Համերի հիշողություն. Ջամալը 

«Համերի հիշողություն» շարքը մարդկանց սննդային հիշողությունները վերականգնելու փորձ է: Այս շարքում համը դառնում է մարդու պատումը բացահայտելու և նրա հիշողության շերտերը թարմացնելու միջոց:

Բանասեր, հրապարակախոս Ջամալ Թադևոսյանը երեք տարեկան էր, երբ հայրը զոհվեց Հայրենական մեծ պատերազմում: Ծանր ժամանակներ էին, ու մայրը ստիպված էր մի որդուն վերցնել իր հետ, տեղափոխվել հայրական տուն, իսկ Ջամալին թողնել հորական տատի ու պապի մոտ՝ Մարտակերտի շրջանի Կոճողուտ գյուղում: 

Ութսունվեցամյա Ջամալ Թադևոսյանին հանդիպեցի երևանյան զբոսայգիներից մեկում: Կոստյումով, արևից պաշտպանող, թե առօրյա սովորության բաղադրիչ դարձած գլխարկը գլխին, իր գրքերից միայն երկուսը և մի քանի սևագրություններ թերթի մեջ փաթաթած՝ նայում էր զբոսայգում անցուդարձ անողներին: 

Երեք տարեկանում հորը՝ Մակիչին կորցրած, արդեն ինքն էլ պատկառելի տարիքում գտնվող մարդը նրան հիշում է աղոտ՝ բարձրահասակ էր ու թիկնեղ: Թադևոսյանի հիշողության առանցքում և նրա՝ մարդ ձևավորվելու ճանապարհի գլխավոր դերակատարը տատն էր՝ Խորիշահը: Արցախյան տարազը հագին, խոնարհ ու սիրառատ՝ նա հոգատար էր ոչ միայն թոռան, այլև անխտիր բոլորի հանդեպ: Այան՝ այդպես էին դիմում տատին, այնքան բացառիկ էր, որ Թադևոսյանն ասում է՝ էլ չկան նման այաներ: 

«Իմ հորական տատը մորս հորաքույրն էր: Մի քիչ խառը պատմություն է, բայց հիմնավորումն այն էր, որ լավ աղջկան՝ Անտիկին, ուրիշին չտան, դրա համար էլ հորս հետ էին ամուսնացրել: Հետագայում՝ հորս մահից շատ տարիներ անց, մայրս ամուսնացավ հորեղբորս հետ ու ունեցավ ևս չորս երեխա»: 

Տատը համեղ էր պատրաստում՝ խավիծ, կունչուլ, շփոթ, թանապուր, ածիկ՝ բոլոր, ցավոք, արդեն քիչ-քիչ մոռացվող կերակուրները: Առօրյայի կարևորագույն բաղադրիչ էր հաց թխելու արարողությունը, որի ժամանակ տատը փոքրիկ Ջամալին հանձնարարում էր դուրս գալ ու տեսնել, թե արդյոք մի ղարիբ մարդ կա՞, կանչեն հաց ուտելու: 

«Դուրս էի գալիս, անծանոթներ գտնում, հրավիրում տաք հաց կիսելու: Տատս համարում էր, որ հաց թխելիս պիտի հյուրասիրել անցորդներին: Այդ ժամանակ «անծանոթ» բառը մի տեսակ խորթ էր հնչում. համարում էինք, որ մի բուռ ազգ ենք, իմն ու քոնը ո՞րն է»:

Հայրը որոշել էր մեծ, երկհարկանի տուն կառուցել, սակայն պատերազմից չվերադարձավ, իսկ տատն ու պապը մեծ էին, ուժ չունեին, միջոցներ չունեին տունը մեծացնելու համար: Թադևոսյանը ուշ է ընդունվել համալսարան, քանի որ դպրոցը ևս ուշ է ավարտել՝ հոտաղ լինելու, գյուղում տատ ու պապին օգնելու պատճառով: 

Հիշում է, որ երբեմն պապը ստիպված էր իր դպրոցական տետրերի թղթերից վերցնել, թութուն լցնել մեջն ու ծխել: Տատը գրքերը պահում էր պապից՝ զգուշանալով, որ հերթը դրանց էլ կհասներ: Փոքրիկ Ջամալը երբեմն գնում էր 300 կմ հեռու՝ մորն այցելության, մայրը ևս գալիս էր տեսակցության, սակայն սա մի ժամանակ էր, երբ մարդկանց համար երբեմն ուտելիք հայթայթելն էր դառնում հրամայական, ինչ մնաց մտածել, թե ինչպես կտրել-անցնել այդքան ճանապարհ: 

«Տատս ու պապս չէին աշխատում, ես էլ հոտաղ էի աշխատում, գումար վաստակում: Բա դժվար ա, բա ինչ ա: Գյուղում կյանքը հեշտ չէր, հատկապես պատերազմից հետո: Մի արտահայտություն կար՝ եկավ սովը, պահեց կովը: Մենք էլ անասուններ ունեինք, ու քանի որ տատն ու պապը մեծ էին, ես պիտի զբաղվեի դրանց խնամքով, բայց կովը մեզ պահում էր, ես էլ իրեն պիտի խնամեի»: 

Մարդիկ չէին կարող իրենց ճոխություններ թույլ տալ, բայց փորձում էին որևէ կերպ լրացնել ամենօրյա սննդի չափաբաժինը: Օգտագործում էին հատիկեղեն, քաղցրի կարիքի դեպքում փրկում էր դոշաբը, որ պատրաստում էին մեծ բաժիններով, որ բավարարեր ողջ ձմեռվա ընթացքում: 

Գյուղում նա մնաց մինչև բուհ ընդունվելը, հետո եկավ Երևան, սկսեց սովորել մանկավարժական ինստիտուտում, բայց երկու տարի անց, երբ մասնակցում էր Ցեղասպանության ճանաչման հետ կապված ակցիաներին, նրան չթողեցին հաճախել դասերի: Որոշ ժամանակ անց միայն կարողացավ վերականգնել դասերին մասնակցելու իրավունքը: 

Նա պաշտում էր Շիրազին, ու երբ 22 տարեկանում եկավ Երևան ընդունվելու Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ, քննություններից հետո մի անգամ դուրս էր եկել Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակում թարմանալու, երբ հանդիպել էր Շիրազին, ծանոթացել ու ընկերացել: 

Հանրակացարանում, որտեղ սովորելու տարիներին մնում էր հրապարակախոսը, Գյումրիից աղջիկներ կային, որոնք հոգում էին, որ իրենց ընկերը նորմալ սնվի: Այդ տարիներին հաճախ էր հանրակացարանը դառնում զրույցների ու եղածով կիսվելու վայր, նաև երազելու ու ապագայի մասին իրենց խոհերը փոխանակելու տեղ: 

Թադևոսյանը հիշում է, որ ինստիտուտից դուրս մնալու ժամանակ էր, որ Շիրազը նրան ակնարկեց, թե մի լավ աղջիկ կա, սովխոզի նախագահի դուստրն է, բայց Ջամալն ասաց, որ Արցախում սիրած աղջիկ ունի: Հետ գնաց Ստեփանակերտ ու մի օր էլ 10-րդ դասարանը չավարտած աղջկա՝ Ջուլիետայի ձեռքը բռնեց ու տարավ իր տուն՝ ամուսնացան: 

Ի դեպ, նա էլ չի շեղվել ծնողների ուղուց. ընտրել է իր բարեկամուհուն որպես կին: Տատն ու պապն արդեն չկային այդ ժամանակ, մայրն էլ ամուսնացած էր հորեղբոր հետ, հարսանիք չարեցին, ուղղակի հայտարարեցին, որ ամուսիններ են: 

Ջամալ Թադևոսյանը երկու որդի է ունեցել, որոնցից մեկը զոհվել է Առաջին արցախյան պատերազմի ժամանակ՝ 1994 թվականին: Նրա գրքերից մեկի տիտղոսաթերթին իրեն արտաքնապես խիստ նման որդու նկարն է: Իսկ հիմա աշխատում է մեկ այլ գրքի վրա, որի սևագիրն է ցույց տալիս ու ասում, որ գիրքը նվիրված է մի բժշկուհու՝ Անուշիկին, որը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ ինքը վարակվել էր քովիդով, այնքան ուշադիր և հոգատար է եղել, որ Թադևոսյանը այսօր ողջ-առողջ նստած էր դիմացս: 

Սիրահարների այգում, որտեղ հանդիպել էինք, կարելի էր ոչ միայն մանկասայլակով մայրիկների ու հայրիկների, այլ նաև՝ սիրահարների տեսնել: 

Ինքն ու Ջուլիետան էլ են գալիս այստեղ, նայում երիտասարդներին ու հասկանում, որ իրենց սերը մեծացել է, բայց չի անցել, այն վերածվել է պատասխանատվության, որը ոչ պակաս կարևոր զգացում է: 

Հայաստան տեղահանվելուց հետո զգացողությունները հակասական են, ու թեև այս երկիրն իրավմամբ համարում է իրենը, իր հայրենիքը, ասում է, որ օտարության մեղրը հայրենյաց բանջար չի դառնա՝ նորից շեշտելով, ասես վախենալով, թե իրեն ճիշտ չեմ հասկանա, որ օտարություն ասելով՝ Հայաստանը ի նկատի չունի, այլ՝ զգացողությունը: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարները՝ Վաղինակ Ղազարյանի

MediaLab.am