Հայաստանի եւ Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր

Հայաստանի եւ Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր
Հայաստանի եւ Չինաստանի գլխավոր դատախազները ստորագրեցին համագործակցության ծրագիր

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ՉԺՀ գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինը հունիսի 11-ին՝ Երեւանում, ստորագրեցին «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր:

Ըստ այդմ՝ կողմերը պայմանավորվեցին կազմակերպել համատեղ սեմինարներ, կլոր-սեղաններ՝ քննարկելու առանձին հանցատեսակների քննության առանձնահատկություններին վերաբերող հարցեր՝ նախանշելով միջոցառումների կոնկրետ ժամանակացույց:

Ծրագրի համաձայն՝ 2012-2013թթ. հայ եւ չինացի գործընկերները համատեղ սեմինարներ կկազմակերպեն հետեւյալ թեմաներով.

-Հանցավոր նպատակներով ինտերնետն օգտագործելու դեմ պայքարի հիմնախնդիրները և պրակտիկան. դատախազության դերը կիբերհանցագործութան դեմ պայքարում իրավապահ մարմինների գործողությունների համակարգման հարցում,

-Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում փորձի փոխանակում. պրակտիկայի, պայքարի արդյունքների և արդյունավետության վերաբերյալ քննարկումներ,

-Տնտեսական հանցագործությունների քննության պրակտիկան և խնդիրները:

Կողմերը հույս հայտնեցին, որ ստորագրված ծրագիրը նոր որակ կհաղորդի Հայաստանի եւ Չինաստանի դատախազությունների համագործակցությանը՝ նպաստելով հանցավորության դեմ պայքարում դատախազական հսկողության արդյունավետության բարձրացմանը:

Ծրագիրը երկրորդ փաստաթուղթն է, որը ստորագրվում է երկու երկրների գլխավոր դատախազների կողմից: Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը, ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին՝ Պեկինում:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը Երեւան է ժամանել հունիսի 9-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով: Այցելության ընթացքում հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու Հայաստանի դատախազության համակարգին, հիմնական գործառույթներին եւ խնդիրներին, քննարկվել են նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցեր:

Պատվիրակությունն այցելել է Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ՝ ծանոթանալով հայոց պատմությանն ու մշակույթին, իսկ հունիսի 12-ին հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ եւ Հայոց Ցեղասպանության թանգարան` հարգելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

Հայաստանի Հանրապետության դատախազությունը կարեւորում է հանցավորության դեմ պայքարում միջազգային համագործակցությունը եւ ի լրումն միջազգային փաստաթղթերով` կոնվենցիաներով նախատեսված համագործակցության սկզբունքների, գործնական քայլեր է ձեռնարկում նաեւ քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ այլ պետությունների դատախազությունների հետ երկկողմանի համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ:

Արդեն 14 երկրների դատախազությունների հետ Հայաստանն ունի ստորագրված համագործակցության մասին հուշագրեր, իսկ 2 երկրի հետ առավել զարգացնելով համագործակցության մեխանիզմները` նաեւ՝ համագործակցության ծրագիր: Մինչ այս Հայաստանը համագործակցության ծրագիր` միջոցառումների ժամանակացույցի եւ թեմաների հստակեցմամբ, ստորագրել էր Ռուսաստանի Դաշնության դատախազության հետ:

© Medialab.am