Սերժ Սարգսյան. մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին

«Լեռնային Ղարաբաղում նախագահական երեք ընտրություններ են տեղի ունեցել, եւ բոլոր երեք նախագահներն ընտրվել են ժողովրդի կողմից։ Նրանցից ոչ մեկն իշխանությունը ժառանգություն չի ստացել, եւ այդ պատճառով էլ, ԼՂ ընտրված իշխանությունները, ի տարբերություն իրենց ատելությունը թաքցնել անկարող հարեւան երկրի իշխանությունների, իրենց թույլ չեն տա վիրավորական հայտարարություններ անել»,- այդ մասին այսօր` Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Սարգսյանը այդ մասին խոսել է անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հնչեցվող ռազմատենչ հայտարարություններին` հավելելով, թե հայ ժողովրդի հասցեին Իլհամ Ալիեւի՝ նախօրեին հնչեցրած արտահայտությունները հարիր չեն ոչ միայն երկրի ղեկավարին, այլեւ նորմալ մարդուն:

Սարգսյանն ասել է, թե «եւ ղարաբաղցիների, եւ հայ ժողովրդի պահանջը միակն է, որ խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքին համապատասխան, և այդ իրավունքի սկզբունքները շարադրված են «Մադրիդյան սկզբունքներ» կոչվող փաստաթղթում, որ կողմերին են առաջարկել Մինսկի խմբի համանախագահները՝ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Ռուսաստանը»:

«Մենք այլ պահանջ չունենք, այսինքն՝ մեր պահանջները համահունչ են միջազգային հանրության պահանջներին»,- հայտարարել է Սարգսյանը:

Սարգսյանն ասել է նաեւ, որ «Կազանում տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար եւ ինչի մասին ինքը խոսել էր դեռեւս ԵԽԽՎ-ում»։

«Խոսքս առաջին հերթին համապատասխան մթնոլորտի բացակայության մասին է, եւ առաջին հերթին այդ մթնոլորտը պետք է բարելավվի։ Չի կարելի սեփական ժողովրդին ամեն օր եւ ամեն մակարդակով թունավորել»,- հայտարարել է Սարգսյանը:

© Medialab.am