«Մտավորականները չեն միանում Քոչարյանին, իրենց երկրի վերաբերյալ մտահոգություն են հայտնում». Թաթուլ Մանասերյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը

– Պարո՛ն Մանասերյան, այսօր արդեն երրորդ օրն է՝ Ազգային ժողովը չի կարողանում 2020-ի բյուջեի կատարողականը քննարկել, ընդունել: Սա, կարծես, Հայաստանի պատմության մեջ առաջին նման դեպքն է: Ինչպե՞ս եք դա մեկնաբանում:

– Դե, այս իրավիճակում ես այլ բան չէի էլ ակնկալում, ճիշտն ասած: Այս իրավիճակում, երբ պետությունն անդունդի մեջ է, սա սովորական նախընտրական վիճակ չէ: Երկիրը քայքայվել է, պետականությունն է քայքայվում, բյուջեի կատարողականն ո՛ւմ աչքին է երևում:

Դուք երբևէ տեսե՞լ եք, որ քաղաքի փողոցներում երկրի ղեկավարի լուսանկարի վրա խաչ քաշած նկարներ լինեին:

– Երեկ մտավորականների հայտարարություն տարածվեց, որոնք միացել էին Ռոբերտ Քոչարյանին ու իր ղեկավարած դաշինքին…

– Ես Քոչարյանին չեմ միացել, դուք սխալ եք մեկնաբանում:

– Շատ լավ, այդ հայտարարությամբ դուք և մյուսները կոչ եք արել հանրությանը ձայն տալ Ռոբերտ Քոչարյանին ու «Հայաստան» դաշինքին, «քանի որ դա է միակ փրկությունն այս իրավիճակում»:

– Դա մտահոգություն էր: Մտավորականությունն իր մտահոգությունն է հայտնել, և ես միացել եմ մտավորականության մտահոգությանը և մնացած այն ամենին, ինչ շարադրված էր այդ հայտարարության տեքստում:

– Դա Քոչարյանին ընտրելու կոչ չէ՞ր:

– Բայց, ախր, ինչո՞ւ եք այդքան պրիմիտիվ հարցը տալիս: Քոչարյանից բացի, այնտեղ կա մի հսկայական ուժ՝ Դաշնակցությունը, որին դնում եք մի կողմ:

– Ոչ, քավ լիցի, ոչ մեկին որևէ կողմ չեմ դնում: Բայց չէ՞ որ վարչապետի նրանց թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է:

– Եթե ձեզ հետաքրքրում է Քոչարյանին սատարելու մասը, ապա ես պատասխան չունեմ: Դուք ակնարկում եք, որ ես միացել եմ Քոչարյանի թիմին, բայց նման բան գոյություն չունի: Մտավորականները չեն միանում Քոչարյանին, մտավորականները իրենց երկրի վերաբերյալ մտահոգություն են հայտնում և հույս հայտնում, որ այս ուժը կարող է ավելի ուժեղ լինել: «Հայաստան» դաշինք է դա կոչվում:

– Լավ, ի՞նչ սպասումներ ունեք խորհրդարանական ընտրություններից, կարո՞ղ է կայունություն լինել՝ տնտեսական, քաղաքական իմաստով:

– Անկեղծ ասած, բացարձակ լավատեսության հիմքերը քիչ են, բայց շատ հույս ունեմ, որ մեր ժողովրդի առողջ բանականություն ունեցող հատվածը կկարողանա ոտքի կանգնել և թույլ չտալ, որ մեզ ոչ բնորոշ երևույթները վերանան:

Մեզ մոտ բավական ծանր երևույթներ են ի հայտ եկել, մասնավորապես, պատերազմից հետո այդքան զոհեր ու արժանապատվություն կորցրած իշխանություններ ունենալով՝ դեռևս ունենք ժողովրդի մի զանգված, որ սրիկայի ոտքերի մոտ չոքած ասում է՝ սա մեր պաշտամունքն է: Սա ամենամեծ սպառնալիքն եմ համարում մեր երկրի համար, որ իմ գիտակից կյանքում երբևէ չեմ հիշում էսպիսի երևույթ, ոչ էլ իմ կարդացած պատմության գրքերում:

Դրա համար պետք է ազատվել առաջին հերթին այս երևույթից: Նրանք, իհարկե, մեր եղբայրներն ու քույրերն են, բայց նրանք մոլորության մեջ են, և այդ մոլորությունը պետք է ցրել առողջ քայլերով: Եթե մենք այդ զանգվածին կրթելու առաքելություն չվերցնենք մեզ վրա, իսկապես կկործանվենք, որովհետև առողջ, տրամաբանող զանգվածը գնալով քչանում է:

Մինչև այս ընտրությունները ինձ մոտ լավատեսությունը եղել է բացարձակ: Այս ընտրություններին ոչ ինքս եմ ուզում մասնակցել, ոչ էլ կարող եմ ասել՝ ինչ ելք կունենան դրա արդյունքները, քանի որ իմ նշած անորակ իրավիճակը կարող է վերարտադրվել:

– Դուք վատատեսորեն եք տրամադրված, բայց երեկ ԿԲ նախագահը, ներկայացնելով տնտեսական աճի վերանայված կանխատեսումները, հայտարարեց, որ 2021-ի տնտեսական աճը գնահատում է 4,6 տոկոս, այսինքն՝ մի քանի անգամ ավելի, քան մարտին էր գնահատվել (1.6 տոկոս)։ Չե՞ք կիսում այս լավատեսական սպասումը:

– Ես հոռետեսորեն չեմ տրամադրված, ես ուղղակի սթափ եմ գնահատում իրավիճակը: Կենտրոնական բանկի հետ չեմ կարող չհամաձայնել, որովհետև Կենտրոնական բանկը Հայաստանի անկախության ամենամեծ ձեռքբերումներից մեկն է, այն առումով, որ պրոֆեսիոնալների թիմ է հավաքված և քաղաքականացված չէ:

Տարբեր տարիներին, անկախ նրանից, ովքեր են ղեկավարել Կենտրոնական բանկը, նրանք զբաղված են եղել իրենց արհեստավարժ աշխատանքով և նույնը շարունակում են այսօր:

Այնուամենայնիվ, ես այն կարծիքին եմ, որ տնտեսական աճի ցուցանիշը կարող է ավելի բարձր լինել, եթե ունենանք արհեստավարժ ու ազգային մտածողությամբ կառավարություն: Թեև տարվա կեսն է, բայց այդ թիվը, այդ կանխատեսումը կարելի է կրկնապատկել: Ես կարծում եմ, որ անելիքները շատ-շատ են: Մենք չպետք է նայենք՝ ինչ խորհրդարան է ձևավորվելու, մեր քաղաքացիական խորհրդում ստեղծել ենք հանձնախմբեր և փորձելու ենք ամեն կերպ սատարել իշխանություններին:

Բայց եթե այս իշխանությունը վերարտադրվի, կլինի ազգային դժբախտություն, ուղղակի ողբերգություն կլինի: Եթե այս իշխանությունները վերարտադրվեն, իրենց բնական մահով չեն մահանա:

Իսկ մնացած դեպքերում, կարծում եմ, հնարավոր է գտնել ընդհանուր լեզու՝ ոչ միայն իշխանությանը վերահսկել ու հակակշիռների մեխանիզմներ ձևավորել, այլ նաև օգնել, որ ճիշտ քայլեր կատարվեն, որովհետև հիմա բոլոր առումներով՝ բարոյական, հոգեբանական, տնտեսական, քաղաքական, սոցիալական, հատակում ենք գտնվում: Չկա բնագավառ, որտեղ ունենանք բավարար վիճակ:

– Այսինքն՝ միակ ուժը, որը կարող է պրոֆեսիոնալ կառավարում իրականացնել երկրում, «Հայաստան» դաշի՞նքն է: Ճի՞շտ հասկացա:

– Ո՛չ, ո՛չ: Եթե մտավորականներն այդպիսի հայտարարություն են արել, ես չէի կարող չարձագանքել: Այնուամենայնիվ, ես կարծում եմ՝ իրավիճակը լարված է, իսկ առողջ ուժերը շատ են, ու նրանք ուղղակի պարտավոր են միաբանվել, համախմբվել ու երկիրն էս վիճակից հանել: Հետո խաղաղ պայմաններում արդեն կարող է լինել մրցակցություն: Բայց հիմա համախմբման պահն է:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am