Դատարանը բավարարել է «Ֆոտոլուր» գործակալության հայցը՝ ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի՝ վերջինիս կողմից առանց թույլտվության լուսանկարների օգտագործման համար։ «Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանը նշել է, որ սա եզակի դեպք չէ․ բազմաթիվ լրատվամիջոցներ իրենց լուսանկարներն օգտագործում են առանց համաձայնության՝ պատճառաբանելով, թե դրանք վերցրել են ինտերնետից ու չեն իմացել հեղինակի մասին։
Նրա խոսքով՝ սա խախտում է հեղինակային իրավունքը, և անկախ հանգամանքներից, լրատվամիջոցները պարտավոր են նախապես ճշտել լուսանկարների հեղինակությունը։
«Ֆոտոլուր»-ի տնօրեն Մելիք Բաղդասարյանը նշում է, որ բազմաթիվ լրատվամիջոցներ չեն գիտակցում, որ լուսանկարներն արժեք ունեն, դրանք ստեղծվում են ջանքերով ու ռեսուրսներով։
«Մենք պարբերաբար տեղեկացնում ենք նրանց խախտումների մասին, բայց կամ անտեսվում ենք, կամ լավագույն դեպքում միայն տվյալ օրվա լուսանկարն է հեռացվում կայքից»,- այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է Բաղդասարյանը՝ ընդգծելով, որ հեղինակային իրավունքի պաշտպանության հարցում շարունակելու են գործել հետևողականորեն։



















