«Այս գործողությունները չունեն այն մասշտաբը, որի համար Ռուսաստանը պատրաստ է գործի դնել իր պայմանագրային պարտավորությունները». Արման Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, ԱՄՆ-ի Լիհայի համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը

– Պարո՛ն Գրիգորյան, ինչպե՞ս եք գնահատում Երասխում ստեղծված իրավիճակը։ Ինչի՞ հետևանք է Երասխում ստեղծված իրավիճակը։

– Դժվար է վստահ պնդումներ անել, թե հատկապես ի՛նչն է Ալիևի մոտիվը տվյալ դեպքում, բայց որոշ ենթադրություններ երևի կարելի է անել։ Սա երևի մտնում է Հայաստանից արագ ու մաքսիմալ զիջումներ կորզելու Ալիևի ընդհանուր քաղաքականության տրամաբանության մեջ։ Այսինքն` սա ինչ-որ առումով ընդամենը մեկն է մի քանի նմանատիպ գործողություններից, որոնց նպատակը Հայաստանին ստիպելն է զիջումներ անել, քանի դեռ Հայաստանն ի վիճակի չէ լուրջ դիմադրություն ցույց տալու։

Սա կարող է նաև լրացուցիչ պատճառ ունենալ։ Վերջերս Հայաստանին մեծածավալ օգնություն հատկացնելու Եվրոպական միության որոշումը կարող է Ադրբեջանում դիտված լինել որպես միջազգային մթնոլորտի փոփոխության ազդանշան և դրդած լինել նրանց մեծացնելու ճնշումն ու արագացնելու պրոցեսները, քանի դեռ այդ մթնոլորտը հստակ տեսք չի ստացել, ու քանի դեռ այդ աջակցությունը Հայաստանի մեջքը չի ուղղել։

Ես կարծում եմ նաև, որ ընտրություններից հետո Ալիևը որոշել է ավելի մեծացնել ճնշումը երկու պատճառով։ Առաջին՝ ընտրություններից առաջ շատ մեծ ճնշումը Փաշինյանի վրա կարող էր բացասաբար անդրադառնալ նրա վարկանիշի վրա, իսկ Ալիևը շատ ուզում էր, որ Փաշինյանը վերընտրվի։ Երկրորդ՝ Ալիևը թերևս փորձում է Փաշինյանին հասկացնել, որ «պողպատե մանդատը» միայն ներքին օգտագործման համար է պիտանի։

– Ի՞նչ զիջումների մասին է խոսքը։

– Ամենակարևոր չլուծված խնդիրները երեքն են. Զանգեզուրով դեպի Նախիջևան բացվող ճանապարհի կարգավիճակը, Արցախի կարգավիճակի հարցն ու սահմանների դեմարկացիան, որի մեջ մտնում է նաև անկլավների հարցը։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում հայկական կողմը պարտավորվել է ապահովել անխափան հաղորդակցություն Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, բայց այդ փաստաթղթում վերջնական հստակություն չկար այն մասին, թե ինչ կարգավիճակ է ունենալու այդ ճանապարհը։ Հստակ է, որ հայկական ու ադրբեջանական կողմերը տարբեր կերպ են սահմանում այդ ճանապարհի կարգավիճակը։ Մասնավորապես, Ադրբեջանը փորձում է պարտադրել լուծում, որով Հայաստանը սուվերեն վերահսկողություն չի ունենա այդ ճանապարհի վրա։ Ադրբեջանը նաև փորձում է Հայաստանից կորզել Արցախի վրա Ադրբեջանի սուվերենության պաշտոնական ճանաչում, ինչպես նաև սահմանների դեմարկացիա, որով Ադրբեջանին կանցնեն որոշ տարածքներ, որոնք ժամանակին համարվել են Խորհրդային Ադրբեջանի տարածքներ։

– Ալիևը հայտարարում է, որ Հայաստանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել, մյուս կողմից՝ նշում է, որ ռազմական գործողություններ չեն սկսի։ Հայաստանն այսօր ի՞նչ դիրքերում է գտնվում։

– Հայաստանը պատերազմից հետո հայտնվել է շատ ծանր վիճակում։ Մենք մի կողմից փաստորեն կորցրել ենք մեզ պաշտպանելու կարողությունը, մյուս կողմից՝ կորցրել ենք այն, ինչ կարող էր մեզ պետք գալ բանակցություններում որպես փոխանակման առարկա։ Դրա հետևանքով մենք հայտնվել ենք մի վիճակում, երբ բազմաթիվ հարցերում պարզապես ստիպված ենք հենվել արտաքին աշխարհի, հատկապես, Ռուսաստանի բարեհաճության վրա։ Իրավիճակը բարդանում է նրանով, որ մեր քաղաքականապես ակտիվ հասարակության մի մեծ հատված անցյալ տարվա աղետից ոչ մի դաս չի քաղել։ Նույն հավակնությունները, նույն հոխորտանքը, իրականության նույն մերժումը, իղձերն արդյունքների ամենակարևոր գրավական համարելու նույն մանկամտությունը։

Ինչ վերաբերում է ռազմական գործողություններին, քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, քանի դեռ լուծված չեն Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա խնդիրները, և քանի դեռ Ադրբեջանին զսպելու մեր կարողություններն այս աստիճանի սահմանափակ են, մենք պարբերաբար ականատես ենք լինելու սահմանային միջադեպերի ու ռազմական բախումների։ Լայնածավալ պատերազմի հավանականությունը, սակայն, ես փոքր եմ համարում։

Պարո՛ն Գրիգորյան, ինչո՞ւ է թիրախում հենց Երասխը։ Ի՞նչ խնդիր է փորձում լուծել Ադրբեջանը։

– Գուցե Երասխը հատուկ նշանակություն ունի, բայց ես վստահ չեմ՝ ինչն է դա։ Ես ավելի շատ հակված եմ տեսնելու դա որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու ընդհանուր քաղաքականության հերթական դրսևորում։ Հնարավոր է, իհարկե, որ դա արվում է որպես սպառնալիք Երևանը Հայաստանի հարավին կապող ճանապարհին։ Կարող են լինել այլ մասնավոր մոտիվներ նույնպես, բայց կարծում եմ, որ նման միջադեպեր կարող են տեղի ունենալ հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում։

– Ո՞ւմ է ձեռնտու հայադրբեջանական լարվածությունը։

– Եթե նկատի ունեք ինչ-որ երրորդ ուժերի, ապա, ես կարծում եմ՝ կարիք չկա խնդիրն այդտեղ փնտրելու։ Հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծված չէ։ Ադրբեջանը փորձում է լուծում պարտադրել Հայաստանին իր համար հնարավորինս նպաստավոր պայմաններով` օգտվելով այն հանգամանքից, որ Հայաստանը հիմա խիստ թուլացած է ու խոցելի։ Մութ սենյակում սև կատու փնտրելու կարիք չկա։

Ռուսաստանից դարձյալ արձագանք չկա, թեև 2020-ի հոկտեմբերի 31-ին Պուտինը հայտարարում էր, որ Ռուսաստանը անհրաժեշտ ողջ աջակցությունը կցուցաբերի, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն Հայաստանի տարածք։

– Այս գործողությունները չունեն այն մասշտաբը, որի համար Ռուսաստանը պատրաստ է գործի դնելու իր պայմանագրային պարտավորությունները։ Ֆորմալ առումով, իհարկե, մենք կարող ենք պնդել, որ Ադրբեջանը մի քանի հատվածում խախտել է հայ-ադրբեջանական սահմանը, և, հետևաբար, մենք կարող ենք օգնություն ակնկալել ՀԱՊԿ-ից։

Բայց, կրկնում եմ՝ դրանք չունեն այն մասշտաբը, որ արդարացնեն Ռուսաստանի կողմից Ադրբեջանին պատերազմ հայտարարելը։ Շատ լավ կլիներ, որ ռուսների կարմիր գծերն ավելի խիստ լինեին, բայց ունենք այն, ինչ ունենք։

Այս հարցը հաճախ տրվում է այն ենթատեքստով, որ ռուսներն անհուսալի դաշնակիցներ են կամ որ ընդհանրապես գործում են մեր շահերի դեմ։ Ես երկու հռետորական հարց կտամ այս կապակցությամբ։

Առաջին՝ որտե՞ղ կլիներ այսօր ադրբեջանական բանակը, եթե ռուսները պատերազմը չկանգնեցնեին 2020 թ. նոյեմբերի 9-ին։ Երկրորդ՝ Ռուսաստանի վատ դաշնակից կամ թշնամի երկիր լինելու մասին պնդում անողներն ու դեպի Արևմուտք թեքվելու ջերմեռանդ կողմնակիցները վստա՞հ են, որ Թուրքիայի ռազմական դաշնակից Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն ավելի պատրաստակամ են Ադրբեջանին պատերազմ հայտարարելու Երասխի միջադեպի նման միջադեպերի համար:

Մանե Հարությունյան

MediaLab.am