«Իր բոլոր ձախողումներն արդարացնելու էժան քարոզչական հնարք է». Սուրենյանցը՝ Փաշինյանի պատմական և իրական Հայաստանի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը

 Պարո՛ն Սուրենյանց, ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը շրջանառում պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցնելու թեզը։

– Իր բոլոր ձախողումներն արդարացնելու էժան քարոզչական հնարք է դա, որովհետև Հայաստանում նման ոչ ադեկվատ քաղաքական ուժեր մատների վրա կարելի է հաշվել, որոնք պատմական արդարությանը հղում անելով ինչ-որ տարածքային պահանջներ ունեն։ Այս իմաստով այդ թեզը բացարձակ անիրական է։ Իր ավերիչ քաղաքականության հետևանքով վերջում ինչ կմնա, կասի՝ սա իրական Հայաստանն է, որովհետև մինչև հիմա այդ իրական Հայաստանը, իբրև թե, չենք ունեցել, բայց մենք իրական Հայաստան ունեցել ենք 1991-ի հանրաքվեով ստեղծված։ Ամբողջ խնդիրն այն է, որ դրա մի շարք տարածքներ հիմա օկուպացված են։ 

Փաշինյանն այս հարցին պատասխանելու փոխարեն անընդհատ ինչ-որ թեզեր է հորինում, ընդ որում՝ շատ անհաջող, հակագիտական, հակաբարոյական ու հակասոցիալական, որպեսզի իր քաղաքականությունը հիմնավորի։ Մյուս կողմից՝ ինձ մոտ տպավորություն է, որ նա պատմական Հայաստան ասելով նկատի ունի հենց Հայաստանի երրորդ հանրապետությունը: Շատերին թվում է, թե նա մեծ Հայաստանը նկատի ունի, ինչ-որ ուտոպիստական բաների է մարտահրավեր նետել, բայց՝ չէ, այս քողարկված ձևով նա դարձյալ պայքարում է Սահմանադրության, Անկախության հռչակագրի դեմ։

 Այսինքն՝ կարծում եք, ըստ գործող իշխանության՝ Հայաստանը, որում ապրում ենք,հիմա պատմակա՞ն է։

– Այո-այո, ցավոք սրտի, այո՛, շատերը մտածում են, որ ինքը խոսում է այն Հայաստանի մասին, որը ենթադրում է Թուրքիայի, Ադրբեջանի հանդեպ, բայց իրականում, կարծում եմ, որ ինքն արդեն գիտակցել է, որ նույնիսկ ՀԽՍՀ-ից ժառանգություն ստացածերրորդ հանրապետությունը պահպանել չի կարող ուպատմական կատեգորիայի տակ խոսում է երրորդ հանրապետության մասին, հակառակ դեպքում չէր ասի, որ պատմական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է փոխակերպվեն իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։

 Իսկ այդ «իրական» հարաբերություններն ինչպե՞ս է պատկերացնում՝ ըստ ձեզ։

– Առայժմ չկա այդ իրական Հայաստանը, ինքը պետք է ստեղծի այն, նոր միայն հարաբերություններ հաստատի։ Ինքը ընթացիկ գործընթացի մասին է խոսում, դրա համար եմ ես համարյա վստահ, որ այս պարագայում պատմական Հայաստանը, ցավոք սրտի, երրորդ հանրապետությունն է, որի տարածքային ամբողջականությունը պահպանելու հույսն էլ է ինքը կորցրել։ 

 Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը ո՞րն է լինելու, պարո՛ն Սուրենյանց։

– Ինչ կկարողանա փրկել։

 Ի՞նչ է փրկելու։

– Նա ինքը չի կարողանում տալ դրա պատասխանը։ Շատ անկեղծ ասում է՝ եթե զիջենք, երաշխիք չկա, որ մեզանից ավելին չեն ուզելու, եթե զիջենք՝ երաշխիք չկա, որ մեզ վրա չեն հարձակվելու։ 

 ՀՀ փոխարտգործնախարարն ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու մասով։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումը։

– Դա վաղուցվա գործընթաց է, այլ խնդիր է, որ այստեղ էլ, գուցե, Նիկոլ Փաշինյանի ինչ-որ «նախաձեռնությամբ» հայկական կողմը զիջումներ կամ ժեստեր անի Վրաստանին։

 Վրաստանին ի՞նչ է զիջելու։

– Մամուլում ինչ-որ գյուղի անուն էր հիշատակվում, բայց ես չեմ կարող առանց փաստերի պնդումներ անել, հույս ունեմ, որ սա անմեղ գործընթաց է։

 Բայց, ձեր գնահատմամբ՝ հիմա դրա համար ճի՞շտ ժամանակն է։

– Ո՛չ, բացարձակապես ո՛չ, որովհետև այս վնասակար քաղաքականությունը, նաև հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը, նաև այն հնարավոր վտանգավոր հեռանկարը, որ, օրինակ՝ ռուսական զորքերը կարող են հեռանալ Իրանի ու Թուրքիայի սահմանից, կարող է բերել նրան, որ մի օր էլ Թուրքիան ու Իրանը դելիմիտացիա, դեմարկացիա պահանջեն՝ դրանից բխող տխուր հետևանքներով։ Հենց դա եմ ասում, այս ամենը, երբ նայում ենք Փաշինյանի իրական ու պատմական Հայաստանների կեղծ դիսկուրսի մեջ, ինձ մոտ տպավորություն է, որ այդ պատմական Հայաստանի դերում, ցավոք սրտի, երրորդ հանրապետությունն է՝ իր տարածքային ամբողջականությամբ, իր սահմանադրական ու իրավական հիմքերով, քաղաքական ավանդույթներով, այսինքն՝ մեզ մի շատ ծանր գործընթաց է սպասում, ու Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում է, որ ինքը որևէ երաշխիք հայ ժողովրդին ու Հայաստանին տալ չի կարող։ Այնքան սուտ, որ մենք լսեցինք ապրիլի 10-ի խորհրդարանի նրա ելույթում, երևի ինքը գերազանցեց նաև իր մնացած բոլոր ելույթները։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am