Գալուզինը հայտարարել է, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա, հարաբերությունների մակարդակի իջեցում չի նախատեսվում. Factor

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո շուտով կվերադառնա Հայաստան, և որ հարաբերությունների խզման մասին խոսք չկա։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Դեսպանին կենտրոնից խորհրդակցության կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է։ Հենց այս պրակտիկայի շրջանակում է խորհրդակցության կանչվել Սերգեյ Կոպիրկինը։ Մենք անցկացրել ենք այդ խորհրդակցությունները։ Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել Սերգեյ Կոպիրկինի վերադարձը Երևան և իր պարտականությունների կատարման վերսկսումը»,- ասել է Գալուզինը։

Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի իջեցման մասին հարցին՝ նա նշել է, որ «դա բացառված է»։

«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել։ Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ»,- հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ միաժամանակ նշելով, որ «լինում են հակասություններ, բայց դա չի նշանակում, որ իջեցնում են հարաբերությունների մակարդակը»։