Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը հետաձգվել է տոմսերի ոչ բավարար վաճառքի պատճառով

Թբիլիսիից դեպի Երևան «Georgian Airways» և «Armenia Aircompany» ընկերությունների` փետրվարի 29-ին` ժամը 18:50-ին նախատեսված և չեղարկված չվերթը պետք է իրականացվեր մեկ ինքնաթիռով: Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է կոմերցիոն նպատակով: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Armenia Aircompany»-ից:

Այսինքն` հետաձգվել է ոչ թե երկու, այլ մեկ ինքնաթիռի չվերթ: «Georgian Airways»-ը և «Armenia Aircompany»-ն համագործակցող ընկերություններ են:

«Երևան-Թբիլիսի-Երևան չվերթը չեղարկվել է բացառապես կոմերցիոն նպատակով, որևէ այլ ազդակ չկա չվերթի չեղարկման հետ կապված: Այսինքն` տվյալ չվերթի համար բավարար տոմսեր չէին վաճառվել, օդանավը թռիչքներ իրականացնելու համար պետք է ունենա ուղևորներով բավարար ծանրաբեռնվածություն: Եվ ավիաընկերությունը կոմերցիոն տեսանկյունից նպատակահարմար չի գտել չվերթն իրականացնել»,-ասաց ավիաընկերության մարքետինգի գծով մենեջեր Նելլի Կոստանդյանն ու շեշտեց՝ չվերթի չեղարկումը կատարվել է դեռևս մեկ ամիս առաջ:

Անդրադառնալով տեղեկությանը, թե չվերթը չեղարկվել է, քանի որ օդանավը կապիտալ զննման է գնացել՝ նա հերքեց՝ նշելով, որ ունեն Հայաստանում գրանցված և գործող երկու օդանավ, որից մեկն է ուղարկվել տեխզննման, մյուսը Հայաստանում է, իրականացնում է չվերթներ: