Աշխատատեղերի աճ, դրամի արժևորում, գնաճ. ըստ տնտեսագետի՝ ակտիվությունը կարճաժամկետ է ու կրում է սեզոնային բնույթ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Հայկ Մնացականյանը

– Պարո՛ն Մարտիրոսյան, գնաճը Հայաստանում կազմում է 6.5 %, մինչդեռ գնաճի նպատակային թիրախ էր սահմանվել 4 %-ը: Որպես մասնագետ՝ ինչպե՞ս եք սա գնահատում: Եվ զուգահեռ՝ խնդրում եմ ձեր գնահատականը դրամի արժևորման մասին:

– Գնաճը սոցիալական մեծ խնդիր է առաջացնում, իսկ մյուս կողմից՝ նպաստում է տնտեսության աճին: Խոսքը պետք է լինի սահուն, կայուն գնաճի մասին և ոչ թե բարձր տեմպերի մասին: Գնաճը սպառողական զամբյուղում ներառված ապրանքների գների միջին աճն է, իսկ սպառողական զամբյուղում կան պարենային և ոչ պարենային ապրանքներ ու ծառայություններ:

Եթե պարենային ապրանքների գները շատ են բարձրանում՝ 8 տոկոս, 10 տոկոս, իսկ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների գները իջնում են, առաջանում է միջինացված գնաճ, որն առաջին հայացքից քիչ է երևում, բայց կենսաթոշակառուների ու աղքատ և սոցիալապես խոցելի խմբերի համար շատ բարձր է ու ծանր նստում նրանց վրա: 

Այս պարագայում պետության հիմնական գործառույթը պետք է լինի այն, որ առաջնահերթ արձագանքի այս սոցիալական խմբերի, կենսաթոշակառուների կարիքներին ու խնդիրը կարգավորի առաջինը հենց նրանց համար: 

Այո՛, այսօր գնաճը Հայաստանում 6.5 տոկոս է կազմում և 2.5 տոկոսով գերազանցել է Կենտրոնական բանկի սահմանած թիրախը՝ 4 տոկոս: 

Կենտրոնական բանկը դրամավարկային քաղաքականություն իրականացնելիս արձագանքում է իրավիճակին, ինչի արդյունքում մենք ունենում ենք դրամի արժևորում: 

– Այսինքն՝ Կենտրոնական բանկի միջամտությա՞մբ է դրամն արժևորվում:

– Այո՛, փորձում են զսպել գնաճը: Գնաճի զսպման համար կան շուկայական և ոչ շուկայական գործոններ: Շուկայական գործոնն այն է, որ տրանսֆերտները մի փոքր աճել են, զբոսաշրջիկներ են գալիս, փող է շրջանառվում, գյուղատնտեսական ապրանքների մթերումներ են իրականացվում, գումար է գալիս: Այս շուկայական գործոնների արդյունքում արտարժույթի քանակը շատանում է, դրա գինն ընկնում է, ու դրամն սկսում է արժևորվել:

Բայց ԿԲ-ն նաև քաղաքականություն է իրականացնում, ու գնաճի զսպման համար պարտադիր պահուստավորման նորման բարձրացվել է, և հիմա բանկերը գումար վերցնելիս պահուստն են ավելացնում:

Օրինակ՝ եթե 100 դոլար վերցնում են ավանդ, 98-ը դնում էին տնտեսության մեջ, 2-ը պահում Կենտրոնական բանկում, ապա հիմա 4-ն են պահում, 96-ը դնում տնտեսության մեջ: Տնտեսագիտության մեջ կա մուլտիպլիկատիվ էֆեկտի երևույթ՝ եթե դու ավելացնում ես պահուստը և քչացնում ներդրումը, ապա դա մուլտիպլիկատորի էֆեկտ է տալիս ու ազդեցությունը մի քանի անգամ ավելացնում:

Այս և վերաֆինանսավորման տոկոսադրույքի ավելացման արդյունքում դրամի զանգվածը Հայաստանի տնտեսության մեջ փոքրացավ ու սկսեց արժևորվել:

Այո՛, ԿԲ-ն իր միջամտությամբ դրամի արժևորման խնդիրը լուծեց, արդյունքում ունենք նման երևույթ: Ես սա դիտում եմ որպես կարճաժամկետ գործիք, իսկ երկարաժամկետ առումով ես միշտ ասել եմ՝ տնտեսության կառուցվածքի փոփոխություն է անհրաժեշտ: Պարզ է, որ տնտեսության այս կառուցվածքով՝ երբ ներմուծում ենք երկու անգամ ավելի, քան արտադրում ու արտահանում ենք, չենք կարող երբևէ զարգացած երկիր դառնալ:

Այն, ինչ անում է Կենտրոնական բանկը իր գործիքներով, կարճաժամկետ լուծում է, տնտեսության երկարաժամկետ զարգացման առումով դա լուծում չէ:

– Պարո՛ն Մնացականյան, կառավարության գրեթե բոլոր նիստերին խոսվում է տնտեսական ակտիվության մասին, երեկ էլ՝ աշխատատեղերի աննախադեպ աճի մասին: Կարծում եք՝ դա կարճաժամկե՞տ բնույթ է կրում:

– Ամեն ինչ այսօր կրում է սեզոնային բնույթ. եթե հիմա գյուղմթերքի արտահանման շրջանն է, եթե բերքահավաքի շրջանն է, այո՛, աշխատատեղեր կարող են բացվել, եթե զբոսաշրջիկներն ավելանում են, այո՛, հանրային սեկտորում կարող են աշխատատեղեր ավելանալ: 

Ես պնդում եմ՝ Հայաստանի տնտեսական աճը իր որակական առումներով շատ ցածր է: Այո՛, սեզոնին մենք կունենանք ակտիվություն, աշխատատեղեր էլ շատ կլինեն, բայց դա երկարաժամկետ հատվածում որակ չի կարող ապահովել, եթե մենք էական կառուցվածքային լուծումների չգնանք: 

Ոչ ոք սխալ չի ասում՝ կան, ավելանում են, բայց արդյո՞ք դա որակ է ստեղծում տնտեսության զարգացման առումով: Ո՛չ:

– Իսկ դուք տեսնո՞ւմ եք տնտեսության կառուցվածքային փոփոխությանն ուղղված քայլեր կամ գործող կառուցվածքը փոխելու գիտակցում:

– Դրա համար խիստ կարևոր է ունենալ այն քայլերն ու միջոցառումների ծրագիրը, որի մեջ ֆիքսված կլինեն դրա իրականացման պատասխանատուներն ու ժամկետները, և որն ուղղված կլինի տնտեսության կառուցվածքի փոփոխությանն ու բարեփոխումներին: Այո՛, նման ծրագիր, ցավոք, այսօր չկա:

Բայց մեկ այլ կարևոր բան էլ կա. եթե հանրության կողմից պահանջ դրվեց, ապա պետք է այդ պահանջը բավարարել: Քանի դեռ նման պահանջ հասարակությունը չի դնում, լուծումները միշտ էլ կլինեն այս կերպ՝ ժամանակավոր: Իսկ հասարակությունը նման պահանջներ չի դնում, քանի որ ֆինանսագիտական կրթության պակաս կա:

Նախկինում էլ լուծումները ժամանակավոր էին, հիմա էլ նույն կերպ՝ ժամանակավոր լուծումներով շարունակում ենք առաջ գնալ:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am