«Ես կարծում եմ, որ նման աղետ պատճառած իշխանությունը պարզապես չի կարող իր ժամկետն ավարտել, պետք է հեռանա». Արման Գրիգորյան

Լուսանկարը՝ «Սիվիլնեթ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Արման Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, Արցախի մասին հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Արդյոք հրաժարականը իրավիճա՞կ կփոխի։ Ի՞նչ քայլեր պետք է արվեն՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։

– Ես կարծում եմ, որ նման աղետ պատճառած իշխանությունը պարզապես չի կարող իր ժամկետն ավարտել։ Պատասխանատվության շատ հստակ ու լուրջ հարց է, և եթե իշխանությունը որևէ սխալի համար պետք է պատասխան տա, սա ամենամեծ սխալն ու աղետն է, որի համար իշխանությունը պարզապես պարտավոր է պատասխան տալու։ Եվ բացի այդ իշխանության հեռանալուց ես ուրիշ բան չեմ պատկերացնում։

Այլ խնդիր է այն, թե ինչ ճանապարհով պետք է հեռանա այս իշխանությունը, և ով պետք է փոխարինի նրանց։ Ցավոք սրտի, այսօր ամենաակտիվ ընդդիմադիր ուժերը, որոնք նույնպես պահանջում են այս իշխանության հրաժարականը, իմ խորին համոզմամբ, ահռելի պատասխանատվություն են կրում այս ամենի համար։

Այդ նույն ընդդիմադիր ուժերն էին, որոնք գոռում էին՝ «ոչ մի թիզ հող», խոսում էին կոմպրոմիսների մասին խոսող անձանց պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Եվ այդ մարդիկ որևէ բարոյական իրավունք չունեն այդպես բարձր գոռալու, դատապարտելու և ինչ-որ տպավորություն թողնելու, թե իրենց արարքն ուրիշ հետևանք էր ունենալու։

Դա մեծ խնդիր է, և եթե ասպարեզում այդ ուժերն են, և դրանք են Նիկոլ Փաշինյանի այլընտրանքը, ժողովուրդը բնազդով հասկանում է, որ դա այնքան էլ լավ այլընտրանք չէ, ինչքան էլ այս իշխանությունը տապալված լինի։

Հետևաբար, ի՞նչ պետք է անել ստեղծված իրավիճակում։

– Հետևաբար, այս իշխանությունը պետք է անպայման հրաժարական տա։ Ես չգիտեմ, թե ժամկետները երբ են, գուցե իրենք հայտարարեն, որ, օրինակ՝ իրավիճակի կայունացումից հետո երեք ամիս անց կհեռանան։ Դրանք տեխնիկական հարցեր են, բայց սկզբունքորեն մոտ ապագայում այս իշխանությունը պետք է հրաժարական տա, արտահերթ ընտրություններ նշանակի։

Եվ այդ նախընտրական քարոզարշավի շրջանակներում, իհարկե, կհայտնվեն մարդիկ էլ, ուժեր էլ, որոնք ավելի ողջամիտ այլընտրանք կդառնան այդ իշխանությանը և այդ ամենաակտիվ ու բարձր գոռացող ընդդիմությանը։

Կա այսպիսի տեսակետ, որ Արցախի հարցում դեռ հնարավոր է հայանպաստ լուծումների հասնել, եթե արագ նոր բանակցող գա ։ Դուք ինչ եք կարծում, հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել ստորագրված փաստաթղթում կամ հետագա բանակցություններում հայանպաստ լուծումների հասնել։

– Եթե ինչ-որ բաներ էլ հնարավոր է փոխել, ես չեմ կարծում, որ դրանք շատ արմատական կամ էական փոփոխություններ կարող են լինել։ Ի վերջո, մեզ մոտ մի քիչ միֆ է տարածված, հավատ կա բանակցողի խելացիության, կարողությունների վերաբերյալ։ Իհարկե, դա նշանակություն ունի։

Բայց այն վիճակում, որում մենք ենք հայտնվել պատերազմում պարտվելուց հետո, դա չի կարող ազդեցություն չունենալ մեր բանակցային դիրքերի և այն բանի վրա, թե մենք ինչ կարող ենք փոխել այդ փաստաթղթում։

Գուցե ինչ-որ բաներ հնարավոր լինի փոխել, գուցե նոր բանակցողներն ուրիշ արժանահավատություն ունենան կամ ուրիշ դիրքերի վրա կանգնած լինեն, որը հնարավորություն կտա ինչ-որ բաներ փոխել, բայց ես չեմ կարծում, որ դրանք շատ էական ու արմատական տարբերություններ են լինելու։

– Երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, նման տեսակետներ էին հնչում, որ նա եկել է «հող հանձնելու»։ Ըստ էության մի իրավիճակ էր, որ կարծես Սերժ Սարգսյանը հեշտ զիջեց աթոռը, գուցե նաև հենց Արցախի հիմնախնդրի պատճառո՞վ նա հեռացավ։

– Դրանք դավադրության տեսություններ են, որոնց մասին ես չեմ սիրում խոսել։ Նախ՝ նախորդ իշխանությունը հեշտությամբ չթողեց իշխանությունը։

Ի՞նչ պետք է անեին, այն վիճակում, որում նրանք հայտնվել էին, իշխանությունը պահելը շատ մեծ վտանգներով էր հղի։ Եվ ես չեմ պատկերացնում, թե ոնց էին իշխանություն պահելու, երբ ամբողջ երկիրը ոտքի էր կանգնել։

Նրանք իսկապես չէին էլ պատրաստվել այս տեսակի սցենարի, հետևաբար, ես բոլորովին չեմ մտածում, որ Սերժ Սարգսյանը կարող էր հրաժարական չտալ, բայց տվեց, որովհետև ուզում էր Ղարաբաղի հարցի լուծումը Նիկոլ Փաշինյանի վրա թողնել։

– Բայց այդ ծանր ժառանգությունը թողնվել էր այս իշխանությանը։

– Իհարկե, կար այդ ծանր ժառանգությունը։ Բայց ծանր ժանգություն ստանալը չի արդարացնում այդ ծանր ժառանգության հետ սխալ վարվելը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am