Բագրատ Սրբազանի կողքին կանգնած ուժերն արդեն թունավորել են այդ շարժումը, ու երբ այդ վիճակում հասնի Երևան, ուժ չի ունենալու. Արզումանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը

– Պարո՛ն Արզումանյան, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվել են սահմանի սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները: Ադրբեջանական կողմը նշում է, որ բանակցություններում ակնհայտ առաջընթաց կա, ու չեն բացառում մինչև այս տարեվերջ կնքել խաղաղության պայմանագիրը։ Իրատեսական համարո՞ւմ եք, որ կողմերը կկնքեն այդ պայմանագիրը նշված ժամկետում։

– Իմ կարծիքով՝ ոչ մի սահմանազատում տեղի չի ունենում, դա ռազմական գործողությունների շարունակություն է ուրիշ մեթոդներով։ Սահմանազատումը տեղի է ունենում, երբ ստորագրված է պայմանագիր, խաղաղություն է, ու կողմերը մի քանի տարի անց, հանգստացած հասարակությունների մեջ անցնում են սահմանազատման։ 

Այս փուլում Ադրբեջանն առանց որևէ ռազմական գործողության ստացել է ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, սա գնահատվում է բացարձակ ռազմական գործողությունների ձև, երբ դու հասնում ես քո նպատակներին՝ առանց կրակելու և ուժ կիրառելու։ Ադրբեջանը, մնալով ռազմական գործողությունների տրամաբանության մեջ, հասել է հաղթանակի, վերցրել է բարձունքները ու նորից կշարունակի իր ճնշումներն ու նոր պահանջների թելադրանքը։ 

Մի երկիր, որը քո տարածքն անվանում է «Արևմտյան Ադրբեջան» ու մտադիր է հետ վերցնել այն, մտածել, որ այդ երկիրը պատրաստվում է քեզ հետ խաղաղ ժամանակների, դա հակապետական ու հակահայկական քաղաքականություն է, որը վարում է Հայաստանի իշխանությունը։

– Եթե ասում եք, որ սա սահմանազատում չէ, այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է հավաստիացնում, որ հենց այդ գործընթացն է մեկնարկել։ 

– Մենք գիտենք հասարակությանը մանիպուլացնելու, սպառնալիքների լեզվով խոսելու Հայաստանի իշխանությունների ունակությունները, դա Նիկոլ Փաշինյանի իշխանության սովորական ձևն է, նա չի կատարում իր վրա վերցրած պարտավորությունները։ Հետևանքն այն է, որ մենք կորցրել ու կորցնում ենք և կորցրել ենք Հայաստանի իշխանության քայլերի ու քաղաքականության պատճառով։ Ադրբեջանն ուղղակի շարժվել է առաջ, որովհետև Հայաստանը հետ է քաշվել՝ առանց որևէ ռազմական գործողության։ 

– Պարո՛ն Արզումանյան, կարծիքներ են հնչում, թե այս գործընթացը, որը կատարվում է, Արևմուտքի ողջույնների ներքո է իրականություն դառնում, մյուս մասն էլ ասում է՝ Ռուսաստանն է կողմ սրան։ Ձեր գնահատմամբ՝ կա՞ միջազգային այդ կոնսոլիդացիան կատարվողի վերաբերյալ։

– Արևմուտքի, Ռուսաստանի համար ընդունելի է նման զարգացումը։ Արևմուտքին պետք է, որ Հարավային Կովկասում խաղաղություն լինի, որովհետև դա հնարավորություն կտա տարածաշրջանից դուրս մղել Ռուսաստանին։ Թե ինչ է կորցնում Հայաստանը, ինչ է ստանում Ադրբեջանը՝ Արևմուտքին դա չի հետաքրքրում: Այն, որ Հայաստանը կորցնում է, դա Հայաստանի իշխանությունների պատասխանատվությունն ու հանցագործությունն է իր ժողովրդի նկատմամբ, Արևմուտքի համար դա երրորդական հարց է։ 

Ռուսաստանին ձեռնտու է, որ անկայունություն լինի, գործընթացները շարունակվեն ռազմական տրամաբանության մեջ, և Ադրբեջանը շարունակի անկայունացնել իրավիճակը: Այն, ինչ կատարվում է Տավուշում, անկայունություն է մտցրել հայ հասարակության մեջ, Նիկոլ Փաշինյանն իր ձեռքով նորից պառակտել է հայ ժողովրդին, նրա շնորհիվ այսօր հայ հասարակության մի մասը նորից ատում է հայ ոստիկանին։ Սա արել է Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Ադրբեջանը, եթե նման անկայունություն է ստեղծվում պետության մեջ, դա, իհարկե, Ռուսաստանին ձեռնտու է, որովհետև մեծանում է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից։ 

Ստացվում է, որ բոլորը ստանում են այս գործընթացից, միայն Հայաստանն է, որ կորցնում է, այդ ամենը տեղի է ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հաշվին։ Սա հակապետական, հակահայկական քաղաքականություն է, որն իրականացնում է Հայաստանի իշխանությունը։ Ուզում ես խաղաղություն՝ պատրաստվիր պատերազմի, երբ դու զիջում ես, ու քո թշնամին հրապարակայնորեն ասում է, որ պատրաստվում է վերցնել անգամ Երևանը, պատրաստվում է քեզ ոչնչացնել, ու դու սա ժողովրդին ներկայացնում ես որպես խաղաղություն, դա ժողովրդին խաբել է։ Նիկոլ Փաշինյանը ստեղծում է սյուրռեալիստական մթնոլորտ՝ խոսելով աբսուրդային խաղաղության մասին, միայն նպատակ ունենալով պահպանել իր իշխանությունը։

– Պարո՛ն Արզումանյան, Տավուշի շարժումը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ, քայլերթ է սկսել դեպի Երևան։ Ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Ես ոչ մի վատ բան չեմ կարող ասել Սրբազանի մասին, բայց հաստատ գիտեմ ու տեսնում եմ, որ այդ շարժմանը միացել են ուժեր, որոնք արդեն թունավորել են այդ շարժումը, ու երբ թունավորված վիճակում հասնի Երևան, այլևս ուժ չի ունենալու, հասարակությունը պատրաստ չէ աջակցելու Արմեն Աշոտյանին ու Վանեցյանին, որոնք կանգնել են այս շարժման կողքին։ Նման շարժումը չի կարող լայն աջակցություն ստանալ հայ հասարակության կողմից։

Ստեղծվում է աբսուրդային վիճակ, ինչը, կրկնում եմ, ստեղծում է հենց Նիկոլ Փաշինյանը, ոչ թե Իլհամ Ալիևը կամ Պուտինը, այլ՝ Հայաստանի իշխանությունը։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am