արթնանալ, լավ: Դուք ընդհանրապես որևէ արժեքի զգացում չունե՞ք: Թե՞ Լուվրի վրա ծակեր բացելու օրինակներ ունեք: Թե՞ Վիեննայի օպերայի շենքի վրա անձամբ եք զուբիլով ծակեր բացել: Իհարկե ոչ: Որովհետև դա Լուվրն է, ընկերնե՛ր, դա Վիեննան է: Իսկ սա ի՞նչ է՝ մի քոսոտ Թամանյան: Թամանյանը քոսոտ է, դա ճիշտ է, բայց քոսոտ է, երբ ուղեղդ է քոսոտ:

Դուք բացատրություն չունեք ձեր արածին, որովհետև սա Ղարաբաղի հարց չէ, որ ասեք, թե նախկիններն այն գցեցին ձեր գրպանը, սա ձեր ընկալումն է արժեքների մասին: Այստեղ բացատրելու բան չկա, որովհետև չկա ինչ-որ բան ոչնչացնելու կարմիր գիծ, որովհետև կեղծ է ձեր Հայաստանը, իրականը միայն աթոռն է, կեղծ է ձեր ժողովուրդը, կեղծ է ձեր հպարտ քաղաքացին, միակ իրականը խրախճանքն է: Որովհետև հենց այդպես եք ընկալում այս ժողովրդին՝ աննախադեպ ամանորյա լույսերի գերի: Որ բերանը բաց մնա:

Վաղն էլ գուցե կառավարության շենքը հայտարարեք ապօրինի կառույց: Ու ես առաջինը կծիծաղեմ զարմացողի վրա: Սրանք չեն էլ մտածել, որ կզարմանանք ու կվրդովվենք: Անցել են գործի: Իսկ ծակողներն էլ իրենցից անվրդով են: Վերջ: Գործն արված է: Այլևս հետծակ չի լինելու: Դե թող օրինակ ցույց տան, որ Ադրբեջանի իշխանություններն էլ են այսպես վարվում իրենց պատմամշակութային կոթողների հետ, նրանք հազիվ մերը ոչնչացնեն: Ու հիմա ո՞վ կասի, թե Վահրամ Դումանյանն ինչո՛վ է տարբերվում ադրբեջանցի բարբարոսից: Ու այս մանկամիտը կրթության նախարար է, որի միակ ուրախությունըԱմանորի աննախադեպ լույսերն են:

Գուցե իշխանությունները մեզնից լավ գիտեն, որ արժանի ենք այն ամենին, ինչ անում են: Լույսերը, իհարկե, հավաքելու են, բայց էդ տոնական ծակերը մնալու են արդեն որպես պատմամշակութային ծակ: Եվ ուրեմն, կեցցե՛ք, տղանե՛ր: Կամ դուք, կամ ձեզնից հետո եկողն ասելու է, որ էդ շենքերն այլևս կոթող չեն, ծախենք թող գնա: Գուցե հենց Փաշինյանը կամ Ավինյանն էլ առնի, ո՞վ գիտի:

Մհեր Արշակյան

MediaLab.am