Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գործընկերներին, հատկապես՝ Պուտինին

Այսօր ղազախ ժողովրդին ուղղված իր ուղերձում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևը շնորհակալություն է հայտնել ՀԱՊԿ գործընկեր երկրների ղեկավարներին և հատկապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

«Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Նա շատ արագ և ընկերաբար արձագանքեց իմ օգնության խնդրանքին», -ասել է նա:

Նշենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահությունն այս պահին իրականացնում է Հայաստանը, և հունվարի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն, որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով: