Օգոստոսի 5-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի հայ ժամանակակից արվեստի նշանավոր ներկայացուցիչ Արման Գրիգորյանի հիշատակին նվիրված «Ընկերներ» խորագրով ցուցահանդեսը։ Այն թանգարանը և Թաթուլ Առակյանը համատեղ ներկայացնում են իրենց հավաքածուներից։
«Ցուցահանդեսի համադրական գաղափարը հիմնված է Արման Գրիգորյանի ստեղծագործական սկզբունքներից մեկի վրա։ Իր համադրած ցուցահանդեսներում նա մշտապես իր ստեղծագործությունները ներկայացնում էր ընկերների աշխատանքների կողքին՝ ձևավորելով մի տարածք, որտեղ արվեստը և մարդկային հարաբերությունները դառնում էին մեկ ամբողջություն։ Այդ գաղափարն է արտահայտում նաև ցուցահանդեսի խորագիրը՝ «Ընկերներ», որն ամբողջացնում է արվեստագետի ստեղծագործական և մարդկային աշխարհը։
Ցուցադրությանը ներկայացված են Արման Գրիգորյանի և նրա արվեստակից ընկերների ստեղծագործությունները, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտելու արվեստագետի գեղարվեստական մտածողությունն ու նրա ազդեցությունը ժամանակակից հայկական արվեստի վրա։
Ցուցահանդեսը կգործի 2026 թվականի օգոստոսի 5–25-ը։
Ժամանակակից արվեստի թանգարանը սիրով հրավիրում է արվեստասեր հանրությանը, մասնագետներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին այցելելու ցուցահանդես, միասին արժևորելու Արման Գրիգորյանի արվեստը և հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին»,- ասված է թանգարանի տարածած հաղորդագրությունում։
Ցուցահանդեսը կանցկացվի Ժամանակակից արվեստի թանգարանում՝ Մաշտոցի պողոտա 7 հասցեում։



















