ՔՊ ցուցակում եմ, որովհետև ունենք նույն արժեհամակարգը․ Սերգեյ Բագրատյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը

– Պարո՛ն Բագրատյան, խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում եք գործող իշխանության քաղաքական թիմի հետ, ինչո՞ւ։

– Արժեհամակարգով է պայմանավորված։ Պայքարել եմ սոցիալական, իրավական անարդարությունների դեմ, ընտրակեղծիքների դեմ, և այն քաղաքական ուժի հետ, որն ունի այդ նույն արժեհամակարգը, բնականաբար պետք է համագործակցել՝ արժեքները պահպանելու համար։

– Անցած երեք տարիների ընթացքում իշխանությունն այդ արժեհամակարգերը պահպանե՞ց, իրականություն դարձրե՞ց։

– Կարող եմ ասել, որ տնտեսության մեջ հստակ է, որ այլևս օլիգարխիկ երևույթներ չկան, իշխանությունները չեն հովանավորում որևէ բիզնես, կոռուպցիոն ռիսկերը, չասեմ՝ իսպառ չկան, բայց բավականին նվազել են։ Խոսքի ազատությունը շատ բարձր աստիճանի է հասել Հայաստանում, որը նաև միջազգային կառույցներն են արձանագրում: Ես նույնիսկ կասեի, որ չափից ավելի ազատություն կա։

Մնացած հարցերով թերություններ կան, որոնք պետք է շտկել, հատկապես կադրային քաղաքականության հարցում շատ անելիքներ կան: Միշտ կողմ եմ եղել, որ ստեղծվի կադրային բազա, որտեղից էլ մրցութային կարգով կընտրվեն բարձրաստիճան պաշտոնյաներ, ու, բնականաբար, թիմի հետ աշխատելով՝ ես փորձելու եմ այս գաղափարներն իրականություն դարձնել։

– Պարո՛ն Բագրատյան, գործող իշխանության հասցեին հնչող որակումներն ու քննադատությունները ձեզ չե՞ն խանգարում, առհասարակ, ինչպե՞ս եք վերաբերվում դրանց։

– Որևէ իշխանություն որևէ երկրում, հատկապես այնպիսի երկրում, որն ընտրել է զարգացման ժողովրդավարական ուղի, չի կարող քննադատության չենթարկվել։

Դրանք պետք է ընդունել ճիշտ, փորձել այդ քննադատությունների միջոցով շտկել սխալները, եթե դրանք, իհարկե, առողջ են։ Առողջ քննադատությունն անհրաժեշտություն է, և չպետք է դրանից վախենալ։

– Հնչող քննադատություններն առողջ համարո՞ւմ եք։

– Իհարկե, կան առողջ քննադատություններ, բայց կան նաև կեղծ լուրեր, ապատեղեկատվությամբ հարուստ, մանիպուլյացիոն տեղեկություններ, որոնք ժամանակի ընթացքում պարզաբանվում են, և դրանց ազդեցությունը երկար չի տևում հանրության գիտակցության վրա։

– ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու առաջարկը ձե՞ր կողմից է եղել, թե՞ իշխանության։

– Որևէ կողմից հատուկ առաջարկ չի եղել, ընթացքում հնչած ելույթները, կարծիքների համադրությունը բերել են համագործակցության։ Հանդիպման ժամանակ խոսք է հնչել, թե կարո՞ղ ենք միասին գնալ ընտրությունների, ես ասել եմ՝ այո՛։

– Պարո՛ն Բագրատյան, երբ լքեցիք ԲՀԿ-ն, դեռ այն ժամանակվանի՞ց էիք մտադրված համալրել իշխանական թիմը։

– ԲՀԿ-ն պաշտպանել է հեղափոխությունը, հեղափոխական արժեքները, և դա ինձ բավարարում էր մինչև այն պահը, երբ առանցքային տարբերություն առաջացան մեր մոտեցումներում։

Ես գտնում էի, որ առաջարկներով ու ծրագրային մոտեցումներով պետք է իշխանության հետ աշխատել, իսկ իմ գործընկերները քննադատության այլ ռեժիմով էին աշխատում, և քաղաքակիրթ հարաբերություններով մենք բաժանվեցինք։

– Կարծում եք՝ իշխանությունը վերարտադրվելու շանսեր ունի՞։

– Հարցազրույցի սկզբում էլ նշեցի, որ կարևորում եմ արժեհամակարգը, հիմա ժողովուրդը գնահատական է տալու հետևյալին՝ արդյոք ՔՊ-ն այդ արժեհամակարգը շարունակո՞ւմ է կրել, թե՞ ոչ։

Այս հարցը տրված է ժողովրդին, իմ կարծիքով՝ ժողովուրդն իր իշխանությունն այլևս ոչ մեկին չի փոխանցելու, այլ ընդամենը, այսպես ձևակերպեմ՝ պատվիրակելու է որևէ քաղաքական ուժի։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab