«Տոմս գնեց, եկավ Հայաստան ու ինձ շատ անսպասելիորեն ամուսնության առաջարկ արեց»․ հայ-ճապոնական սեր՝ Դիանա և Կենտա

30-ամյա Դիանան թեպետ փոքր հասակից անիմեներ է դիտել և Ճապոնիայի նկատմամբ հետաքրքրություն ունեցել, ապա ճապոներեն ուսումնասիրել և օնլայն հարթակներում ճապոներենի բարելավման նպատակով ճապոնացիների հետ շփում հաստատել, միևնույն է՝ մտքով անգամ չի անցել, որ մի օր ճապոնացու հետ կամուսնանա։ 

«Ես ընդհանրապես չէի պատկերացնում, որ կարող եմ ճապոնացու հետ ամուսնանալ, մի շատ հեռու, անիրական բան էր թվում»,- ժպտալով ասում է Դիանան ու պատմում, որ ամուսնու հետ էլ ծանոթացել է օնլայն հարթակում, ընկերական շփվել են, և մի օր իմացել է, որ ընկերը Հայաստանի տոմս է գնել։

«Կես տարի խոսում էինք, բայց ես չէի սպասում, մտածեցի՝ կատակ ա անում, բայց կատակ չէր․․․»- ասում է նա:

Դիանան ապագա ամուսնուն՝ ճապոնացի Կենտա Կոջիմային, առաջին անգամ հանդիպել է 2015-ին Հայաստանում։ Նրա խոսքով՝ Կենտան, ինչպես բնորոշ է ճապոնացիներին, իր զգացմունքների մասին չէր հայտնում, և ինքը բավական ուշ է գլխի ընկել, որ երիտասարդն իր նկատմամբ անտարբեր չէ և իր հետ ընտանիք կազմելու ցանկություն ունի։

«Կենտան հաջորդ երկու տարիներին էլ Հայաստան եկավ, բայց ամուսնության մասին խոսք չկար։ Ճապոնացիները շատ փակ են, նրանք հայերից շատ են տարբերվում, հայ տղան միանգամից կասեր՝ արի ընկերություն անենք, ամուսնանանք, ճապոնացու դեպքում չես հասկանա՝ ինքը քեզ հավանո՞ւմ ա, թե՞ չէ։ 2018-ին ինձ հրավիրեց Ճապոնիա, իր հաշվին։ Ես հասկացա, որ ուղղակի ընկերոջը չեն կարող հրավիրել այդքան թանկ երկիր, թանկ տոմսերով։

Ես հետ եկա, մյուս տարի ինքը եկավ Հայաստան ու ինձ շատ անսպասելիորեն ամուսնության առաջարկ արեց՝ ծնկի իջած մատանին տալով՝ կինոյի պես»,- ժպիտով հիշում է Դիանան ու ասում, որ որոշեց մտածել, այնուհետև պատասխանել։

«Ինքն ասեց՝ լավ, ես մյուս տարի կգամ, ու դու ինձ կպատասխանես, բայց մյուս տարի քովիդը սկսվեց, դա ամենատխուր պահն էր մեր կենսագրության մեջ։ Մենք ընդհանրապես շոկի մեջ էինք՝ արդյոք ինքը երբևէ կկարողանա՞ գալ, կամ ես կկարողանա՞մ գնալ։ Մի տարի ուղղակի շփվել ենք»,- ասում է նա։

2021-ին, երբ սահմանափակումները մեղմացվում են, և հնարավոր է դառնում Ճապոնիայից Հայաստան գալ, Կենտան գալիս է Հայաստան, և տեղի է ունենում Դիանայի և Կենտայի ամուսնությունը։

Դիանան ասում է՝ բավական ժամանակ անցավ, որ հասկանար՝ ինքը ցանկանում է իր կյանքը կապել Կենտայի հետ։ Ասում է՝ շատ էին մտերմացել, հարազատացել։ Նրա խոսքով՝ և՛ արտաքնապես, և՛ բնավորությամբ Կենտան լավագույնն էր։

«Սիրում եմ արտաքուստ ասիական տիպաժի տղամարդկանց։ Իր բնավորությունն էլ էնպիսին ա, որ շատ հոգատար ա։ Օրինակ՝ հայ տղամարդիկ ավելի կոպիտ են։ Կենցաղում էլ, օրինակ՝ նենց չի, որ ամեն ինչ կինն ա անում, այդպիսի բան չկա, դուք կիսում եք ձեր պարտականությունները։ Մեր հետաքրքրությունները ևս շատ նման են, երկուսս էլ շատ ենք սիրում սարսափ ֆիլմեր, ռոք երաժշտություն, գիրք կարդալ և այլն»։

Դիանան ասում է՝ ծնողների համար էր շատ դժվար ընդունել և համակերպվել այն մտքի հետ, որ իրենց միակ երեխան ամուսնանում է ճապոնացու հետ և մեկնելու է երկրից։

Հիշում է՝ երբ հայտնեց, որ ճապոնացուց ամուսնության առաջարկ է ստացել, ծնողները շատ տխրեցին։

«Մեր տանը ողբ էր, հետո կորոնավիրուսը սկսվեց, ասեցի՝ էդ սաղ ձեր աչքն էր, որովհետև շատ ողբացիք (ժպտում է), բայց երկու տարում էդ մտքի հետ մերվեցին»,- պատմում է նա:

Նկարում աջից՝ Դիանան, մայրը, հայրը և Կենտան

Դիանայի խոսքով՝ առհասարակ ճապոնացիները ևս դեմ են օտարերկրացիների հետ ամուսնություններին, խառնամուսնությունները շատ սակավաթիվ են Ճապոնիայում։ Նա ասում է՝ եթե Կենտան էլ շրջագայած, ԱՄՆ-ում ուսանած չլիներ և մտածեր տիպիկ ճապոնացու պես, իրենք հաստատ չէին ամուսնանա։

Դիանան ասում է՝ ամուսնու ծնողները ևս ջերմորեն են ընդունել իրեն, անգամ Կենտայի հայրը շատ հետաքրքրված է Հայաստանով, ուսումնասիրում է պատմությունը և երազանք ունի՝ գալ և Գառնին տեսնել։

«Հուսով եմ՝ մի օր կիրականացնենք»,- ժպտալով ասում նա:

Նկարում՝ Դիանան, Կենտան, Կենտայի ծնողները

Դիանան ասում է՝ հաճախ է սոցցանցերում հայերից վատ մեկնաբանություններ ստանում՝ ինչո՛ւ է օտարերկրացու հետ ամուսնացել։

«Ինտերնետում շատ են գրում՝ դու կեղտոտեցիր հայի արյունը։ Երբ Հայաստանում զբոսնում էինք, նման բան չեմ լսել, բայց համացանցում դա լսում եմ ամեն օր։ Առանձին նամակներ են գրում, վիդեոներիս տակ են գրում, ջնջում եմ, որ հանկարծ ամուսինս չտեսնի, ինքը թարգմանում ա ու նեղվում տենց բաներից»։

Դիանան ասում է՝ համատեղ կյանքի համար շատ կարևոր է, երբ կինն էլ, տղամարդն էլ կյանքի նկատմամբ նույն նպատակներն ունեն և նույն ուղղությամբ են նայում։

«Ամենակարևորը՝ երկուսդ մի բան եք ուզում էս կյանքից, չեք շեղվում երկու տարբեր նպատակներով»,- ասում է նա ու նշում՝ հարաբերություններում կարևոր չէ՝ օտարերկրացու հետ, թե հայի, անհրաժեշտ է ցանկացած հարցի դեպքում խոսել միմյանց հետ, բացահայտել խնդիրը և լուծում տալ։

«100 տոկոսանոց իդեալական մարդիկ չկան, եթե դու ապրում ես ինչ-որ մեկի հետ, ահագին պրոբլեմներ են ի հայտ գալիս, բայց ամենաառաջին բանը խոսելն ա, եթե ինչ-որ բան դուր չի գալիս, պետք է խոսել, բացատրել։ Օրինակ՝ ճապոնացին չի սիրում խոսել, մեջն է պահում, չի ասում՝ ինչն իրան դուր չի գալիս կամ գալիս, բայց քիչ-քիչ հանում ենք մեր միջից»։

Դիանային Ճապոնիայում շատ գրավում է հարմարավետությունը։ Ասում է՝ ճապոնացիներն այնպես են անում, որ անհարմարությունը արագ շտկվի, իսկ դիսկոմֆորտի դեպքում շատ նյարդայնանում են։ 

«Օրինակ՝ երբ Կենտան Հայաստան էր եկել, մի օր լույսերն անջատել էին, շատ նեղված զանգել էր, կարծեցի՝ լուրջ բան է եղել։ Իրենք չեն սիրում դիսկոմֆորտ։

Այստեղի սերվիսն էլ երևի աշխարհի լավագույն սերվիսն է։ Եթե վճարունակ ես՝ չափից առավել հոգատար և ուշադիր են քո նկատմամբ։ Եթե, օրինակ՝ ռեստորանում հանկարծ սխալվեցին, էնքան ներողություն կխնդրեն, մի հատ էլ ուրիշ ուտեստ կբերեն, որ չնեղվես»։

Ճապոնական ուտեստներից Դիանան սիրում է սուշին, ռամենը, բայց, ասում է՝ կարոտում է հայկական շաուրման, հացը և ջուրը։ 

Նրա խոսքով՝ Կենտան էլ Հայաստանում հավանել է ուտելիքը, ջուրը և նաև այն հանգամանքը, որ շատ անվտանգ է։

«Զարմացել էր, որ երեկոյան ուշ ժամի՝ 10-ին, երեխեքի հետ հանգիստ զբոսնում են»։ 

Դիանան ասում է՝ ամուսնու աչքից չէին վրիպել զուգարանների կեղտոտությունը, հայերի անճշտապահությունը և սերվիսի ոչ այնքան լավ լինելը։ 

Դիանան այժմ Ճապոնիայից աշխատում է հեռավար՝ որպես անգլերեն-ճապոներենի թարգմանիչ, միաժամանակ ճապոներենի դասերի է հաճախում։ 

Նրա խոսքով՝ առայժմ ավելի նպատակահարմար է, որ Ճապոնիայում ապրեն, սակայն որոշել են, որ տարիներ հետո կտեղափոխվեն Հայաստան։

«Իմ աշխատանքի բնույթն այնպիսին է, որ կարող եմ հեռավար աշխատել, ամուսինս չի կարող, նա զբաղվում է ներմուծմամբ և բանակցություններով։ Աշխատավարձի առումով էլ ինքն այստեղ ավելի է վաստակում, և խելամիտ է, որ մենք այժմ Ճապոնիայում բնակվենք, սակայն որոշել ենք, որ մի օր կտեղափոխվենք Հայաստան»,- ասում է Դիանան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am