«Թույլ չենք տա թունավորել մեր ապագան». Սյունիքում ուրանի հանքերի շահագործման ծրագիրը փողոց է հանել հազարավոր մարդկանց

«Թույլ չենք տա թունավորել մեր ապագան». Սյունիքում ուրանի հանքերի շահագործման ծրագիրը փողոց է հանել հազարավոր մարդկանց
«Թույլ չենք տա թունավորել մեր ապագան». Սյունիքում ուրանի հանքերի շահագործման ծրագիրը փողոց է հանել հազարավոր մարդկանց

Գրեթե երկու տարի առաջ Հայաստանի հարավում գտնվող Սյունիքի մարզում, որը հայտնի է բազմամետաղ հանքերով, «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ մեկնարկած ուրանի հանքերի գեոֆիզիկական գեոքիմիական հետազոտությունների որոնողահետախուզական աշխատանքները, նոյեմբերի 11-ին մարզկենտրոն Կապանի փողոց էին հանել բազմաթիվ մարդկանց, որոնք ասում էին, որ եկել են պայքարելու ապագա սերունդների կյանքի համար:
«Ցեղասպանությունն էլ ո՞նց է լինում,- «Մեդիալաբին» ասում է Կապանի բնակչուհի 43-ամյա Արմինե Նահապետյանը: – Եթե սկսվեն ուրանի արդյունահանման աշխատանքները, հաշվեք, որ մեր մարզը պետք է ջնջել քարտեզի վրայից»:

Մուտացիայի ենթարկված կենդանիների և երեխաների նկարների պաստառներով, «Թույլ չենք տա թունավորել մեր ապագան», «Մեզ անհրաժեշտ է էկոլոգիապես մաքուր միջավայր», «Չեք մարսելու» և նման այլ ցուցանակներով առնվազն երեք հազար մարդ Երևանից գրեթե 350 կմ դեպի հարավ գտնվող Կապան քաղաքի հրապարակում դուրս էին եկել բողոքի խաղաղ ցույցի` պահանջելով կասեցնել արդեն գրեթե երկու տարի մարզի Լեռնաձոր համայնքում իրականացվող ուրանի որոնողական աշխատանքները:

Ծրագրի դեմ միավորված Կապանի տասը ՀԿ-ներից մեկի` Կապանի զոհված և վիրավորված ազատամարտիկների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանն ասում է, որ օրեր շարունակ իրազեկման աշխատանքներ են տարել մարզում` թռուցիկներ բաժանելով և բարձրախոսներով տեղեկացնելով մարդկանց նախատեսված հանրահավաքի մասին: Ընդդեմ ուրանի ծրագրի սկսված ստորագրահավաքին ավելի քան 11 հազար մարդ է միացել:

«Մարդիկ շատ վրդովված են, և բոլորն էլ միացել են մեզ,- «Մեդիալաբին» ասում է Հարությունյանը: – Մեզ ուրանի հանքավայրեր պետք չեն, չենք ուզում ո´չ հանքերը բացվեն, ո´չ էլ մեր սերունդների ճակատագրի վրա քար գցեն»:

Պայքարին միացած «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասում է, որ պատրաստվում են լավագույն փաստաբանների միջոցով դատական հայց պատրաստել: Նրա խոսքով` հարցը ոչ միայն Սյունիքի մարզին է վերաբերում, այլև ամբողջ Հայաստանին:

«Մենք վիճարկելու ենք կառավարության բոլոր որոշումները, որոնք կապ ունեն այս գործի հետ, դատ ենք սկսելու Հայաստանի Հանրապետության դեմ, քանի որ ապօրինի որոշում է կայացվել, և հասարակությունն ինչպես կարգն է մասնակցություն չի ունեցել այս գործընթացին` հանրային լսումներին և քննարկումներին,- «Մեդիալաբին» ասում է Զարուհի Փոստանջյանը: – Դիմելու ենք թե´ պետական բոլոր ատյաններին և թե´ միջազգային, ընդհուպ մինչև այս հարցը բարձրացնելու ենք ԵԽԽՎ-ում»:

Բնապահպաններն արդեն երկու տարի է` ահազանգում են բնապահպանական դժվարին կացության մեջ հայտնված Սյունիքի մարզի ճակատագրի մասին, սակայն չնայած բարձրացված աղմուկին, ծրագիրն ընթանում է իր բնականոն հունով:

«Այս ծրագիրն ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ` իր ամենավատ դրսևորումներով,- «Մեդիալաբին» ասում է Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը: – Դա ուղղակի անթույլատրելի է, սարսափելի»:

Հայաստանում ուրանի հնարավոր պաշարները ճշտելու նպատակով դեռևս խորհրդային տարիներին մեծածավալ հետազոտություններ են կատարվել, սակայն արդյունագործական աշխատանքներ այդպես էլ չեն սկսել` Միության այլ հանրապետություններում առավել մեծ պաշարների առկայության պատճառով:

Մասնագետների գնահատականներով` ուրանի պաշարները Հայաստանում տատանվում են 10-60 հազար տոննայի սահմաններում: Այս տարի, ինչպեսև նախատեսվում էր, Լեռնաձոր համայնքում հետազոտական փուլին հաջորդել է հորատանցքը, հատուկ տեխնիկա է բերվել հետագա աշխատանքները կազմակերպելու համար:

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, հայտնի գեոքիմիկոս Սերգեյ Գրիգորյանը, որը ղեկավարում է ուրանի պաշարների երկրաբանահետախուզական աշխատանքները, ասում է, որ աղմուկն անիմաստ է: Նա ասում է, թե աշխատանքները ցույց են տվել, որ տարածքը «վարակված է ուրանով», ինչը վնասակար է գյուղատնտեսության համար:

Նա ասում է, որ գյուղացիներին կօգնեն հասկանալու` ո´ր տարածքներն են վարակված, որ «ցորեն ու բանջարեղեն չցանեն»:

«Մի՞թե այսքան աղքատ երկիր լինելով` կարելի է նման խոչընդոտներ ստեղծել,-«Մեդիալաբին» ասում է Սերգեյ Գրիգորյանը, – երբ մենք նոր ատոմակայան ենք կառուցում, երբ ունենք ուրանի կարիք, իսկ նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս առանց շրջակա միջավայրն աղտոտելու ուրանի արդյունագործություն իրականացնել: Պետք է ամեն ինչ ծանրութեթև անել նման մոտեցումից առաջ»:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան կազմակերպված բողոքի հանրահավաքի ասել է, թե այսօր ուրանի հանքերի շահագործման մասին խոսելը դեռևս վաղ է:

«Հլա մի հատ հասկանանք՝ կա՞ էդ ուրանը, չկա՞, ի՞նչ ծավալների կհասնի, դա արդյունաբերական նշանակություն ունի՞, թե՞ ոչ։ Միայն ուրանի ուսումնասիրություն չի կատարվում։ Դրան զուգահետ մյուս մետաղների ուսումնասիրություն էլ է կատարվում»,- Tert.am-ին ասել է Մովսիսյանը։

Լեռնաձոր համայնքի ղեկավար Ստեփան Պետրոսյանն ասում է, որ անիմաստ տեղն այդքան ջանքեր ու միջոցներ այնուամենայնիվ չէին ներդրվի: Նա ասում է, որ գյուղացիները հոգնել են ամեն ինչից:

«Հազար տեղից ինչեր ասես չեն ասում, օրինակ` որ ուրանի արդյունահանումը վնաս չի տա համայնքին,- «Մեդիալաբին» ասում է Պետրոսյանը: – Սակայն պիտի միամիտ լինես, որ հավատաս այդ խոսքերին»:

Պետրոսյանն ասում է, որ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհիվ մոտ 450 բնակիչ ունեցող Լեռնաձորում գործնականում գործազրկության խնդիր չկա, ինչը բացառիկ բան է Հայաստանի մյուս գյուղերի համեմատությամբ:

«Եթե ուրանի հանքարդյունաբերությունը սկսվի, հաստատ համոզված եղեք, որ ոչ մեկն էլ գյուղում չի մնա, քանի որ ոչ մեկը չի ուզում արատներով ու խնդիրներով երեխաներ ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է նա:

ՀԿ-ներն արդեն իսկ իրենց մտահոգությունն են արտահայտել` նոյեմբերի 10-ին բաց նամակով դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով կասեցնել սկսված գործընթացը:

Նամակը, որին միացել են Կապանի տասը ՀԿ-ներ, նշված է, որ հաշվի առնելով օրեցօր աճող էներգակիրների պահանջարկը, Հայաստանի փոքր չափերը, տարածաշրջանի բնապահպանական խնդիրները և ուրանի հանքի շահագործման ազդեցությունը, անթույլատրելի են համարում հանքի շահագործումը Հայաստանում:

«Հիմք համարելով մարդու կյանքի և առողջության հիմնարար իրավունքները` ստորագրահավաքի ընթացիկ արդյունքները, հանրության մեջ տիրող լարված մթնոլորտը` մենք պահանջում ենք չեղյալ համարել վերոնշյալ խնդրին առնչվող բոլոր իրավական ակտերը և հանդես գալ գործընթացը կասեցնելու հայտարարությամբ»,-նշված է բաց նամակում:

Ինքնասպանությունների եւ ավտովթարների խրոնիկայի լուսաբանման ամենակարկառուն ներկայացուցիչը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սակայն,  չի կարծում, որ տարբեր ռակուրսներով արյունոտ տեսարաններ նկարահանելը եւ ինքնասպանության մասին խոսելը նպաստում է դեպքերի ավելացմանը:

«Այն մասնագետները, ովքեր ինքնասպանությունների աճը կապում են լուսաբանման հետ գլուխները պատով են տալիս, նրանք ավելի լավ ա գնան հոգեբույժների մոտ,- «Մեդիալաբին» ասում է Շամշյանը:-Եթե դեպք ա տեղի ունենում չնկարե՞նք, ցույց չտա՞նք: Ավելի լավ ա էդ մասնագետները բարձրաձայնեն սոցիալական անապահովության, դատարանների անարդարության եւ տենց բաների մասին: Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի: Թող երբեք չմեղադրեն լրագրողին»:

Մարի Ներսեսյան

 

© Medialab.am