Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ վերջին երեք տարիներին շուրջ 170 միլիարդ դրամի պատվեր է տեղադրվել ռազմարդյունաբերական համալիրում, ինչի արդյունքում ստեղծվել են տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ, որոնք արդեն արտադրանք են թողարկում։
Լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով մայիսի 28-ի զորահանդեսի մասնակից ռազմական տեխնիկան ցուցադրող տեսանյութին, Փաշինյանը նշել է, որ քաղաքացիները Հանրապետության հրապարակում սեփական աչքերով կտեսնեն հայկական բանակի նոր որակը։
«Գուցե ճիշտ չէր այդ փաստը նախապես անոնս անել և ինտրիգը նվազեցնել, բայց բոլոր քաղաքացիները պետք է մայիսի 28-ին լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու համար, որ Հայաստանի Հանրապետությունն արդեն ունի նոր բանակ՝ նոր որակի, նոր մակարդակի և նոր տրամաբանության բանակ»,- ասել է վարչապետը։



















