Վարդենիսում ՔՊ-ն ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել համայնքի բնակիչների ընտրության արդյունքները․ Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Վարդենիսում «Քաղաքացիական պայմանագիրը» ոստիկանության ակնհայտ ապօրինի աջակցությամբ փորձում է խմբագրել համայնքի բնակիչների ընտրության արդյունքները։

Չմտնելով բոլոր տեսակի կեղտոտ քայլերի իրավական քննարկումների մեջ` պետք է արձանագրենք, որ Վարդենիսում ընդդիմությունը գումարային առումով ավելի շատ քվե է ստացել, քան ՔՊ-ն:Ընդդիմությունը այդ համայնքում ունի ավագանու 14 անդամ, ՔՊ-ն` 13:

Եվ ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը պետք է լինի ընդդիմությունից: Այդպիսին է վարդենիսցիների` ընտրություններով արտահայտված կամքը: Բայց ՔՊ-ն չի համակերպվում այդ իրողության հետ. նախ ոստիկանության միջոցով փորձեց տապալել համայնքի ղեկավարի ընտրության նիստը, ապա, ակնհայտ առանց հիմքերի գնաց վարչական դատարան` բողոքարկելու համայնքի ղեկավարի ընտրված լինելու հանգամանքը, իսկ այսօր ոստիկանության միջոցով չի թողնում, որ ժողովրդի կողմից ընտրված ավագանու անդամները մտնեն համայնքապետարանի շենք:Կարող է հարց առաջանալ. ինչու՞ է ՔՊ-ն դիմում այդ բոլոր, ըստ էության, ժամանակ ձգող քայլերի, եթե, միևնույնն է, համայնքի ավագանիում ունի 27 տեղերից միայն 13-ը:

Ասեմ (ենթադրեմ), որ այդ ընթացքում փորձի ուժայինների ճնշումներով և/կամ առնելով իր կողմ քաշի ավագանու գոնե մեկ անդամի և ստանալով մեծամասնություն՝ վերցնի համայնքային իշխանությունը:Առայժմ, ամեն դեպքում, պարզ է, որ ՔՊ-ն (վարչական լծակների չարաշահմամբ) չի թողնում, որ վարդենիսցիների մեծամասնության քվեները հավաքած ուժերը կարողանան համայնքային իշխանություն ձևավորել»: