«Ո՛չ բարև, ո՛չ բարլուս, զանգ ու ասում ա՝ Անդո՛, կողմնացույցը ո՞նց են սարքում, արա՛, ի՞նչ կողմնացույց, էս ո՞ւր ես, երեք ամիս ա՝ խաբար չունենք». Հրաշքով փրկվածները

70 երկար ու ձիգ օրեր նրանցից լուր չկար: Ժամկետային զինծառայողներ Արսեն Այվազյանը, Դավիթ Սահակյանը, Նիկոլայ Ստեփանյանը, Արթուր Հարությունյանը, Արման Արմաղանյանն ու Ռուսլան Թումանյան նույն գումարտակում էին ծառայում:

Նրանց վստահված էր հարավային ուղղությունը, որտեղ կատաղի մարտեր էին ընթանում: Տղաների կռիվն ավարտվեց հոկտեմբերի առաջին տասնօրյակում, երբ հասկացան՝ շրջափակման մեջ են: 

Շարքային Արման Արմաղանյան

No description available.

Կրակոցներ, կրակոցներ ու շատացող ադրբեջաներեն խոսակցություններ: Հասկացանք՝ բաններս բուրդ է: Թաքնվելով հեռանում էինք: Աստիճանաբար կրակոցների ձայնը կորում էր: Նոյեմբերի 10-ին՝ գիշերը, մոտ մեկ ու կես ժամ կրակոցները դադարեցին: Ենթադրեցինք, որ պատերազմն ավարտվել է: Մտածեցինք՝ ոնց կապի դուրս գանք արտաքին աշխարհի հետ: 

Կապի դուրս գալը հեշտ չէր, բազմաթիվ փորձերից մեկն է հաջողվում, երջանիկ հեռախոսահամարի տերը Արմանի եղբայրն էր՝ Անդրանիկը: 

Անդրանիկ Արմաղանյան (Արման Արմաղանյանի եղբայրը) 

Մինչև դեկտեմբերի 17-ը ոչ մի լուր չունեինք, մայրս գժվում էր: Հարազատներով հավաքվել, սիրտ էին տալիս: Հորքուրս անընդհատ կրկնում էր՝ Աստված ջան, մի լույս բացվի, ու հենց էդ պահին զանգում է: 

Ո՛չ բարև, ո՛չ բարլուս: Ասում ա՝ Անդո՛, կողմնացույցը ո՞նց են սարքում: 

Արա՛, ի՞նչ կողմնացույց, էս ո՞ւր ես, երեք ամիս ա՝ խաբար չունենք: 

Իսկ կողմնացույցը տեղանքում կողմնորոշվելու համար էր պետք: Երկու ամսից ավելի անտառներում ու ձորերում դեգերող հայ տղաները փրկության օղակ էին փնտրում: 

Շարքային Դավիթ Սահակյան 

Մի քանի անգամ փորձել ենք կողմնացույց սարքել՝ չի ստացվել: Տեղանքում կողմնորոշվելու համար բարձրանում էինք լեռներ՝ այնտեղից տեսնում՝ ինչը որտեղ ա: Երբ մառախուղ էր, մոլորվում էինք: 

Շարքային Արման Արմաղանյան

Թաքնվում էինք գյուղերում, բայց քանի որ այնտեղ շարժը շատ էր, ապահով չէր: Սկսեցինք սարերում, անտառներում թաքնվել, իսկ գյուղ էինք իջնում՝ սնունդ հայթայթելու: Օգտվում էինք գյուղացիների պահածոներից՝ լեչո, կոմպոտ, մուրաբա: Հաճախ սոված էինք, սակայն դժվարը դա չէր:

Շարքային Դավիթ Սահակյան 

Ամենադժվարը հույսը չկորցնելն էր: Հաճախ էինք դեպրեսիայի մեջ ընկնում: Այդ վիճակներից դուրս էինք գալիս Արմանի շնորհիվ, նա մեր մեջի ամենալավատեսն էր, ասում էր՝ անպայման դուրս ենք գալու: 

Ծանր պահերին մտածում էինք մեր հարազատների, ապագայի մասին, թե ինչով ենք զբաղվելու, երբ այս ամենն ավարտվի: Տատիս սարքած մսով ռուլետներն էի հիշում, մամայիս տոլման: Մտածում էի՝ անպայման նորից փորձելու եմ: Լավ հուշերը օգնում էին: 

No description available.

Շարքային Արթուր Հարությունյան

No description available.

Անընդհատ փոփոխվող տրամադրությամբ էինք: Երբ կրակոցներ էինք լսում, մտածում էին՝ մերոնք են, փրկվելու հնար կա: Երբ դրանք դադարում էին, հուսալքության պահեր էինք ունենում: Հիմնականում հոգու խորքում հավատում էինք, որ փրկվելու ենք: 

Ամենադժվարն այն էր, որ մտածում ես՝ քո պատճառով ինչ-որ մեկը տառապում է, խոսքը ծնողներիդ, հարազատներիդ մասին է: Ուզում ես հենց նրանց համար մի ձև դուրս գաս, փրկվես: 

Արմանը մեր մեջ միակն էր, որ ոչ մի րոպե չէր կասկածում՝ դուրս ենք գալու, ինքը հավատում էր, մենք էլ իրեն էինք հավատում: 

Թշնամուն տեսել ենք դեմ դիմաց: Մենք նրանց տեսնում էինք, նրանք մեզ՝ ոչ: Գիտակցում էինք՝ ավելի լավ է մեռնենք, քան թուրքի ձեռն ընկնենք: Պատրաստ էինք դրան: Կռիվ էինք տալու: 

Տղաների հատած ճանապարհը, ուղիղ գծով  40 կմ է, բայց, սարերով, ձորերով, դժվարանցանելի ճամփեքով անվերջանալի թվացող ճանապարհով, հյուծված, հասկանալի է, թե որքան երկար  են քայլել: Ասում են՝ հասկանում էինք, որ երկիր ենք կորցնում, դա էր դժվարը:

Նրանից չորսը Երևանից են, մեկը՝ Մարտակերտից, մյուսն էլ՝ Գորիսից: Մոսկվայում ծնված ու ապրող գորիսեցի Նիկոլայը առողջական խնդիրներով բանակից ազատվելու հիմք ուներ, բայց պնդեց իրենը ու եկավ ծառայելու:

Շարքային Նիկոլայ Ստեփանյան

Ճիշտը դա էր: Թեև ծնողներս դեմ էին, ես իմ ասածն արեցի: Ամենամեծ ձեռքբերումս ընկերներս են: Այս օրերը մեզ ավելի ամրացրին: Իրար օգնում էինք, մեր ընկերությունը այսուհետ առհավետ է: Դեկտեմբերի 20-ն էլ մեր երկրորդ ծննդյան օրն է: 

No description available.

Շարքային Դավիթ Սահակյան

Երբ Արմանի զանգը հաջողվեց, ուրախությունից ու հուզմունքից լաց էր լինում, ոչ միայն նա, այլև մենք բոլորս: Երբ արդեն մեզ հանում էին, հասկացանք, որ մենք՝ վեցով, ինչ-որ բան արժենք, որ մենակ չենք:

Ի՞նչ է փոխվել այս ամենից հետո: Սկսել եմ գնահատել շատ մանր թվացող բաներ, հասկանալ, որ հարազատիդ հետ տանը պարզապես մտերմիկ երեկո ունենալը երջանկություն է: Երբ տուն վերադառնամ, ավելի շատ եմ հոգ տանելու ընտանիքիս մասին: 

70-օրյա մղձավանջից տղաները դուրս են եկել հայ փրկարարների, ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով: Նրանք անմիջապես հոսպիտալացվել են: Ստորին վերջույթների վնասվածքով են, սառեցրել են ճամփեքին: 

Մարինե Մկրտչյան

Արցախ

MediaLab.am