Պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ. վարչապետ

Հեղինակ MediaLab

Արմենպրես – Հայաստանի պարենային անվտանգության ոլորտում՝ սննդամթերքի շուկայում ունենք հուսալի վիճակ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ ապրանքների գները որոշակի տատանումներից հետո վերադառնում են իրենց բնականոն նշաձողերին: «Բացի մի քանի ապրանքատեսակներից, մենք ապրանքային դեֆիցիտ չունենք ու չենք ունենալու», – ասաց վարչապետը։

Միաժամանակ, կառավարության ղեկավարը հավելեց, որ Վրաստանի և Ռուսաստանի գործընկերների հետ սերտ համագործարկցության արդյունքում հաջողվել է լուծել Հայաստանից բնականոն արտահանումների խնդիրը, իսկ ներմուծումները սկզբունքորեն խնդիր չեն եղել: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի ու Վրաստանի գործընկերներին՝ Հայաստանի առաջադրած հարցերին արագ արձագանքելու ու լուծումներ տալու համար։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ավելացրեց, որ Վերին Լարսում ՀՀ ներկայացուցիչն անցել է իր պարտականությունների կատարմանը։

Անանյանի խոսքով՝ նա կարանտինից դուրս է եկել և ակտիվ մասնակցություն է ունենում գործընթացներին: «Նաև Ռուսաստանում մեր դեսպանը գրավոր դիմել է Օսիայի ղեկավարությանը՝ խնդրելով աջակցություն, այսինքն, բոլոր անհրաժեշտ փոխգործակցությունը, որ կա, վերին աստիճանի միասնական, թիմային գաղափարով գնում է առաջ», –  ասաց Դավիթ Անանյանը։