Հայաստանը կարող է այժմ դիմել ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում զորավարժություն անցկացնելու համար, օրինակ, հակաահաբեկչական. Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խորապես համոզված եմ, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը մեծապես արցախյան պատերազմում մեզ պարտության հասցրած կարևորագույն պատճառներից մեկն է։

Նախօրեին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտնել էր, որ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին և այդ իսկ պատճառով Արցախի դեմ պատերազմի օրերին չի գործարկվել ՀԱՊԿ մեխանիզմը, մասնավորապես դրա կանոնադրության չորրորդ կետը, որը հավաքական պաշտպանության մասին է:

Նշմարեցի, որ որոշ քաղաքական շրջանակներ այդ հայտարարությունից առաջ և հետո նվազագույնը հռետորական հարց են հնչեցնում՝ թե ինչո՞ւ Հայաստանը չի դիմել ՀԱՊԿ-ին, մանավանդ եթե պատերազմի օրերին թիրախավորվել է նաև Հայաստանի տարածքը։

Դժվար եմ պատկերացնում, որ ՀԱՊԿ անդամ Բելառուսը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը Հայաստանին ռազմական աջակցություն էին ցուցաբերելու ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Այդ պարագայում դիմել ՀԱՊԿ-ին, նշանակում է հերթական անգամ ցույց տալ, որ այդ դաշինքը ընդհանրապես թքած ունի Ադրբեջանից դեպի Հայաստան եկող սպառնալիքների վրա:

Ի դեպ, Հայաստանը կարող է այժմ դիմել ՀԱՊԿ-ին՝ Սյունիքում զորավարժություն անցկացնելու համար, օրինակ, հակաահաբեկչական: Հետաքրքիր է, գոնե զուտ Հայաստանի մարտահրավերներն արտացոլող զորավարժության այդ «դաշինքն» ունա՞կ է»: