«Փաշինյանի քայլը շատ լավ կոչ է, սեր է հայրենիքի նկատմամբ, սեր է բանակի նկատմամբ։ Ես մինչև հիմա պաշտոնյայի կողմից այդպիսի բան չեմ տեսել». Ժաննա Ալեքսանյան

«Փաշինյանի քայլը շատ լավ կոչ է, սեր է հայրենիքի նկատմամբ, սեր է բանակի նկատմամբ։ Ես մինչև հիմա պաշտոնյայի կողմից այդպիսի բան չեմ տեսել». Ժաննա Ալեքսանյան
«Փաշինյանի քայլը շատ լավ կոչ է, սեր է հայրենիքի նկատմամբ, սեր է բանակի նկատմամբ։ Ես մինչև հիմա պաշտոնյայի կողմից այդպիսի բան չեմ տեսել». Ժաննա Ալեքսանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկի՛ն Ալեքսանյան, Նիկոլ Փաշինյանի որդին հայտարարել է, որ ցանկանում է ծառայել Արցախում։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։ Հնարավո՞ր է, որ սա դառնա իսկապես նախադեպ այլ պաշտոնյաների համար, քանի որ նախկինում շատ պաշտոնյաների որդիներ խուսափել են ծառայությունից։

– Ես շատ բարձր եմ գնահատում Փաշինյանի այս քայլը։ Նրա որդու օրինակը շատ բարձր արժեք է ինձ համար։ Հայաստանը կարոտ էր նման վերաբերմունքի, սա պաշտոնատար անձի իրական վերաբերմունք է բանակի նկատմամբ։ Դուք տեսաք, որ նաև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ որդին հուլիսին զորակոչվելու է բանակ։

Ես կարծում եմ, որ այս տեսակ հայտարարությունները, որը մենք երբևէ չենք տեսել, շատ ավելի բան կփոխեն բանակում, քան այն միջոցառումները, որոնց մասին տարիներ շարունակ խոսում են, անում են ինչ-որ բաներ, բայց ոչինչ չի փոխվում։ Ամեն դեպքում բոլորի համար տեսանելի փոփոխություններ մենք չենք տեսնում։ Սա, իհարկե, նշանակում է նաև, որ բոլոր պաշտոնատարների զավակները ծառայելու են։ Փաշինյանը դա ուզեց ասել, որ ես իմ որդուն ուղարկում եմ սահման, դա նշանակում է, որ որևէ մեկը չի կարող խուսափել։

Նաև գնահատելի էր Փաշինյանի կոչը, որ դրսում գտնվողները թող գան, և եթե կա հետախուզում, այդ գործընթացները կմարվեն, և նրանք կգնան ծառայելու։ Ի դեպ, ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ նման մի հայտարարություն եղել էր, բայց մնաց թղթի վրա։ Ես վստահ եմ, որ հիմա կանեն, դա շատ լավ կոչ է, դա սեր է հայրենիքի նկատմամբ, սեր է բանակի նկատմամբ։ Ես մինչև հիմա պաշտոնյայի կողմից այդպիսի բան չեմ տեսել։

– Կարո՞ղ ենք ասել, որ կեղծ պաթոսին եկան փոխարինելու արժանապատվությունն ու սեփական օրինակը, որին սպասում էին բոլորը։

– Ես ուզում եմ արձանագրել, որ Հայաստանում անհետանում է կեղծիքի մթնոլորտը։ Սուտը և կեղծիքը ուղղակի կորչում են այն քայլերի առջև, որոնք արվում են թեկուզ Փաշինյանի վերջին հայտարարությամբ, որ իր որդին ծառայելու է առաջնագծում։ Ընդհանրապես, Փաշինյանն իր հետ բերեց անկեղծություն, ամբողջ շարժումը անկեղծ էր, ու հիմա դա շարունակվում է։

Հենց դա կարողացավ հետ մղել իշխանությունների շարքերում առկա կեղծիքն ու չարիքը։ Երբ հիմա հետ եմ նայում, մտածում եմ՝ ո՞նց էինք ապրում այդ կեղծիքի մեջ, երբ երկրի ղեկավարն ամեն օր ստում էր իր ժողովրդին։ Նույնիսկ հայտարարում էր, թե երկու ժամկետից հետո հեռանալու է, բայց երբ եկավ պահը՝ դրժեց խոստումը և հավակնեց ու դարձավ վարչապետ։

Կամ երբ ծեծում էին ակտիվիստներին, ասում էր՝ էլ չի կրկնվի, բայց հաջորդ օրը կրկնվում էր։ Այնքան սուտ, զազրելի կեղծիք կար, ու հիմա մթնոլորտը մաքրվում է։ Մենք այլևս պետք է մասնակից լինենք այդ մթնոլորտի ձևավորմանը, որ ամբողջ երկիրը մաքրվի, ու մենք անկեղծ հասարակություն ու իշխանություն ունենանք։

– Վերջին օրերին էլի կանոնադրական կանոնների խախտումների հետևանքով զինծառայողներ են մահանում, որոշ դեպքերում սպանությունը ներկայացնում են որպես ինքնասպանություն։ Այս բոլորին, ի վերջո, պե՞տք է լուծում տրվի։ Այս մասով ի՞նչ ակնկալիք ունեք։

– Ես այսօր լսեցի, որ Դավիթ Տոնոյանն ասաց, որ ինքնասպանությունների առումով Հայաստանը զիջում է շատ երկրների, այնտեղ ավելի մեծ թիվ են կազմում այդ դեպքերը։ Գիտեք ինչ, դա մի հայտարարություն է, բայց արդյո՞ք դրանք իրական ինքնասպանություններ են։ Այստեղ շատ մեծ հարցական կա։ Պետք է նաև ասեմ, որ վերջին շրջանում շատացել են, այսպես կոչված, ինքնասպանության դեպքերը, և տեսնել, թե ինչպես են պաշտոնյաները դա որակում։ Ես կարող եմ վստահեցնել, որ դրանք բոլորը կեղծիք են։

Կարծում եմ՝ պաշտպանության նախարարը պետք է հատուկ իր ուշադրության կենտրոնում պահի մահվան դեպքերը, մթնոլորտի փոփոխությունը Հայաստանում, կրիմինալի դեպքերը նվազեն։ Հատուկ անդրադարձ պետք է լինի նաև ՀՀ քննչական կոմիտեին, որ բացահայտումներ անեն, ոչ թե կոծկեն գործերը։ Ինչքա՞ն կարելի է կոծկել, պետք է փոխել զինվորական դատախազներին, որոնք բոլոր գործերը կոծկում են։ ՊՆ-ն պետք է հետևողական լինի, որ եթե զինվորին սպանել են, մինչև վերջ գնա և հասնի նրան, որ իրական մեղավորները պատժվեն։ Քանի դեռ դա չկա, այս դեպքերը շարունակվելու են։ Ես հիմա հայտարարում եմ, որ ինքնասպանության իրական դեպքերը հայոց բանակում չափից դուրս քիչ են։

Մանե Հարությունյան

MediaLab.am