Անպտուղ ընտանիքներին աջակցություն պետությունից և մասնավոր սեկտորից

Անպտուղ ընտանիքներին աջակցություն պետությունից և մասնավոր սեկտորից
Անպտուղ ընտանիքներին աջակցություն պետությունից և մասնավոր սեկտորից
Հեղինակ MediaLab

Հայաստանի բնակչության թվին առնչվող ՄԱԿ-ի վերջին կանխատեսումներն այնքան էլ հուսադրող չէին. ըստ այդմ՝ 2030 թվականին Հայաստանի բնակչությունը նվազելու է մինչև 2 մլն 993 հազար մարդ: Մինչդեռ 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ արդեն հանրապետության բնակչության թիվը 36,000-ով ավելի քիչ էր, քան ՄԱԿ-ը կանխատեսել էր 2030 թ. համար:

Պատճառներից մեկը Հայաստանում առկա անպտղության բարձր ցուցանիշն է, ինչը ևս բացասաբար է ազդում երկրում ծնելիության մակարդակի վրա: Բնակչության պարզ վերարտադրության համար (երբ բնակչության թիվը մնում է անփոփոխ) յուրաքանչյուր կին պետք է ունենա 2,1 երեխա, մինչդեռ Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 1,6: Ներկայում մեր երկրում յուրաքանչյուր 6-7-րդ ընտանիքն անպտղություն ունի: Ապացուցված է, որ այն երկրները, որտեղ անպտղության ցուցանիշը 15%-ից բարձր է, կանգնում են ժողովրդագրական խնդրի առջև:

Անպտղությունը հաղթահարելու ճանապարհներից մեկը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառումն է, ինչը, սակայն, ծախսատար է և շատ դեպքերում անմատչելի՝ հատկապես անապահով ընտանիքների համար:

Մեզանում պետությունը ևս պետք է մասնակցություն ունենա խնդրի կարգավորման հարցում. անպտղություն ունեցող զույգերի հետազոտման և բուժման նպատակով՝ 2019 թվականի առողջապահական բյուջեով «Անպտղություն ունեցող զույգերի համար վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայությունների» ծրագրի շրջանակում հատկացվել է 210 միլիոն դրամ: Այն գրեթե 4 անգամ ավելին է նախորդ տարիների հատկացումներից (նախկինում՝ շուրջ 50 միլիոն դրամ): Ծրագիրն ուժի մեջ է մտել 2019 թ․ սեպտեմբերի 7-ից։ Հատկացված գումարի շրջանակում նախատեսված է սպասարկել մոտ 300 շահառուի:

Անպտղություն ունեցող զույգերը կարող են օգտվել բուժօգնության հետևյալ տեսակներից․

  • անպտղության պատճառների հետազոտում և բուժում,
  • մինչ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների իրականացում,
  • պարտադիր հետազոտությունների իրականացում,
  • ամուսնու կամ դոնորական սերմով արհեստական սերմնավորում` առավելագույնը 6 փորձ,
  • արտամարմնային բեղմնավորման 1 փորձ,
  • հավելյալ սաղմեր ստանալու դեպքում արգանդի խոռոչում երկրորդ և երրորդ տեղադրումների իրականացում:

Պետությունը չի փոխհատուցում փոխնակ մոր, դոնորական ձվաբջիջների և դոնորական սերմնաբջիջների ծախսերը։

 

Եթե ամուսնական զույգն ուզում է երկրորդ փորձն իրականացնել, պետությունն այդ ծախսը կարող է փոխհատուցել 50 տոկոսով։

Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեն 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ, նշված հիմնական պահանջներին համապատասխանող զույգերը

  • ամուսինը կամ կինը պետք է լինի զինծառայող կամ զինծառայողին հավասարեցված անձ,
  • զույգի որդին ռազմական գործողությունների ընթացքում կամ ծառայության ավարտից հետո դրա հետ կապված պատճառական կապով զոհվել է
  • անապահովության համակարգում ներառված` 30.01 և ավելի միավոր ունեցող ընտանիք է,
  • ամուսիններից մեկն ունի հաշմանդամություն
  • սոցիալական հատուկ աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում բնակվող զույգ է:

Միաժամանակ, պահանջներից  է նաև, որ

  • ամուսինները կամ ամուսիններից մեկը լինի ՀՀ քաղաքացի,
  • ամուսնությունը գրանցված լինի օրենսդրությամբ սահմանված կարգով,
  • կինը լինի 20-35 (ներառյալ) տարիքային խմբում։

Նկատենք, որ հարցը ոչ միայն պետության, այլև լրագրողների, ՀԿ-ների քաղաքացիական ակտիվիստների, բարեգործական հիմնադրամների  ուշադրության և  մշտական հոգածության կարիքն ունի։

2011 թ. ապրիլի 18-ից գործում է, օրինակ, «ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը։ 18.07.18 թ. դրությամբ հիմնադրամի միջոցով
ուղեգրվել են – 1445 ամուսնական զույգեր,
ավարտել են – 1277-ը,
հղիացել են – 559-ը,
ծննդաբերել են – 373-ը,
ծնվել են – 528 երեխաներ:

2017 թվականից Հայաստանում գործում է նաև «Հայ» Ասոցիացիան,  որի կողմից իրականացվող «Հայ Մանուկ» ծրագիրը ֆինանսապես աջակցում է անպտղություն ունեցող այն զույգերին, որոնք, համաձայն բժշկական հետազոտությունների, կարող են երեխա ունենալ միայն արտամարմնային բեղմնավորման միջոցով:

Ասոցիացիան ներկայացուցիչներ ունի Հայաստանում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում:

Գործունեության ընթացքում Ասոցիացիան հովանավորվել է շուրջ 30 ընտանիքի. լույս աշխարհ են եկել 7 երեխաներ, այս պահի դրությամբ սպասում են ևս 11 երեխայի լույս աշխարհ գալուն:

Աղբյուրը՝ www.Uic.am