ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի մասին. Գալուզին

Հայաստանը պետք է մինչև 2026 թվականի դեկտեմբեր որոշում կայացնի համաժողովրդական հանրաքվե անցկացնելու մասին՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը։

Նրա խոսքով՝ հարցը կրկին կքննարկվի ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների դեկտեմբերյան հանդիպման ժամանակ։

«Ակնհայտ է, որ եթե այդ պահին հանրաքվե անցկացնելու կոչը լսված չլինի, առաջնորդները այդ փաստը հաշվի կառնեն հետագա համապատասխան համատեղ քայլերը որոշելիս»,- ասել է Գալուզինը։

ՌԴ փոխարտգործնախարարը հիշեցրել է, որ մայիսի 29-ին Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահների համատեղ հայտարարությունում Հայաստանի եվրոպական ձգտումների համատեքստում նշվել էր՝ երկրում անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում անցկացնել համաժողովրդական հանրաքվե՝ ԵՄ-ին անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով, սակայն կոնկրետ ժամկետ չէր նշվել։

Գալուզինի խոսքով՝ դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում պետությունների ղեկավարներին պետք է ներկայացվի նաև զեկույց՝ Հայաստանի նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների մասին։