ԹՈՓ-5 միֆեր պատվաստանյութերի մասին.Fip.am

Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ լուրերը և ապատեղեկատվությունը շարունակում են մեծ տարածում ունենալ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում ինչպես Հայաստանում, այնպես այլ երկրներում:

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց անդրադառնալ պատվաստանյութերի վերաբերյալ ամենատարածված միֆերին:

Միֆ N1. Պատվաստումից հետո COVID-19-ի թեստը դրական է լինում

COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո ՊՇՌ թեստը դրական չի կարող լինել, եթե անձը պատվաստվելուց անմիջապես առաջ կամ հետո չի վարակվել: Թեստը  ստուգում է ակտիվ փուլում գտնվող հիվանդությունը, այլ ոչ թե անձի մոտ իմունիտետի առկայությունը: Ինչ վերաբերում է հակամարմինների թեստին, ապա, այո՛, դրանք կարող են դրական լինել, քանի որ պատվաստվելուց հետո անհատի մոտ ձևավորվում են հակամարմիններ:

Միֆ N2. Պատվաստանյութերը վտանգավոր են, քանի որ ստեղծվել են շատ արագ և պատշաճ կերպով չեն փորձարկվել

Ապացուցված է, որ պատվաստանյութերն անվտանգ են և արդյունավետ: Թեև դրանք ստեղծվել են ռեկորդային կարճ ժամանակահատվածում, այդուհանդերձ, անցել են բոլոր ընթացակարգերով, և ստուգվել է, թե արդյո՞ք դրանք համապատասխանում են անվտանգության ստանդարտներին: Որևէ փուլ բաց չի թողնվել: Կլինիկական փորձարկումներն ու անվտանգության ստուգումներն իրականում տևել են մոտավորապես նույնքան ժամանակ, որքան մյուս պատվաստանյութերի դեպքում:

Այս գործընթացն արագացնելու հարցում մեծ նշանակություն ունեին տարբեր երկրների կառավարությունների և մասնավոր ընկերությունների կատարած աննախադեպ ներդրումները: Բացի այդ, «Մոդերնա» և «Փֆայզեր» պատվաստանյութերը ստեղծվել են նոր ՌՆԹ տեխնոլոգիայով, որն ավելի քիչ ժամանակ է պահանջում:

Միֆ N3.Պատվաստանյութերի մեջ կան միկրոչիպեր

Պատվաստանյութերը չեն պարունակում միկրոչիպեր: Այս առասպելը  կորոնավիրուսի մասին ամենաշատ տարածված դավադրապաշտական տեսություններից է:

Համաշխարհային մակարդակով տարածվում էին տեղեկություններ, որ համավարակն արհեստական ծագում ունի, որի նպատակն է մարդկանց օրգանիզմում ներմուծել միկրոչիպեր, որոնց միջոցով աշխարհի բնակչությունն ավելի վերահսկելի կլինի: Նշվում էր, որ այդ ծրագրի հետևում կանգնած է «Մայքրոսոֆթի» համահիմնադիր Բիլ Գեյթսը:

Իրականում, այս տեղեկությունները ոչ մի կերպ հիմնավորված չեն և որևէ փաստարկով չեն ամրապնդվում: Պատվաստանյութերից և ոչ մեկը չի պարունակում միկրոչիպ:

Ավելին՝ Fip.am-ում: