«Այսօր մեր իրականությունը չի համապատասխանում Հ1-ի իրականությանը». Զառա Հովհաննիսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը

– Տիկի՛ն Հովհաննիսյան, Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների և դեպի Երևան քայլերթին անդրադառնալիս մտահոգություն էիք հայտնել, թե Հանրային հեռուստատեսությունը օբյեկտիվ լուսաբանում չի իրականացնում: «Հանրության հարկային միջոցներով գործող լրատվամիջոցի եթերում Տավուշում ապրող մարդիկ, նրանց իրավունքների խախտումները բացակայում են: Ինչո՞ւ է Հանրայինը քողարկում, կոծկում ու չի ներկայացնում իրականությունը»,- նշել էիք դուք: Հանրայինը չի՞ կատարում իր գործառույթը:

– Իրականում, Հանրային հեռուստատեսությունը կոչված է, որպեսզի ցուցադրի ու տարածի այն ամբողջ երևույթները, որոնք առկա են Հայաստանում՝ և՛ հանրային իրազեկում ապահովելու, և՛ ճշմարտությունը արտացոլելու նպատակով։ Մենք շատ մեծ խնդիր ենք ունեցել ժամանակին, երբ դեռ, ինչպես ասում են, նախկինների ժամանակ կար կեսկատակ-կեսլուրջ այսպիսի արտահայտություն. «Ուզում եմ ապրել Հ1-ի Հայաստանում»: Այսինքն՝ այն, ինչ կատարվում էր, իրականում չէր արտացոլվում լուրերի շրջանակներում, և մենք աստիճանաբար նորից վերադարձանք այդ գրոտեսկային իրավիճակին, որտեղ միաձուլված են և՛ ողբերգությունը, և՛ իրական զավեշտը։ 

Հիմա Տավուշում տեղի ունեցող իրադարձությունների շրջանակում հստակորեն երևակայվել է, որ Հանրայինի «Լուրեր»-ում լուսաբանումը կատարվում է ոչ ամբողջական: Կարող է, օրինակ՝ վարչապետի այցը ցուցադրեն, ասեն, որ այսպիսի խնդիրներ կան, բայց ամբողջ ծավալով չցուցադրվի ու բոլորովին չարտացոլվի այն հանգամանքը, որ Տավուշի բնակիչներն ունեն բողոք ու դա բարձրաձայնում են: Կիրանցից մեծ թվով մարդիկ են բերման ենթարկվել, դա նույն կերպ զուգահեռվում է այն իրավիճակների հետ, երբ Երևանի կենտրոնում տեղի են ունենում ցույցեր, բերման են ենթարկվում բազմաթիվ ակտիվիստներ, բայց Հ1-ի Հայաստանում ամեն ինչ խաղաղ է։ 

Փաստորեն հանրության հարկերով սնվող, հանրության շահը սպասարկելուն կոչված լրատվամիջոցը չի կատարում իր գործառույթը՝ սպասարկելով մեկ խմբավորման շահ, որը իշխանությունն է։ Փաստացի, Հայաստանում անընդհատ տեղի է ունենում Հանրային լրատվամիջոցի ուզուրպացիա։ 

– Իսկ ինչո՞ւ է այդ պրակտիկան փոխանցվում իշխանությունից իշխանություն, ինչո՞ւ չի ստացվում դրա դեմ պայքարել։

– Փոխվում են խորհրդի անդամներ, փոխվում է ընդհուպ լրագրողների ամբողջ կազմը, բայց այնքան հեշտ է լինում մարդկանց նորից իրենց պրոֆեսիոնալ դաշտից բերել ծառայական դաշտ, որ այդ պրոֆեսիոնալիզմը բոլորը մոռանում են: Այդ նույն մարդիկ, որոնք ժամանակին քննադատում էին նախկիններին այդ քայլերի համար, հիմա կատարում են նույնը։ 

Նույն արատավոր պրակտիկան կրկնվում է, ու կապ չունի, որ մարդիկ փոխվում են, համակարգը պարտադրում է բոլորին ենթարկվել իրեն և մշտապես իր ներքո է պահում թե՛ ուժային կառույցներին, որոնք ևս հանրային շահ պետք է սպասարկեն ու էլի սնվում են հանրային միջոցներով, թե՛ լրատվական դաշտը, որն էլի հանրության միջոցներով է գոյատևում ու էլի պետք է սպասարկի հանրային շահը։ 

– Հանրայինի մասով նման քաղաքականություն որդեգրելու ներկա իշխանությունների նպատակը ո՞րն է։

– Առաջինը՝ կոծկեն իրականությունը, որովհետև հանրության շրջանում իսկապես բողոք կա, երկրորդը՝ իրենք փաստացի հասարակության մեջ տարանջատում են դնում, որ կարևորը իշխանությունն է և ոչ թե մարդիկ, բայց հանրային միջոցները պետք է օգտագործվեն հանրության համար։ 

Նկատելի է նաև, որ Հ1-ը մանիպուլյատիվ կերպով է ներկայացնում իրողությունները՝ նույն հենց այս դեպքերի վերաբերյալ լուսաբանումների շրջանակներում: Մի կողմից որևէ տեղեկություն չի տրվում բողոքի ցույցերի կամ բերման ենթարկելու մասին, բայց կարող է պաշտոնական ինչ-որ հաղորդագրություններ հեռարձակվեն, որոնք արդարացնող բնույթի են, որ տեղի են ունեցել որոշ անկարգություններ, որոնց պատճառով ուժայինները նման գործողություններ են կատարել, այսինքն՝ ստացվում է, որ տվյալ մարդիկ անկարգ են եղել։ Եթե դու չես ներկայացնում պատճառահետևանքային կապը, լսողը չի կարող ճիշտ ընկալել կատարվողը, ու այդպես են ներկայացվել նաև 2018-ի իրադարձությունները։ 

– Տիկի՛ն Հովհաննիսյան, այսինքն՝ հանրությունը զրկվա՞ծ է օբյեկտիվ լրատվություն ստանալու իրավունքից։

– Այո՛, դա մարդու տեղեկացված լինելու իրավունքի կոպտագույն խախտում է, որովհետև մարդը կարող է իր կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնել, եթե ունի լիարժեք տեղեկատվություն։ 

Սա նաև ընտրության արդյունքների վրա ազդող խնդիր է, որովհետև եթե քաղաքական ուժերը իշխանության են գալիս ընտրությունների միջոցով, ապա հանրությունը պետք է ունենա օբյեկտիվ լրատվության, լուսաբանման հնարավորություն, որպեսզի գիտակցված որոշում կայացնի։ 

– Իսկ իշխանություններին հաջողվո՞ւմ է այդ միջոցով հասարակության մեջ իրականությունից տարբերվող պատկերացումներ գեներացնել։

– Բոլոր ժամանակներում եղել է Հ1-ի Հայաստանում ապրելու գայթակղությունը, որպեսզի իրականությունը, որը կա, աղերս չունենա այն «իրականության» հետ, որը ներկայացվում է։ Այսօր ևս մեր իրականությունը չի համապատասխանում Հ1-ի իրականությանը։ Այո՛, հաջողվում է որոշակի մթնոլորտ ձևավորել։

– Այսինքն՝ այդ պրակտիկայի դեմ պայքարելու միջոց չկա՞։

– Գոյություն ունեն Հանրային խորհուրդ, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, այսինքն՝ պայքարի մեթոդները կարելի է գործարկել բողոքներ գրելով, բայց նորից բախվում ենք հետևյալին՝ արդյոք այդ Հանձնաժողովն օբյեկտի՞վ է անելու քննությունը, թե՞ չէ։ 

Նման օրինակներ եղել են, երբ լինում են բողոքներ, բայց Խորհուրդը որևէ խնդիր չի նկատում։ Այսինքն՝ կա մտավախություն, որ այն լեգիտիմ մեթոդները, որոնցով կարելի է բարձրաձայնել խնդիրն ու հասնել փոփոխության, միևնույն է, չեն գործում։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am