«Միջազգային հանրությունն ունի Ադրբեջանի վրա ազդելու գործիքներ, որպեսզի ազատի հայ ռազմագերիներին, բայց չի անում». Սիրանուշ Սահակյան

Լուսանկարը՝ Sputnik Armenia

Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի անհրաժեշտության մասին և՛ Նիդերլանդների վարչապետի, և՛ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունները գերիների հարցերով զբաղվող իրավաբան Սիրանուշ Սահակյանը համարում է զուտ դիվանագիտական հայտարարություն: Մինչդեռ, նրա խոսքով՝ միջազգային հանրությունն ունի հնարավորություն այդ հարցում ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար:

«Միջազգային հանրությունը որոշակի արձագանքներ տալիս է, սակայն հստակ ճնշող գործիքներ չի կիրառում, և դրա հիմնական պատճառն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերություններում կա երկխոսություն, որը հաճախ արդյունավետ է գնահատվում: Միջազգային հանրությունը չի ցանկանում միջամտելու ճանապարհով վնասել երկկողմ, եռակողմ ընդունելի երկխոսության ձևաչափերը»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց ներկայացուցիչ, իրավաբան Սիրանուշ Սահակյանը:

Միջազգային հանրությունը, իրավաբանի համոզմամբ, քաղաքական պատճառներով չի օգտագործում իր ունեցած ազդեցիկ գործիքները, որոնք կարող էին ապահովել հայ գերիների վերադարձը Հայաստան: «Ես վստահ եմ, որ միջազգային հանրությունը քաղաքական պատճառներով չի գործադրում իր ողջ զինանոցը, որը կարող էր օրերի կամ շաբաթների ընթացքում ապահովել մեր հայրենակիցների վերադարձը»,- ասում է Սահակյանը:

Իսկ միջազգային հանրության կողմից ցանկության դեպքում կիրառվելիք միջոցները, ըստ Սիրանուշ Սահակյանի, շատ են ու լավ երևում են ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ Ռուսաստանի հետ հարաբերություններում արտահայտվող բազմաբնույթ պատժամիջոցների տեսքով:

«Օրինակ՝ կարող էր հնչել հայտարարություն, որ եթե նախանշված ժամկետում Ադրբեջանը չիրականացնի հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը, ապա պաշտպանության ոլորտի ներկայացուցիչների կամ որոշ քաղաքական գործիչների ԱՄՆ այցերը կարգելափակվեն, կամ ԱՄՆ-ն կդադարեցնի ռազմական կամ այլ բնույթի համագործակցությունը Ադրբեջանի հետ, դե իսկ ԵՄ-ն կարող է հրաժարվել այսօր իր համար ցանկալի գազային գործարքից: Կարծում եմ՝ միջազգային հանրությունը իր շահերը կողմ դնելով՝ պետք է նվիրվածություն ցուցաբերի մարդասիրական խնդիրներին և կոշտ մեթոդներով լուծի այն»,- նշում է Սիրանուշ Սահակյանը:

Այսօր հաստատված տվյալներով՝ 39 ռազմագերի և քաղաքացիական անձ են գտնվում Ադրբեջանում, որոնք այդ երկրի դատական մարմինների կողմից դատապարտվել են տարբեր ժամկետներով ազատազրկման: Բայց Սահակյանն ասում է՝ կան նաև 80 անձինք, որոնք գերեվարվել են, բայց Ադրբեջանի իշխանությունների կողմից չեն նույնականացվել: «Սա ցուցիչ է, որ Ադրբեջանը իրական բարի նպատակներ չունի հայկական կողմի հանդեպ, հակառակ պարագայում կարող էր հայտնել 80 անձի գերեվարման մասին, կամ եթե արտակարգ պայմաններում նրանք կյանքից զրկվել են, գոնե բարոյական առումով ինքնախոստովաներ այդ մասին»,- նշում է Սահակյանը:

Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների վերաբերյալ իրավական գործընթացին, ապա, ըստ Սահակյանի՝ այն բնականոն հունով է ընթանում, ուղղակի ժամանակը երկար է ձգվում:

«Իրավական գործընթացի արդյունքում մենք պաշտպանում և պաշտպանելու ենք քաղաքական կամայականություններից: Եթե այս բանակցությունների արդյունքում խնդիրները չլուծվեն, Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցների ճակատագիրը չենք թողնելու անհայտության մեջ և, օրինակ՝ առաջիկա 2-3 տարիների ընթացքում կկարողանանք Եվրոպական դատարանի վերջնական դատական ակտերի հիման վրա հասնել նրանց վերջնական ազատ արձակմանը: Հեռանկարներ կան նաև ՄԱԿ-ի դատարանում: Ուղղակի խնդիրը զուտ ժամանակն է: Մեզ համար նախընտրելի է, որ քաղաքական ճնշումը, բանակցություններն արդյունավետ լինեն, որպեսզի իրավական գործընթացներից շուտ լինի մեր տղաների հայրենադարձումը: Բայց, կրկնում եմ՝ եթե դրանք ձախողվեն, միևնույն է՝ ընտանիքները պաշտպանված են, գուցե կկորցնենք ժամանակի մեջ, բայց վերջնարդյունքում կարողանալու ենք իրավունքի ուժով մարդասիրական խնդիրներ լուծել»,- ընդգծում է իրավապաշտպանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am