Իրանական կողմը հերթական անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը «Զանգեզուրի միջանցքի», ուժի չկիրառման վերաբերյալ. Վարդանյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Ժաննա Վարդանյանը

– Տիկի՛ն Վարդանյան, Թեհրանում կայացավ «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումն արտգործնախարարների մակարդակով: Սա ի՞նչ էր Իրանի համար, քանի որ նրանք մշտապես ընդգծում էին այս ձևաչափի գործարկման անհրաժեշտությունը:

– Վերջին տարիներին Իրանը միշտ շեշտում էր, որ տարածաշրջանի հարցերը պետք է լուծվեն տարածաշրջանի երկրների ուղիղ երկխոսության միջոցով ու տարածաշրջանային մեխանիզմներով: Այս համատեքստում կարող ենք ասել, որ այս ձևաչափը լիովին տեղավորվում է Իրանի արտաքին քաղաքականության հիմնական բաղադրիչների շրջանակում, ու նրա համար շատ ցանկալի էր նման հանդիպում անցկացնել ու այն էլ՝ հենց Իրանում: 

Սա մեծ դիվանագիտական ձեռքբերում են որակում Իրանի համար, այսինքն՝ այս ձևաչափն ընդհանուր առմամբ Իրանի կողմից դիտարկվում է որպես տարածաշրջանի գործընթացներին մասնակից լինելու հնարավորություն: Սա այն էր, ինչ Իրանը ցանկանում էր երկու տարի շարունակ: 

Ինչ վերաբերում է արդյունքներին, նախ պետք է ֆիքսենք, որ մեծ հաշվով սա առաջին հանդիպումն էր, որովհետև առաջինը երկու տարի առաջ էր ու փոխարտգործնախարարների մակարդակով, իսկ ընդամենը մեկ հանդիպումը բավարար չէ շոշափելի արդյունքի համար, մանավանդ երբ նայում ենք ընդունված համատեղ հայտարարությունը, ինչն ինձ հիշեցրեց դեռ մինչև պատերազմը՝ 2020 թվականը, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան, Թուրքիա գոյություն ունեցող ձևաչափերը:

Այն ժամանակ էլ կային եռակողմ, քառակողմ ձևաչափեր, որոնք անցկացվում էին ամեն տարի, որից հետո ընդունվում էր հայտարարություն, որում ամրագրվում էին այնպիսի դրույթներ, ինչպիսիք կային այս վերջին հանդիպման ժամանակ: Այս առումով ստացվում է, որ սա իսկապես ավելի շուտ խորհրդատվական ձևաչափ է, որ միտված չէ խորքային խնդիրների լուծման:

Դժվար է պատկերացնել, որ այս ձևաչափով հայ-ադրբեջանական կարգավորում կամ այլ խորքային խնդիր կարող է լուծվել: Այս ձևաչափն այնքան ուժեղ չէ, որպեսզի խորքային ու լուրջ հարցեր լուծվեն: Մեզ համար այստեղ ամենակարևորն այն է, որ իրանական կողմը հերթական անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը, մասնավորապես, «Զանգեզուրի միջանցքի», ուժի չկիրառման վերաբերյալ, այսինքն՝ իրանական կողմը լիովին արտահայտել է դիրքորոշումներ, որոնք բխում են մեր շահերից: 

Այս ձևաչափի դրական կողմը հենց դա է, որ մենք ունենք Իրանին, բայց նաև հենց սա է այս ձևաչափի խոցելիությունը, որովհետեւ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ կան այդ քաղաքական կարգավորման հարթակում, որտեղ Իրանն ունի դիրքորոշում, որը հակասում է իրենց դիրքորոշումներին։

 – Իսկ Իրանի արտգործնախարարի հայտարարությունն այն մասին, որ այս ձևաչափը կարող է լինել տարածաշրջանում խաղաղության հիմնաքար, այդ պարագայում որքանո՞վ է իրատեսական:

– Իրանական կողմը, բնականաբար, շահագրգռված է, որ հարցերը, նույն՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը, այս ձևաչափով լուծվեն, այսինքն՝ Իրանը ցանկանում է, որ գոյություն չունենա արևմտյան հարթակը, իրենց ձևակերպմամբ՝ արտատարածաշրջանային հարթակները, դրանց փոխարեն լինի «3+3»-ը, որը հարցերին լուծում կտա, բայց առկա ցուցիչներով սա այն հարթակը չէ, որը կփոխարինի արևմտյանին:

Էլի եմ կրկնում, չեմ կարծում, թե կողմերը շահագրգռված են, որ Իրանն ակտիվ դերակատարում ունենա ու որոշիչ խոսք ասի այդ բանակցություններում, որովհետև Իրանն առաջ է տանում դիրքորոշում, որը բխում է հայկական կողմի շահերից ու չի բխում թուրք-ադրբեջանական շահերից: Որպես այլընտրանքային ձևաչափ սա կարող է գոյություն ունենալ, բայց հազիվ թե դառնա խորքային խնդիրների լուծման ձևաչափ: 

– Իսկ Ռուսաստանը և՞ս շահագրգիռ չէ, որ Իրանն ակտիվություն ցուցաբերի:

– Կարծում եմ՝ այո՛, կողմերից յուրաքանչյուրն ուզում է առաջնային դերակատարումն իրենը լինի, ու այս պարագայում Իրանի համար դժվար կլինի պայքարի մեջ մտնել ու վճռորոշ դեր ունենալ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am