Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս պահի դրությամբ չի դիտարկում Ուկրաինային Tomahawk հրթիռների տրամադրումը։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում Թրամփը, պատասխանելով հարցին, թե արդյոք մտածում է հրթիռները վաճառել Ուկրաինային, ասել է․ «Ոչ»։ Այդուհանդերձ, նա չի բացառել, որ կարող է փոխել իր միտքը։
Թրամփը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն քննարկել էին Tomahawk հրթիռները տրամադրելու գաղափարը հոկտեմբերի 22-ին Սպիտակ տանը հանդիպման ժամանակ։ Ռյուտեն օրեր առաջ հայտարարել է, որ հարցը քննարկվում է, և որ որոշումը պետք է կայացնի Միացյալ Նահանգները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ամերիկյան կողմին իրենց տրամադրել հրթիռները, սակայն Ռուսաստանը նախազգուշացրել է, որ նման քայլը կործանարար հետևանքներ կունենա։
Ավելի վաղ, խոսելով հրթիռների մասին, Թրամփն ասել էր, որ դրանք օգտագործելը բավական բարդ է, ու շուրջ մեկ տարի է պետք՝ սովորելու համար։ «Ուստի միակ տարբերակը, որ Tomahawk հրթիռ կարձակվի, այն դեպքում կլինի, եթե մենք դա անենք, բայց մենք չենք պատրաստվում դա անել»,- ընդգծել էր ԱՄՆ-ի նախագահը:



















