Գոյության տարածք. Ստեփանակերտի շուկայի հայտնի տիկին Դոնարան և ժենգյալով հացերը. «Իմ պատրաստածի նման ոչ մի տեղ չեմ տեսել»

Ամեն օր՝ առավոտյան ժամը 9-ին, հաճելի արտաքինով մի կին հանդարտ քայլերով մոտենում ու Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող սննդի կետի դռները բացում է։ Շատ չանցած՝ արդեն ժենգյալով հացի բույրն է տարածվում։ Ստեփանակերտի շուկայի հայտնի ժենգյալով հաց թխող Դոնարան է, որ արդեն 6 ամիս է՝ գործը Երևանում է շարունակում։

Սննդի կետում հինգ հոգով են աշխատում, նրանցից չորսն Արցախից են։ Ստեփանակերտում էլ էին միասին թխում։ «Արցախի համն ու հոտը» գրությամբ համազգեստը հագնում են ու գործի անցնում։ 

«Հենց այսօր երևանցի մի տղա եկավ, որ ժենգյալով հաց առնի, ու մեկ էլ թե՝ վա՜յ, էս դո՞ւք եք, ոնց միամիտ-միամիտ ձեզ գտա։ Էդպես շատ է եղել, որ եկել են ու ինձ ճանաչել»,- ասում է 64-ամյա Դոնարա Գասպարյանը։

Ո՞րն է ժենգյալով հացի պատրաստման իր գաղտնիքը, որ բոլորն այդպես հավանում են։ Հարցին միանշանակ պատասխան չունի, ասում է՝ պետք է կանաչիների ու համեմունքների ճիշտ համադրություն լինի, օրինակ՝ կանաչի կա՝ Արցախում քիչ էր գցում, Երևանում՝ ավելի շատ, որ ճիշտ համ ապահովի, ու ասում է, ձեռքն էլ պետք է «համով» լինի։ 

Դոնարա Գասպարյանը իր «համով» ձեռքերով արդեն շուրջ 32 տարի ժենգյալով հաց է թխում։ Հիշում է՝ Արցախյան առաջին պատերազմից հետո սկեսուրը Ստեփանակերտի շուկայում էր աշխատում։ Ինքը որոշեց տանը թխել ու սկեսուրի հետ շուկա ուղարկել։ Վաճառքն իրեն արդարացրեց, մարդիկ հավանում էին ու այդպես՝ 1 տարի։

«Մի օր սկեսրայրս արագ տուն մտավ, ասեց՝ էլի կա՞, կարա՞ս արագ սարքես, ուզող կա»,- հիշում է Դոնարան։

Երկու մանկահասակ երեխաների հետ բարձրանում էր մոտակա սարը, հավաքում կանաչիներն ու ոտքով հետ գալիս: Երբեմն հոգնում էին, նստում ճանապարհին հանգստանալու, ու որ մեքենա էր պատահում, իրենց իջեցնում սարից, երեխաների ուրախությանը չափ ու սահման չէր լինում։

1 տարի անց արդեն որոշեց շուկայում թխել ու տեղում վաճառել։ 32 տարի ոչինչ չխանգարեց, որ գործը շարունակի։ Թխում ու վաճառում էր արևին, անձրևին, պատերազմի ժամանակ ու նույնիսկ բլոկադայի օրերին, սուղ պայմաններում։

«Հավ էինք պահում ու ինտերնետում գրում էինք, որ հավը ալյուրի հետ կփոխանակենք։ Էդպես հայթայթում էինք ու թխում։ Վերջում արդեն շատ վատ ալյուր էր, առանց ձեթի, աղի, բայց էլի թխում էինք։ Գյուղերից արդեն տեղահանված երեխաները գալիս, նայում էին, աչքներն արցունքոտվում էին։ Բռնում բերում էինք, զոռով հյուրասիրում էդ երեխեքին։ Պատերազմի օրերին զինվորների համար անվճար էինք թխում, բլոկադայի օրերին էլ շատ ենք բաժանել»,- պատմում է Դոնարան ու ցավով ընդգծում, որ միայն տեղահանությունը կարողացավ իր աշխատանքին վերջ դնել։ Վերջ դրեց Ստեփանակերտում, բայց նոր սկիզբ դարձավ արդեն Երևանում։

Ստեփանակերտից հոկտեմբերի 28-ին են դուրս եկել, քանի որ երկու որդիները ծառայում էին։ Ամուսնու, որդիների, հարսների ու թոռների հետ 12 հոգով տեղափոխվել են Երևանի Նոր Նորքում բնակվող իրենց բարեկամի տուն ու դեռ այնտեղ են ապրում։ 

«Չեմ մոռանա կյանքում. երբ արդեն դուրս էինք գալիս, ամուսինս ասեց՝ էդ լաթերը հանի, որ կարողանաս փեջ-մեջդ վերցնես, էդ մեր հացի փողն ա լինելու, ու ես Ստեփանակերտից ինձ հետ բերեցի իմ փեջը, որի վրա թխում եմ ժենգյալով հացերը, վերցրի դանակներս ու գրտնակը»,- ժպտում է Դոնարան ու հիշում, թե ինչպես էին անհանգստացել, երբ դանակերով սահմանն էին հատում: Մտածում էին՝ սահմանին կվերցնեն ու գուցե խնդիրներ ստեղծեն, բայց իրենց մեքենան նույնիսկ չեն էլ ստուգել։

Երևան տեղափոխվելուց անմիջապես հետո փոքր որդին տարածք է փնտրել, որտեղ կկարողանան գործը շարունակել ու բախտի բերմամբ, թե պատահմամբ տան մոտակայքում բոլոր հարմարություններով ու կահավորմամբ մի տարածք են գտել, որը տևական ժամանակ է՝ չէր գործում։

Որդին գտել է սեփականատիրոջն ու վարձակալել։ Դոնարան զանգահարել է Ստեփանակերտում իր հետ աշխատող հայրենակիցներին ու հրավիրել կրկին միասին աշխատելու։ Երեքն էլ սիրով ընդունել են առաջարկը ու Երևանի տարբեր թաղամասերից, մեկն էլ՝ Էջմիածնից ամեն օր գալիս, Նորքի 2-րդ զանգված են հասնում, որ Արցախի համն ու հոտը չկորչի։

«Սկզբում մտածում էի, որ կարող ա Արցախիս համն ու հոտը չկարողանանք այստեղ ստանալ, բայց հուրախություն ինձ՝ բոլոր կանաչիներն էլ այստեղ գտանք, ու երբ սարքեցի, շատ լավ ստացվեց։ Նույն համն ու հոտը ստացանք ու մի բան էլ ավելի լավ»,- ասում է նա։

17 տեսակի կանաչիներ է օգտագործում ժենգյալով հացը պատրաստելիս՝ թրթնջուկ, կնձմնձուկ, ճռճռուկ, բազուկի ճավ, գինձ, դաղձ, եղինջ, ծտապաշար, պտուտկուն, պուտ, պառավապորտ… Կանաչիների մի մասը շուկայից են ձեռք բերում, իսկ ամենակարևոր կանաչիներից մի քանիսը ամուսինն է գտել։ Դուրս է եկել ու փնտրել, Արզնի գետի մոտերքում կանաչ տարածք է տեսել, մոտեցել ու գտել է հենց այն կանաչիները, որն իրենց պետք էին։ 

Տեղում նաև իրենց հարևանուհին է օգնում, նա էլ տարատեսակ թխվածքներ է պատրաստում։ Արցախի փախլավան էլ հարսի ձեռքի գործն է։ Հիմա նորից բոլորով ձեռք ձեռքի տված փորձում են կյանքը նոր էջից սկսել։

«Արցախցու ցավը շատ մեծ է, ոչ բառերով նկարագրելու է, ոչ քանոնով չափելու, բայց ուղղակի նստելով ու սգալով, միևնույն է, ոչինչ հետ չենք բերելու։ Հիմա ինչ է մեզ մնում, որ անենք, նորից զրոյից ստեղծենք, նորից քայլ առ քայլ առաջ գնանք ու ապրենք»,- ասում է Դոնարան ու գլուխը կախ, լուռ նորից սկսում է խմորը բացել։ Առատ կանաչիները լցնում է խմորի մեջ, զգուշությամբ ու մատների ճկուն շարժումներով խմորը վրա բերում, փակում ու, վերջնական տեսքի բերելով, կողքին կանգնած գործընկերոջը փոխանցում, որ թխվի հերթական ժենգյալով հացը։ 

Տիկին Դոնարային գոնե մեկ անգամ Ստեփանակերտի շուկա այցելած ցանկացած մարդ կհիշի։ Ցուցատախտակի վրա իր անունն ու հեռախոսահամարն էր գրված։ Իրեն հաճախ նաև զբոսաշրջիկներ էին այցելում, ասում է, կարծես տուրիստական հատուկ վայր դարձած լիներ, ինչ ազգություն ասես գալիս էր հատուկ իր մոտից ժենգյալով հաց գնելու։

«Մարդիկ էլ իրենց հյուրերին էին բերում ու հյուրասիրում իմ պատրաստածը։ Հաճելի էր, ինչ խոսք։ Հիմա էլ Երևանում շատերը հենց Ստեփանակերտից իմ մոտից ժենգյալով հաց գնած երևանցիներն են։ Մեկը մյուսին ասելով, ոմանք էլ պատահաբար գտել են ինձ»,- ասում է նա։

Նաև շատ արցախցիներ են հիմա իր մոտից ժենգյալով հաց գնում։ Հիշում է, որ դեռ Ստեփանակերտում եղած ժամանակ շատ հաճախ Երևանից էր պատվերներ ստանում, պատրաստում ու Երևան էր ուղարկում, հիմա ինքն է Երևանում։ 

Տարիներ առաջ մեկ ժենգյալով հացը 150 դրամ էր վաճառում։ Ժամանակի ընթացքում ամեն ինչ թանկացավ, ու ժենգյալով հացի գինն էլ բարձրացավ։ Հաշվի առնելով բոլոր ծախսերը, հիմա մեկ հատը 800 դրամով է վաճառում, բայց դեռ գոհունակության խոսքերից զատ որևէ դժգոհություն չի ստացել։ Վճարած գումարն արդարացված է՝ ասում է։

«Գլուխ չգովեմ, բայց Երևանում շրջել եմ ու իմ պատրաստածի նման ոչ մի տեղ չեմ տեսել։ Մի տեղ տեսա հաստ խմորով, նույնիսկ փորձելու ցանկություն չառաջացավ։ Շատ է եղել, որ եկել են, կերել ու ասել, որ իմ պատրաստածը շատ համով է»,- ասում է նա։

Գործը Երևանում սկսեց նոյեմբերի սկզբին։ Միայն առաջին երկու օրն էր, որ հաճախորդների պակաս կար։ Մարդիկ գալիս, նայում էին ու գնում։ Բայց դրանից հետո արդեն մեկը մյուսին ասելով, համացանցում գրելով տարածվեց, որ Դոնարան Երևանում նորից ժենգյալով հաց է թխում, ու օր օրի վրա հաճախորդների թիվը մեծացավ։ Հիմա ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրն է։ 

«Առավոտյան գալիս եմ էստեղ, երեկոյան գնում տուն։ Սա միակ գործն է, որ թույլ է տալիս կտրվել հոգսերից ու մոռացության տալ բոլոր ցավերն ու դժվարությունները։ Իհարկե, հաճախ եմ գործ անելիս հիշում Արցախս, բայց երբ էստեղ իմ արցախցիներով եմ շրջապատված, խոսում ենք, հիշում ու կարոտներս մի քիչ առնում։ Պետք է պայքարենք ու ապրենք, սա է մեր առաքելությունը»,- ասում է Դոնարան ու գլուխը նորից կախում խմորների վրա ու գրտնակը հետ ու առաջ անում։

Սաթենիկ Հայրապետյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am