Պարզեցված վիզային ռեժիմի շահառուները կլինեն ուսանողները, գործարարները

Վիզային ռեժիմի դյուրացման եւ վերադարձի շուրջ պայմանագրի կնքման վերաբերյալ բանակցային գործընթացը շարունակվում է: Ըստ «Արմենպրես»-ի, այդ մասին այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«Ամառվա շրջանում մուտքի արտոնագիր ստանալու ցանկացողների թիվն անհամեմատ բազմապատկվում է: Վիզաների հարցը հյուպատոսական ամենօրյա աշխատանքի մի մասն է: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի դեսպանատան հյուպատոսական ծառայությանը, ապա այն ջանք չի խնայում, որ դիմումները ժամանակին բավարարվեն, անգամ եթե դրանք սեղմ ժամկետներում են ներկայացվում եւ ակնկալվում է արագ պատասխան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է դեսպանը: Նրա խոսքով` վիզային ազատ ռեժիմի տրամադրման շահառուներն առաջին հերթին լինելու են ազգաբնակչության որոշակի թիրախավորված խմբերը` ուսանողներ, գիտական բնագավառում աշխատողներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ:

«Համաձայնագիրը կխթանի վիզաների դյուրացման տարբերակների մշակմանը: Այն համապատասխանում է Հայաստան-Եվրամիություն անհամամետ ավելի ազատ, խորացված, ինտեսիվ ներդրման գործին: Վիզային ռեժիմի դյուրացման մասին քննարկումները գալիս են լրացնելու բանակցային մեկ այլ գործընթաց, որը նույնպես ընթացքի մեջ է: Խոսքը` ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի մասին է»,-նշեց Ռենոն:

Ըստ աղբյուրի, Եվրամիության և Հայաստանի միջև կարճաժամկետ կեցության վիզաների տրամադրման ընթացակարգերի դյուրացման, ինչպես նաև անօրինական միգրանտների ռեադմիսիայի վերաբերյալ համաձայնագրերի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2012 թ. փետրվարին:

© Medialab.am