«Պետք չէ հարցը քաղաքականացնել». Իվան Վոլինկին

«Պետք չէ հարցը քաղաքականացնել». Իվան Վոլինկին
«Պետք չէ հարցը քաղաքականացնել». Իվան Վոլինկին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Սպուտնիկ» ռադիոկայանի տված հարցազրույցում խոսելով Գյումրիում տեղի ունեցած արյունալի միջադեպի և դրան հաջորդած իրադարձությունների մասին՝ ասել է, որ հարցը չպետք է քաղաքականացնել: Այս մասին հղում անելով ռուսական աղբյուրներին` հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Աղբյուրը հղում անելով ռուսական «Նովոստի» գործակալության ռադիոկայանին, նշում է, որ վաղը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի նախագահի նստավայրի առջև բողոքի ակցիա է տեղի ունենալու: Անդրադառնալով զարգացումներին, Վոլինկինն ասել է, որ մարդիկ ունեն բոլոր իրավունքները իրենց զգացմունքներն ու կարծիքն արտահայտելու:

«Ես հասկանում եմ այդ մարդկանց, նրանց զգացմունքները, որովհետև դաժան հանցագործություն է տեղի ունեցել, որի համար հանցագործը պետք է պատասխան տա: Մարդիկ իհարկե, իրավունք ունեն գալ այստեղ, իրենց կարծիքը, զգացմունքներն արտահայտելու: Բայց կարծում եմ, որ այս հարցը քաղաքականացնել պետք չէ», -ըստ աղբյուրի ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանը:

«Մենք չպետք է քաղաքական հրդեհ բորբոքենք այս հարցի շուրջ: Կարծում եմ քննությունը կպարզի այս գործի բոլոր մանրամասները և հանցագործը համարժեք պատիժը կկրի», – նշել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը բնակվող Ավետիսյանների ընտանիքի վեց անդամները սպանդի ենթարկվեցին, ընտանիքի ամենափոքրը` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը, ով հայտնաբերվեց կրծքի շրջանում ծակող գործիքով վնասված գտնվում է հիվանդանոցում` ծանր վիճակում: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար: 

Գյումրեցիների սպանության մեջ կասկածվողը Գյումրիի 102-րդ ռազմաբազայի զինծառայող ռուս զինվոր Վալերի Պերմյակովն է, ով խոստովանական ցուցմունք է տվել: 

Գյումրիում տեղի ունեցած արյունալի ողբերգությունը է  հազարավոր մարդկանց փողոց էր հանել: Այսօր Գյումրիում տեղի ունեցած երթի ժամանակ ձվեր են թռչել Ռուսաստանի հյուպատոսարանի ուղղությամբ: Հազարավոր քաղաքացիներ, չնայած իրավապահների շղթաներին շարժվել են ռազմաբազայի ուղղությամբ` պահանջելով սպանդի մեջ մեղադրվողին ռուսական կողմից հանձնել հայ իրավապահներին:

Ցուցարարները մինչեւ վաղը ժամանակ են տվել դատախազությանը` խոստանալով Ավետիսյանների հուղարկավորման արարողությունից հետո վաղը` ժամը երեկոյան հինգին, կրկի հավաքվել: Ցուցարաները նշել են, որ իրենց հետագա քայլերը կախված են լինելու դատախազության պատասխանից: 

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ նշել է, թե հանցագործը պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում: Նա նաեւ նշել է, որ վաղը պատրաստվում է մեկնել Գյումրի եւ տեղում բացատրություններ տալ: 

«Վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում, և մենք բոլորս հնարավորություն կունենանք թե՛ հետևել ամբողջ ընթացակարգին և թե՛ մենք կտեսնենք ամբողջ պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը որևէ բան որևէ մեկին չի զիջում»,- ճեպազրույցում մասնավորապես նշել է Կոստանյանը:  

© Medialab.am