Հայ-իրանական օրակարգը պետք է ներառի մի նոր տարր՝ համատեղ պայքար ահաբեկչության դեմ․ Իրանագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրանագետ Վարդան Ոսկանյանը

– Պարո՛ն Ոսկանյան, ի՞նչ տրամադրություններ են Իրանում Արցախում ռազմական իրադարձությունների համատեքստում մենք տեսանք՝ իրանական բանագնացը այցելություններ կատարեց, և հակամարտության լուծման վերաբերյալ իրանական առաջարկները կարծես առկախվել են։

– Եթե փորձենք Իրանի ներսում առկա տրամադրությունները քննարկել, ապա պետք է հաշվի առնենք այն, որ Իրանը բազմաշերտ պետություն է։ Այդ երկրի իշխանական համակարգը ևս բազմաշերտ է։

Բայց իշխանական համակարգում եղած հիմնական տրամադրությունները վերաբերում են լայն մադրիդյան սկզբունքների շրջանակում տեղավորվող ծրագրին կամ դրա նմանությամբ որևէ ծրագրի։

– Իրանի հոգևոր առաջնորդը՝ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հակամարտության հետ կապված որոշ հայտարարություններ արեց։ Խնդրում եմ մեկնաբանեք նրա հայտարարությունը։

– Իրանի հոգևոր առաջնորդի վերջին հայտարարությունը նոր շեշտադրումներ ուներ։ Նա, որքան հիշում եմ՝ առաջին անգամ, շեշտեց տարածքում ապրող հայության, այսինքն՝ արցախահայության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Մինչ այս նման հայտարարություն իրանական պաշտոնական շրջանակներից չէր եղել։ Շատ կարևոր էր դա։ Նաև հոգևոր առաջնորդը օգտագործել էր հետաքրքիր բառապաշար, չնայած Ադրբեջանը արտգործնախարարության հայտարարության մեջ իբր մեջբերելով Իրանի հոգևոր առաջնորդի խոսքը, նշել էր «բռնազավթում» բառը։ Հոգևոր առաջնորդը գործածեց ոչ թե «էշղալ» – «բռնազավթում, օկուպացիա» հստակ քաղաքական բովանդակությամբ եզրույթը, որն իրանական դիվանագիտական և պաշտոնական լեզվում կիրառվում է, օրինակ՝ Պաղեստինի տարածքների կապակցությամբ, այլ «թասարրոֆ» – «գրավում, նվաճում, զավթում, տիրացում» նրբիմաստային առումով ավելի չեզոք և, ըստ էության, քաղաքական լիցք չպարունակող բառը։ 

Հոգևոր առաջնորդի հայտարարության մեջ երկու կողմերի համար էլ կան ձեռնտու հանգամանքներ։ Մասնավորապես, ադրբեջանական կողմը շեշտադրում է զորքերի դուրսբերման հանգամանքը, իսկ մենք էլ պետք է շեշտադրենք Իրանի հոգևոր առաջնորդի նշած՝ արցախահայության անվտանգության պահպանության հանգամանքը։

Իրանը, իհարկե, կարևոր երկիր է, և նաև հայտարարության մեջ արված այդ կետերի արդյունքում փոխադարձ ազդակներ պետք է հղենք մեր հարևան պետությանը։ Այս հարցի շուրջ իրանական դիրքորոշումները կարևոր են, բայց պակաս կարևոր չեն հայ-իրանական երկկողմ օրակարգի հստակեցումը պատերազմական այս պայմաններում։

Այդ օրակարգը, ըստ իս, պետք է ներառի մի նոր տարր՝ համատեղ պայքար ահաբեկչության դեմ, որովհետև և՛ Իրանի հոգևոր առաջնորդի, և՛ բազմաթիվ պաշտոնյաների հայտարարություններում ընդգծվել է ահաբեկիչների ներկայության և Իրանի կողմից այդ հանգամանքի անընդունելիության պահը։

Սա հիմք է տալիս երկկողմ օրակարգում հատկապես ուշադրություն դարձնել այս հանգամանքին՝ հաշվի առնելով այն, որ Իրանը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, և նրանք կարող են օգտակար լինել, որպեսզի այդ ահաբեկիչները դուրս բերվեն մեր տարածաշրջանից։ Դա բխում է թե՛ Իրանի, թե՛ Հայաստանի և թե՛ Ռուսաստանի շահերից։ 

– Դուք ասացիք, որ Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարությանն ի պատասխան փոխադարձ ազդակներ պետք է հղվեն։ Ի՞նչ եք ակնարկում։

– Նկատի ունեմ այն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարության մակարդակով, կարծում եմ՝ դիվանագիտական էթիկետի սահմաններում ճիշտ կլինի անպայման անդրադարձ անել, որովհետև, գիտեք՝ Իրանի հոգևոր առաջնորդը այդ պետության թիվ մեկ քաղաքական և հոգևոր առաջնորդն է։

Այս ամենից ելնելով, կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ փոխադարձ ազդակ գնա դեպի Իրան՝ իմ նշած երկու խնդրի համատեքստում՝ Արցախի բնակչության անվտանգության ապահովման ու ահաբեկիչների դեմ պայքարի համատեքստում։ 

Իրանի իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններից հետո դուք Հայաստանում հակաիրանական տրամադրություններ նկատե՞լ եք։

– Ընդհանուր առմամբ, պետք է ասել, որ Հայաստանում հակաիրանական տրամադրություններ չեն եղել և չկան։

Առանձին ինչ-որ լուսանցքային խմբեր կարող է լինեն, որոնք, բնականաբար, իրավունք ունեն իրենց տեսակետը արտահայտելու, բայց դրանք վճռորոշ չեն։ Հակաիրանականությունը Հայաստանում, ըստ էության, ուղղված է մեր պետության շահերի դեմ, այդ իսկ պատճառով չի կարող տեղ ունենալ մեր հասարակության մեջ ընդհանրապես։

Մենք այս շրջանում պետք է ավելի շատ ուշադրություն դարձնենք ոչ միայն հայտարարություններին, այլ նաև գործերին․ Հայաստան-Իրան սահմանը մեզ համար կենսական նշանակություն ունի նույնիսկ սովորական պայմաններում, և այդ սահմանը նաև պատերազմական պայմաններում անխափան գործել է։

Այս գործողությունների տիրույթում իրանցիները իրենց ի ցույց են դնում որպես շատ վստահելի գործընկեր, ինչը գնահատելի է ու պետք է միանշանակ արժևորել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am